Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը ճիշտ ու համարժեք պատասխան է տվել Ուկրաինային». քաղաքագետ

Ապրիլ 01,2014 17:47

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեկնաբանելով մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից Ուկրաինայի հարցով բանաձևին դեմ քվեարկելը, որով մեր երկիրը չի ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անօրինական է համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն՝ ասաց. «Մենք ոչ մի պարտականություն չունենք Ուկրաինայի նկատմամբ, առավել ևս՝ բարոյական առումով, որովհետև Ուկրաինան ի սկզբանե, ինչ իր անկախությունը հռչակել է, միշտ վարել է բացեիբաց հակահայկական քաղաքականություն: Մեր, կոպիտ ասած, արևմտամետ կողմնորոշում ունեցող մեկնաբաններին կառաջարկեմ ավելի զուսպ լինել ու այստեղ արևմտամետ ու ռուսամետ լինելը կողքի դնել: Եկեք ճիշտն ասենք, թե Ուկրաինան վերջին 22-23 տարիների ընթացքում ինչպիսի արտաքին քաղաքականություն է դրսևորել կոնկրետ Հայաստանի նկատմամբ: Մանրամասն չեմ ուզում թվարկել, ուղղակի հիշեցնեմ` սկսած հանրաճանաչ վարձու օդաչու, մարդասպան Յուրի Բելիչենկոյից, որը գերևարվեց հայերի կողմից նրա ինքնաթիռը խփելուց հետո: Դա այն մարդն էր, որը միջազգային կանոններով արգելված, կասետային ռումբեր էր նետում Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի վրա: Եվ պետք չէ մոռանալ, թե ինչպիսի ռազմական-ստրատեգիական գործընկերություն էր հաստատվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև: Ուկրաինան վերջին 20 տարիներին`1993-2013 թվականը ահռելի քանակությամբ զենք և զինամթերք է առաքել Ադրբեջանին»:

Ըստ մեր զրուցակցի, դիվանագիտական դաշտում ևս Ուկրաինան միշտ հակահայկական դիրքորոշում է ունեցել: «Ուկրաինան ՎՈՒԱՄ` Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-_Մոլդովա կազմակերպության ակտիվ անդամներից էր, որը միշտ հակահայկական դիրքորոշում է դրսևորել այդ կազմակերպության մեջ ստորագրվող բոլոր հայտարարությունների տակ: Ուկրաինայի պատգամավորները ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում միշտ էլ հակահայկական կողմնորոշում ունեն և քվեարկում են հակահայկական բանաձևերի տակ:

Եվ ամենակարևորը՝ 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Ադրբեջանի կողմից առաջադրված թիվ 62243 բանաձևը, որը բացեիբաց հակահայկական էր: Երեկ ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին, ես չեմ ուզում նշել, որ նա միտումնավոր կեղծեց իրականությունը կամ ստեց, մարդ է, կարող է մոռացել է, բայց հարկ եմ համարում պարոն Բոժկոյին հիշեցնել, որ այդ հայտարարությանը 39 կողմ քվեարկած պետությունների կողքին Ուգանդան էր, Վրաստանն էր, Մոլդովան, Ուկրաինան և Սերբիան էին: Ի դեպ, 39-ից ընդամենը 5-ն էին քրիստոնյա երկիր:

Ուգանդային մի կողմ ենք դնում, որովհետև այստեղ բացեիբաց երևում է խավիարանավթային դիվանագիտությունը, իսկ Վրաստանը, Մոլդովան և Սերբիան ունեին տարածքային խնդիրներ իրենց մեջ, որը իբր թե նման է Լեռնային Ղարաբաղի խնդրին, դրա համար էին քվեարկել Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթին կողմ: Ինձ զարմացնում է Ուկրաինայի տարբերակը, իսկ ինչո՞ւ Ուկրաինան, վերջինս երբևիցե տարածքային խնդիրներ չի ունեցել և մինչ այս Ղրիմի հարցը ծագելը վատ հարաբերություններ չի ունեցել ՀՀ-ի հետ:

Ալեքսանդր Բոժկոն երեկ համոզում էր, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը ևս կողմ է քվեարկել Ադրբեջանի ներկայացրած փաստաթղթին, սուտ է, այդպիսի բան չկա. Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, Մինսկի խմբի անդամ-երկրները ոչ միայն կողմ չեն քվեարկել կամ ձեռնպահ, այլ բացեիբաց դեմ են եղել: Այդ որոշմանը դեմ են քվեարկել 7 երկիր`Անգոլան, Հայաստանը, Հնդկաստանը, ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Այսինքն` Մինսկի խմբի երեք համանախագահները, որոնք միևնույն ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներ են, 3-ն էլ դեմ են քվեարկել:

Ես կառաջարկեմ հայ մեկնաբաններին այդքան չուրախանալ, որ Ղրիմի պահով Սոմալիի կողքին Հայաստանն է նաև կողմ քվեարկել, ի՞նչ կա դրա մեջ, Ադրբեջանի կողքին քվեարկում էր նույն Սոմալին, նույն Կոմորյան կղզիները` կորած, մոլորված, նույն Տուվալու անունով պետությունը, որին քարտեզի վրա չես էլ կարող գտնել: Այնպես որ, պետք չէ հեգնել Հայաստանի կողմ քվեարկելը, այո, սա համարժեք պատասխան էր Ուկրաինային իր հակահայկական կեցվածքի համար մինչև հիմա: Մեր արտաքին գործերի նախարարությունը միշտ էլ շատ թույլ է եղել այս առումով: Այ, երբ որ մենք էլ 2008 թվականին նոտաներ ուղարկեինք Ուկրաինայի արտգործնախարարությանը կամ կանչեինք իրենց դեսպանին և պահանջեինք, որ բացատրություն տար, թե ինչից դրդված է Ուկրաինան հակահայկական որոշումների տակ ստորագրում, երբ որ մենք էլ, կոպիտ ասած, հիստերիայի մեջ ընկնեինք և մեր դեսպանին հետ կանչեինք Կիևից Երևան, վայնասուն դնեինք, շատ լավ կլիներ: Այդ ինչո՞ւ Ուկրաինան վայնասուն չի դնում մյուս պետությունների պահով, կոնկրետ Ղազախստանի, ես էդպիսի բան չեմ նկատել կամ ո՞վ է Ուկրաինայի նախագահի թեկնածու Տյագնիբոկը, որ հանկարծակի մեզանից պահանջի, որ մենք պատասխան տանք, թե ինչո՞ւ ենք դեմ քվեարկել: Լավ ենք արել, քվեարկել ենք»:

Ըստ քաղաքագետի, Հայաստանն արդեն պաշտոնապես պետք է հայտարարի, որ Ղրիմի դեպքը շատ նման է Լեռնային Ղարաբաղի խնդրին, քանի որ եթե ԼՂՀ-ն 1921 թվականին Ստալինի ցանկությամբ բռնակցվեց Ադրբեջանին, նույնն էլ 1954 թվականին Ղրիմը` մեկ մարդու ստորագրությամբ, ազգությամբ ուկրաինացի Խրուշչովի ցանկությամբ բռնակցվեց Ուկրաինային` անջատվելով Ռուսաստանից: «Ինչպես և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիներն ամեն ինչ անում էին, որպեսզի ասիմիլյացիայի ենթարկեին հայերին կամ նվազեցնեին հայերի թիվը.1921 թվականին հայերը կազմում էին բնակչության 95 տոկոսը, 1988 թվականին արդեն 75 տոկոսն էին, արդեն դրան հասել էին, որ 20 տոկոս պակասեցրել էին, նույնը Ղրիմի պարագայում էին անում ուկրաինական իշխանությունները: Անընդհատ ասում էին Ղրիմի թաթարներին աքսորել են, Ղրիմի հայերին էլ են աքսորել, հույներին էլ են աքսորել, հրեաներին էլ, մեծ քանակությամբ ռուսներին էլ են աքսորել: Ինչի միայն թաթարնե՞րն են տուժել, թաթարները կազմում են Ղրիմի բնակիչների 12 տոկոսը ու նրանք 3-րդ էթնիկ խումբ են էնտեղ, և բնակչության 60 տոկոսից ավելի կազմող ռուսները իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել, թե որտեղ են իրենք ուզում ապրել, առավել ևս, երբ Ղրիմի բռնակցումը Ուկրաինային եղել է մեկ մարդու ցանկությամբ», -ասում է քաղաքագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nver says:

    ինչ եք կուչ եկել կարծես պտի հանուն Ադրբեջանի անդավաճան դաշնակցի դավեինք Ռուսաստանին ու մեզ համար պռոբլեմ ստեղծեինք

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930