Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարար. «Մայրական մահացությունները շատ խիստ են հսկվում». (Տեսանյութ)

Մայիս 30,2014 19:01

Այսօր Ազգային ժողովում 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելուց հետո առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանեց լրագրողների հարցերին:

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ է արվել Գյումրիում երեկ գրանցված հետծննդյան մահվան դեպքի կապակցությամբ՝ մահացել էր  երրորդ երեխան ունեցող 38-ամյա Կարինե Պապանյանը, նախարարը պատասխանեց. «Ցավոք, այո, այդպիսի դեպք է տեղի ունեցել: Գիտեք, որ մայրական մահացությունը խիստ հսկվում է, եւ դեպքին հաջորդող իրադարձությունները զարգացել են հետեւյալ կերպ. անմիջապես նախարարությունից խումբ է ձեւավորվել գլխավոր գինեկոլոգ մանկաբարձ պրոֆեսոր Աբրահամյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի՝ ուսումնասիրելու բոլոր փաստերը: Այդ քննարկումը կրել է նախնական բնույթ: Վերջնական քննարկվելու է առողջապահության նախարարությունում՝ հատուկ նիստում: Մայրական մահացության բոլոր դեպքերը քննարկվում են նախարարությունում: Լինելու է շատ խիստ մոտեցում: Այդ օրը եւս երկու դեպք Գյումրիում՝ կապված ծննդաբերությունից հետո բարդության հետ, իրենց ուշադրության կենտրոնում են եղել. կանանցից մեկը միանգամից վիրահատվել է, որից հետո երկուսն էլ տեղափոխվել են Երեւան՝ երրորդ կարգի ռեանիմացիայի համար»:

Նկատենք, որ «Առավոտին» երեկ Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանն ասել էր, թե Կարինե Պապանյանի մահվան դեպքը համընկել է հանրապետության գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձի այցի հետ, իսկ Ռազմիկ Աբրահամյանը եկել էր Ախուրյանի ծննդատանը գրանցված մեկ այլ ծանր դեպքի հետքերով:

«Լրագրի» հարցին, թե արդեն պա՞րզ է՝ մահը եղել է բժշկի մեղքո՞վ, թե ոչ, եւ ո՞րն է մահվան պատճառը, նախարարը պատասխանեց, որ մեղքը կարող են որոշել միայն դատական մարմինները, իսկ նախնական վարկածով՝ մահվան պատճառը հարպտղային ջրերի էմբորիան է, որը հազվագյուտ է պատահում, բայց կայծակնային ավարտ է ունենում:

Ամեն դեպքում, դա առայժմ նախնական վարկած է, իսկ վերջնական արդյունքները հայտնի կդառնան պաթոհիսթոլոգիական, պաթանատոմիական վերջնական վերլուծությունից հետո:

Ինչ վերաբերում է այն խնդրին, որ մարզերում առողջապահական հիմնարկներում վիճակը ողբալի է, իսկ ծննդաբերող կանանց չեն թողնում գալ Երեւան, արդյունքում այսպիսի դեպքեր են լինում, նախարարը նկատեց, որ այս ողբերգական դեպքը չպետք է կապել մարզերի վիճակի հետ: Առավել եւս՝ Գյումրիի, որովհետեւ Գյումրիում եւ կադրային եւ նյութատեխնիկական լուրջ հագեցվածություն կա: «Մարզերը պետք է համաչափ զարգանան, եւ այն հիանալի բժշկական կենտրոնները, որ կառուցել եւ հագեցրել ենք մարզերում, իրենց նպատակին պիտի ծառայեն»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031