«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։
-Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում որոշեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 284.4 մլն ԱՄՆ դոլար ներգրավել, որը, ըստ կառավարության, նպատակաուղղված է շուրջ 109 000 տեղահանված անձանց բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը։ Այդ թվում՝ 24 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ են հատկացվելու։ Որքանո՞վ եք արդյունավետ համարում այս միջոցների ներգրավումը, եթե հաշվի առնենք, որ արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրից բազմաթիվ դժգոհություններ կան։
-Այն, որ Հայաստանին հաջողվում է միջազգային գործընկերների աջակցությամբ ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ արցախցիների բնակարանային խնդիրների լուծման համար, դա կարելի է գնահատել որպես դրական հնարավորություն։ Սակայն հարցը ոչ թե ներգրավված գումարի չափն է, այլ այն, թե որքանով են այդ միջոցները հասնում իրենց հասցեատերերին և լուծում մարդկանց խնդիրները։ Այսօր արդեն կա բնակապահովման ծրագրի իրականացման որոշակի փորձ, և այդ փորձը ցույց է տալիս, որ բազմաթիվ ընտանիքներ շարունակում են բախվել ծրագրից օգտվելու դժվարությունների։ Եթե այդ խոչընդոտները չվերանայվեն, ապա նույնիսկ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը չի ապահովի ակնկալվող արդյունքը։ Ուստի, անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ծրագրի ֆինանսական ռեսուրսները, այլ վերանայել դրա առանձին չափորոշիչները, բարձրացնել հասանելիությունը և ապահովել, որ ծրագրից կարողանան օգտվել այն ընտանիքները, որոնք դրա կարիքն իսկապես ունեն։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային հարցը միայն սոցիալական խնդիր չէ։ Այն մարդկանց Հայաստանում մնալու, արժանապատիվ կյանք կառուցելու և ապագայի նկատմամբ վստահություն ձևավորելու կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Յուրաքանչյուր ներգրավված դրամ պետք է ծառայի հենց այդ նպատակին։
Կարդացեք նաև
-Ավելի վաղ արցախցիները հանդես էին եկել միջազգային դոնոր համաժողով կազմակերպելու առաջարկով, որի միջոցներով հնարավոր էր լուծել բռնի տեղահանվածների սոցիալական ու բնակարանային խնդիրները։ Հայաստանի կառավարությունը մերժեց այս հարցում աջակցել արցախցիներին, փոխարենը վարկային միջոցներ է ներգրավում։ Սա ինչպե՞ս հասկանալ։
-Միջազգային դոնոր համաժողովի անցկացումը հնարավորություն կտար համախմբել միջազգային գործընկերների, բարեգործական կազմակերպությունների, դոնորների աջակցությունը և կարող էր դառնալ կարևոր լրացուցիչ գործիք՝ Արցախից բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալական և բնակարանային խնդիրների լուծման համար։ Ցավոք, այդ առաջարկը գործնական ընթացք չստացավ։ Իսկ թե ինչու է ընտրվել այլ մոտեցում՝ ավելի ճիշտ կլինի գնահատեն այդ որոշումն ընդունած պետական մարմինները։
Ինչ վերաբերում է վարկային միջոցների ներգրավմանը, ապա ինքնին դա չի կարելի գնահատել բացասաբար, եթե այդ միջոցներն արդյունավետ են օգտագործվում և ծառայում են մարդկանց իրական խնդիրների լուծմանը։ Բայց նման մասշտաբի մարտահրավերի պայմաններում պետք է օգտագործվեին բոլոր հնարավոր միջազգային մեխանիզմները, այդ թվում՝ դոնոր համաժողովի ձևաչափը։ Վերջիվերջո, եթե գոյություն ունի հնարավորություն ներգրավել անհատույց միջազգային աջակցություն, այն պետք է լիարժեք օգտագործվի։ Իսկ եթե անհրաժեշտ է նաև լրացուցիչ ֆինանսավորում, այն նույնպես պետք է ծառայի նույն նպատակին՝ ապահովելու Արցախի բռնի տեղահանված բնակչության արժանապատիվ կյանքն ու երկարաժամկետ կայունությունը Հայաստանում։ Այստեղ առաջնայինը ոչ թե ֆինանսավորման աղբյուրն է, այլ արդյունքը՝ որքանո՞վ են կայացվող որոշումները նպաստում մարդկանց խնդիրների լուծմանը։
–Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, ըստ կառավարության ներկայացրած թվերի, հավաստագիր է ստացել 6125 ընտանիք, որից 2835-ն իրացրել է դրանք։ Այս ցածր թվերն ինչի՞ մասին են վկայում։
-Այս թվերը, կարծում եմ, առաջին հերթին հուշում են, որ անհրաժեշտ է խորությամբ վերանայել, թե ինչո՞ւ ծրագրի շահառուների զգալի մասը չի կարողանում այն հասցնել մինչև վերջնական արդյունքի։ Անշուշտ, յուրաքանչյուր ընտանիք, որը ծրագրի միջոցով կարողացել է լուծել իր բնակարանային հարցը, դրական արդյունք է։ Սակայն, եթե երկու տարվա ընթացքում հավաստագիր ստացած ընտանիքների զգալի մասը դեռևս չի կարողացել իրացնել այն, նշանակում է՝ առկա են խոչընդոտներ, որոնք պետք է բացահայտվեն և վերացվեն։ Իսկ խնդիրները տարբեր են՝ սեփական մասնակցության ֆինանսական բեռ, վարկավորման սահմանափակ հնարավորություններ, անշարժ գույքի գների աճ, ինչպես նաև ծրագրի առանձին չափորոշիչներ, որոնք ոչ բոլոր ընտանիքների համար են իրագործելի։
Այս թվերը նաև հետադարձ կապ են ծրագրի արդյունավետության վերաբերյալ։ Եթե հազարավոր ընտանիքներ դեռևս չեն կարողանում օգտվել իրենց տրված հնարավորությունից, ապա դա նշանակում է, որ ծրագրի որոշ պայմաններ վերանայման կարիք ունեն։
Մեր նպատակը որևէ ծրագիր քննադատելը չէ։ Մենք ցանկանում ենք, որ պետական աջակցությունը գործնականում լինի հասանելի յուրաքանչյուր ընտանիքի համար, որն այսօր դրա կարիքն ունի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































