Կառավարության՝ սեփականության օտարման վերաբերյալ որոշումները, որոնց նպատակն է ապահովել հանրության գերակա շահը, կարևոր ազդեցություն են ունենում մարդկանց սեփականության իրավունքի և կենսապահովման վրա։ Այդ պատճառով քաղաքացիական հասարակությունը շարունակաբար պահանջում է ամրապնդել այդ իրավունքների պաշտպանությունը, բարձրացնել որոշումների թափանցիկությունը և ապահովել, որ որոշումները կայացվեն հանրության հետ բովանդակալից խորհրդակցության արդյունքում։ Հանրային քննարկումների նոր կանոնների ընդունումը սեփականության օտարման ընթացակարգում կարևոր քայլ է այս ուղղությամբ, այն գործնականում կիրառելի է դարձնում «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում վերջերս կատարված փոփոխություններն ու լրացումները՝ հանրային մասնակցության մասով։
Ընդունված փոփոխությունների նպատակը և բովանդակությունը
2026 թվականի հունիսի 18-ին կառավարության թիվ 880-Ն որոշմամբ փոփոխություններ կատարվեցին հանրային քննարկումների կազմակերպման ու անցկացման կարգը սահմանող որոշման մեջ։ Այս փոփոխություններով սահմանվեց հանրային քննարկումների հատուկ ընթացակարգ՝ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումների նախագծերի համար։ Փոփոխությունները բխում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում 2026 թվականի փետրվարին կատարված փոփոխություններից, որոնցով նման որոշումների համար սահմանվեց հանրային քննարկումների պարտադիր պահանջ։ Այս պահանջը սահմանվեց քաղաքացիական հասարակության շարունակական ջատագովության արդյունքում։
Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման որոշումների նախագծի դեպքում փոփոխված կարգը սահմանում է հետևյալ պահանջները՝
Կարդացեք նաև
Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման որոշումների նախագծի դեպքում փոփոխված կարգը սահմանում է հետևյալ պահանջները՝
● սահմանված կարգով հանրային քննարկումներից բացի պարտադիր է նաև հանրային լսումների անցկացումը,
● որոշման նախագծից բացի պետք է հրապարակվեն նաև այն փաստաթղթերը, որոնք հիմնավորում են հանրության գերակա շահի առկայությունը և օտարման նպատակը (քաղաքաշինական, ներդրումային կամ այլ ծրագրեր, հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների սխեմաներ ու հատակագծեր և, առկայության դեպքում, այլ անհրաժեշտ նյութեր),
● հանրային լսման մասին հայտարարությունը պետք է հրապարակվի ոչ միայն լսումն իրականացնող մարմնի պաշտոնական կայքում և e-draft.am հարթակում (իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք), այլև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում, սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու լիազոր մարմնի և օտարվող գույքի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում,
● հանրային լսումներին պետք է ներգրավվեն նաև ձեռք բերողը (եթե դա պետությունը կամ համայնքը չէ), օտարման ենթակա սեփականության սեփականատերը, սեփականությունը փաստացի տիրապետողները և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող այլ անձինք։
Այս փոփոխություններն արտացոլում են ոլորտային քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության շարունակական ջատագովության արդյունքները։ 2026 թվականի մայիսի 8-ին որոշման նախագծի հրապարակումից հետո մի խումբ ՔՀԿ-ներ մանրամասն կարծիք ներկայացրին՝ հանրային իմաստալից մասնակցության բարելավման վերաբերյալ առաջարկություններով։ Այս առաջարկությունները քննարկվել են նաև ՀՀ արդարադատության նախարարության հետ՝ նախագծի վերաբերյալ հանդիպման ընթացքում։
Ընդունված որոշման մեջ ներառվել են այդ առաջարկություններից մի քանիսը։ Մասնավորապես, կառավարությունը սահմանել է որոշման նախագծի հետ միասին օժանդակ փաստաթղթեր հրապարակելու պահանջ. դրանք են՝ քաղաքաշինական, ներդրումային կամ այլ ծրագրերը, առկայության դեպքում՝ քարտեզները, տեղանքի հատակագծերն ու այլ նյութեր, որոնք տեղեկություններ են տալիս հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների մասին։ ՔՀԿ-ները նաև առաջարկել էին իրավասու մարմնի համար հստակ պարտավորություն սահմանել՝ քննարկելու և հիմնավոր պատասխան տալու ոչ միայն գրավոր, այլև հանրային լսումների ընթացքում հնչած բանավոր դիտողություններին ու առաջարկություններին։ Այս առաջարկը ևս ընդունվել է։
Այս փոփոխությունները բարելավում են գործընթացի թափանցիկությունը և օգնում շահագրգիռ կողմերին ծանոթանալ սեփականության օտարում նախատեսող որոշումների հիմքում ընկած փաստաթղթերին։ Միևնույն ժամանակ, որոշ առանցքային առաջարկություններ չեն ընդունվել։
Կառավարության որոշմամբ հանրության մասնակցություն նախատեսված չէ գործընթացի նախնական փուլում, երբ հենց գնահատվում է հանրության գերակա շահի առկայությունն ու հիմնավորվածությունը։ Բացակայում է նաև այլընտրանքային տարբերակներ ներկայացնելու ու քննարկելու պահանջը. դա հնարավորություն կտար առաջարկել ավելի քիչ ներազդող լուծումներ կամ սեփականության օտարում չնախատեսող տարբերակներ։ Այսպիսով, թեև նոր իրավական կարգավորումները սահմանում են կարևոր ընթացակարգային երաշխիքներ, իմաստալից մասնակցություն ապահովելու տեսանկյունից դրանց արդյունավետությունը մեծապես կախված կլինի դրանց գործնական կիրարկումից։
Հետագա քայլեր
Կառավարության թիվ 880-Ն որոշմամբ ամփոփվում է հանրության գերակա շահի ոլորտում ընթացող բարեփոխումների այս փուլը և ապահովվում է պարտադիր հանրային քննարկումների անցկացման համար անհրաժեշտ ընթացակարգային շրջանակը։
Հաջորդ փուլը նոր կարգավորումների գործնական կիրարկումն է։ ՔՀԿ-ներից ակնկալվում է վերահսկել, թե արդյոք հանրային քննարկումներն ու լսումներն անցկացվում են ժամանակին՝ ներառական և թափանցիկ կերպով, և թե որքանով են քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն իրապես ազդում կառավարության որոշումների վրա։ Կարևոր կլինի նաև շարունակական մոնիտորինգը՝ գնահատելու համար, թե արդյոք անհրաժեշտ կլինեն լրացուցիչ օրենսդրական կամ ենթաօրենսդրական կարգավորումներ՝ հանրային մասնակցությունը բարելավելու և սեփականության իրավունքի պաշտպանությունն ավելի արդյունավետ ապահովելու համար։


















































