Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի Թանահատ գյուղում Նոր տարին դիմավորել է 3 ընտանիք

Հունվար 02,2014 22:22

Սյունիքի մարզի բարձր-լեռնային, սահմանամերձ Թանահատ գյուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը ձմռան ամիսներին միշտ փակ է լինում: Բացառություն չէր նաեւ այս տարի, մոտ 1 մ 20 սմ ձյունը փակել եւ անանցանելի է դարձրել գյուղ տանող ճանապարհը:

Արտաքին աշխարհից կտրված գյուղում ապրող բնակիչներին ոչինչ չխանգարեց, որպեսզի ջերմությամբ ու ուրախությամբ դիմավորեն Նոր տարին եւ Ամանորի շունչը փոխանցեն նաեւ գյուղին: Սիսիանի տարածաշրջանի Թանահատ գյուղում 2014 թվականը դիմավորեց ընդամենը 3 ընտանիք: Գյուղն արդեն քանի տարի է մշտական բնակիչներ չունի:

Պայմաններից ելնելով՝ դպրոց ու մանկապարտեզ չլինելու եւ ձմռան ամիսներին ճանապարհը փակ լինելու պատճառով, գյուղացիները տեղափոխվել են Սիսիան ու Աշոտավան: Գյուղը դարձել է ժամանակավոր կեցության բնակավայր, բնակիչները գյուղ են գնում միայն բանջարաբոստանային կուլտուրաների մշակման, դաշտավարության գործերի, խոտհունձի եւ բերքահավաքի սեզոններին, իսկ տարվա մնացած սեզոններին իջնում են այլ բնակավայրեր:

«Աշնանը մարդիկ մնացել են իրենց բնակավայրերում ու էլ գյուղ չեն գնացել: Երեք ընտանիք է մնացել գյուղում, նրանց երեխաները փոքր են դպրոց չեն գնում, մնացել են ու անասնապահական ֆերմայում են աշխատում: Ճանապարհն այս սեզոնին միշտ բուքը բերում փակում է: Մեկուկես կմ ճանապարհահատվածը մարդիկ ոտքով իջնում են, հետո ներքեւից տաքսի նստում, որովհետեւ էդ հատվածները մեքենա չի կարողանում բարձրանա», – ասաց Թանահատի գյուղապետ Արսեն Օհանյանը:

Պարոն Օհանյանն անկեղծացավ, որ ինքն էլ Նոր տարին Թանահատում չի դիմավորել: Ինքն Աշոտավան գյուղից է, 17 տարի ապրել է Թանահատում, բայց գյուղում դպրոց չլինելու պատճառով մյուսների պես իր ընտանիքի հետ տեղափոխվել է Աշոտավան: Չորս տարի է գյուղապետ է ու արդեն չորրորդ տարին է ավանդույթ է ձեւավորել գյուղում. գյուղապետարանի բյուջեով տարբեր բնակավայրերում հաստատված, բայց Թանահատում գրանցված թանահատցիներին որպես ամանորյա նվեր Նոր տարվա տոպրակներ է բաժանում:

Գյուղապետը ցավով է նշում, որ նախկին աշխույժ գյուղից գրեթե դատարկ գյուղ է մնացել եւ չի բացառում, որ մոտ ապագայում գյուղի ներկայիս 12 բնակիչներն էլ նույն խնդիրներից ելնելով լքեն գյուղը: Թանահատի գյուղապետը Նոր տարվա կապակցությամբ ուներ իր բարեմաղթանքը՝ ուղղված ողջ հայությանը:

«Ցանկանում եմ, որ աշխարհի տարբեր վայրերում գտնվող երեխաները վերադառնան իրենց ծնողների մոտ, որպեսզի ընտանիքներն ամրանան, զարգանան, դպրոցներն ու մանկապարտեզները գործեն, բնակավայրերը միշտ բնակեցված լինեն ամուր ընտանիքներով: Եթե ընտանիքն ամուր է, ամուր է նաեւ պետությունը: Պետության ամրությունը կախված է ընտանիքի ամրությունից, ուստի ողջ հայությանն ու Հայաստանին մաղթում եմ ապրեն բարգավաճ կյանքով եւ ամուր պետությունում», -մաղթեց գյուղապետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` moyaltay.moy.su-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031