Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց Ռուսաստանի շահերից չի բխում դա». Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի պրոֆեսորը՝ ՀՀ-ին աշխարհաքաղաքական ընտրություն կատարել շտապեցնելու առիթով

Հուլիս 13,2026 12:30 Share

Ըստ Աննա Օհանյանի՝ հենց Ռուսաստանի վարած քաղաքականությունն է Հայաստանին դրդում ավելի արագ բազմայնացնել իր արտաքին քաղաքականությունն ու տնտեսական հարցերը։

«Ռուսաստանից և ընդհանրապես որևէ երկրից այդքան կախվածություն ունենալը փոքր պետության համար շատ ռիսկային է՝ անկախ նրանից՝ խոսում ենք Ռուսաստանի, թե Ֆրանսիայի կամ այլ երկրի մասին»,-«Առավոտի» դիտարկմանը՝ այն, որ ԵՄ-ից բարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, թե կարող եք մեզ վրա հույս դնել և հարցին՝ ԵՄ-ի ներկայիս աջակցությունը ՀՀ-ին բավարա՞ր է ՌԴ-ի սահմանափակումներին դիմակայելու համար, այսպես պատասխանեց Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի Ռիչարդ Բ. Ֆիննեգանի անվան քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր, «Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտնական Աննա Օհանյանը։

Հիշեցնենք՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս ՀՀ կատարած այցի շրջանակներում հայտարարել էր, որ ՀՀ-ն կարող է ԵՄ-ի վրա հույս դնել և նշել. «Գիտեմ, որ ՀՀ-ն դեռ բախվում է նշանակալի տնտեսական ճնշման ՌԴ-ի կողմից՝ համարյա տնտեսական բռնության։ Վստահ եղեք՝ երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում։ Նախ` դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնություն ամրացնելու և բազմազանեցնելու ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն։ Այս 18 միլիոն եվրոն այն 52 միլիոն օժանդակության փաթեթի վերջնական մասն է։ Մենք ևս մեկ քայլ ենք անում. առաջարկ ենք ներկայացնում ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է՝ կազատականացվի ՀՀ արտահանումների 80 տոկոսը դեպի ԵՄ։ Սա նշանակում է, որ 80 տոկոսը ձեր առևտրի մեզ հետ սակագների ենթակա չի լինի։ Սրանով կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք այժմ ռուսական շուկային են ապավինում։ Այս միջոցները համարյա 99 տոկոսով կբացեն ԵՄ շուկայի դռները ՀՀ թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի և բուսական ծագման արտադրանքների համար, որոնք մինչ այս ՌԴ էին արտահանվում, նաև խմիչքների և ոգելից խմիչքների համար»։

Ըստ Աննա Օհանյանի՝ հենց Ռուսաստանի վարած քաղաքականությունն է Հայաստանին դրդում ավելի արագ բազմայնացնել իր արտաքին քաղաքականությունն ու տնտեսական հարցերը. «Ցավալի է, որ ՀՀ-ն այն երկրներից է, որ իր ժողովրդավարական զարգացումը կատարել է ՌԴ-ի անվտանգային ուղեծրում։ Ժողովրդավարացման ակունքները Հայաստանի համար տեղական են։ Հետաքրքիր է, որ Պուտինն է այս ընտրության հարցը դնում ՀՀ-ի առաջ։ Պուտինը կարծես ՀՀ-ին ստիպում է կատարել այդ ընտրությունը, մինչդեռ Հայաստանն ասում է, որ փաստ է՝ այս փուլում ՀՀ-ի անդամակցությունը եվրասիական համայնքում չի հակասում ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ խորացող կապերին։ Չեմ կարծում, թե ՀՀ-ն ընտրություն ունի այստեղ, բայց ընդունելի չի կարող լինել այն, որ Պուտինը մատ թափ տվեց, ուրեմն եվրոպացիների հետ չեն հարաբերվում։ Դա աշխատող սցենար չէ այս աշխարհում։ Ցանկացած փոքր պետություն պետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները»։

Օրինակ բերելով Հարավային Կորեայի և Չինաստանի հարաբերությունները՝ ԱՄՆ-ի հետ դաշնակցային կապերը հաշվի առնելով, Աննա Օհանյանն ասաց. «Հարավային Կորեան ԱՄՆ-ի խորը դաշնակիցն է, կապված է խորը կապերով, բայց զուգահեռ շարունակում է Չինաստանի հետ տնտեսական կապերը, որն ԱՄՆ-ի հետ մրցակցության մեջ է։ Չինաստանը չի ասում Հարավային Կորեային՝ մի խորացրու կապերդ ԱՄՆ-ի հետ։ Չինաստանն, ի տարբերություն ՌԴ-ի, շատ ավելի հասուն խաղացող է։ Կապերը Չինաստանի ու Հարավային Կորեայի մեջ խորն են, և Հարավային Կորեայում հասկանում են, որ իրենց տնտեսությունն աճել է, քանի որ Չինաստանի տնտեսությունն է աճել։ Այն, ինչ Չինաստանն անում է Հարավային Կորեայի հետ հարաբերություններում, չի կարող համեմատվել, թե ինչ է անում ՌԴ-ն իր դաշնակցի հետ»։

Մեր դիտարկմանը՝ նաև հնարավոր չէ համեմատել այն, թե ինչ կախվածություն ունի ՀՀ-ն ՌԴ-ից, Աննա Օհանյանն արձագանքեց. «Հարավային Կորեա-Չինաստան տնտեսական կապերը շատ խորն են, ՀՀ-ՌԴ կապերն էլ են խորը։ Բայց Ռուսաստանը նավթային պետություն է, իր ինտեգրվածությունը միջազգային տնտեսության մեջ այդքան էլ կարևոր չեն նրա համար։ Պուտինը վաղուց տնտեսությունը փորձել է պատրաստել այնպես, որ միջազգային տնտեսությունն իր վրա չազդի, իսկ դա հակառակ է ՀՀ-ի նման փոքր պետության շահերին։ Իհարկե, Չինաստանն էլ ավտորիտար երկիր է, բայց այն միջազգային տնտեսության մեջ աճած երկիր է, հետաքրքրված է այդ կապերով, ուստի երբ համեմատում եք ՌԴ-ի վարած քաղաքականությունը և Չինաստանի վարածը, պարզ է դառնում, որ ՌԴ-ի վարած քաղաքականությունը շատ կարճատես է Հայաստանի նկատմամբ»։

Փաստմանը՝ ՌԴ-ից անընդհատ Հայաստանին շտապեցնում են աշխարհաքաղաքական վեկտորի ընտրություն կատարել՝ պատճառաբանելով, թե ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությանը հակասում է ԵՄ-ի հետ ինտեգրումը և հարցին՝ ինչքա՞ն է հնարավոր ձգել այդ պահը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինձ թվում է՝ դժվար է ասել՝ Ռուսաստանի շահերից չի բխում դա»։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել էր՝ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից։ ՀՀ-ՌԴ հարաբերությունների առիթով Աննա Օհանյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Ինձ թվում է՝ ՌԴ ներսում տնտեսությունը թուլացած է, քաղաքական իրավիճակը ծանր, երկիրը կառավարվում է նույն ղեկավարի կողմից արդեն 26 տարի, դա համակարգի ճկունության մասին չի խոսում։ ՌԴ-ն ուշ թե շուտ կհարմարվի, քանի որ ՀՀ-ն չի ասում՝ խզում է կապերը ՌԴ-ի հետ։ Աշխարհագրությունը չես փոխի։ ՌԴ-ն ընտրություններից առաջ փորձում էր ազդել ընտրողի վրա, ընտրություններից հետո էլ կարծես ժամանակ է պետք, որպեսզի նորից կարգավորվի։ Կարծես թե նոր կետ են գտնելու, չեմ կարծում, թե հայ-ռուսական հարաբերությունները վերադառնան նախկինին, բայց դա ինտենսիվ դիվանագիտություն է պահանջելու ՀՀ-ի կողմից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել