Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուն պայմանագիր չի կնքել, բայց պարտադիր սոցվճարն արել է (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 17,2014 17:19

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը քննարկում էր կազմակերպել Հայաստանում աշխատանքային իրավունքի վերաբերյալ. որքանով են օրենքն ու համապատասխան կառույցները պաշտպանում աշխատողներին, օրենքը միջազգային նորմերին համապատասխանո՞ւմ է, կամ ինչ խախտումներ են արձանագրվում ոլորտում:

Քննարկման ժամանակ ներկայացվեցին Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ ուսումնասիրված եւ հրապարակված հետազոտությունները:

Ըստ հետազոտություններից մեկի, ամենատարածված խախտումներից մեկը պայմանագրի բացակայությունն է, ընդ որում, առանց պայմանագրերի աշխատում են հատկապես հանրային սննդի օբյեկտներում, առանց պայմանագրի են աշխատում տաքսիների շատ վարորդներ:

Ուսումնասիրությունը պարզել է, որ ՀՀ քաղաքացիները հաճախ դե ֆակտո լինելով աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուի հետ, դե յուրե կատարում են անօրինական աշխատանք գործատուի համար: Ոլորտն ուսումնասիրողները դեպքեր են գրանցել, երբ գործատուն չի կնքել պայմանագիր աշխատողի հետ, սակայն վճարել են նրա պարտադիր սոցիալական վճարները:

Տաքսի ծառայությունների ոլորտում էլ հիմնականում վարորդների հետ գործատուները պայմանագիր չեն կնքում. Հետազոտության ժամանակ մի քաղաքացի, որը 10 տարի 4 տարբեր ընկերություններում աշխատել է տաքսիի վարորդ, երբեւէ աշխատանքային պայմանագիր չի կնքել: Այս վարորդը հետազոտությունն իրականացնողներին ասել է. «Պայմանագիրը ձեւական բան ա, ինձ համար կարեւորը սերվիսի տերը նորմալ վերաբերմունք ցուցաբերի, ավտոն ձեռիցս չվերցնի, էդքան բան: Հիմա ընենց ա, որ էդ պայմանագրին բանի տեղ դնող էլ չկա, որ ուզի քեզ գործից հանի, մի օրում կհանի»:

Տաքսի սերվիսների ղեկավարները վարորդներից վերցնում են անձնագրի եւ վարորդական իրավունքի պատճենները եւ բանավոր համաձայնության գալիս:

Ըստ զեկույցի, աշխատողի տվյալները մի շարք դեպքերում գրանցվում են մատյանում, բայց աշխատողը անօրինական աշխատող է: Այս տեսական մատյանները իրավական ուժ ունեն, նշում են փորձագետները, եւ, հնարավորություն են տալիս դատարանում որպես ապացույց ներկայացնել ու վերականգնել խախտված իրավունքները:

Ինչ վերաբերում է խոշոր ձեռնարկություններին, ապա այստեղ, ըստ հետազոտության, վարձու աշխատողների մեծ մասը պայմանագիր ունեցել է, բայց շատերը թերահավատորեն են վերաբերվել պայմանագրին, չեն էլ ծանոթացել իրենց պայմանագրին, ուղղակի ստորագրել են:

Հետազոտության տվյալներով, «Անի» եւ «Նանե» սուպերմարկետներում առանց պայմանագրերի մեծ թվով աշխատատեղեր են եղել նախկինում եւ հիմա. եղել են նաեւ պայմանագրով աշխատողներ, եւ հարկային մարմինների ստուգայցերի ժամանակ գործատուները խանութում թողնում էին միայն գրանցված աշխատողներին:

Քննարկման մասնակիցների հարց ու պատասխանը` տեսանյութում

 

Աշխատանքային իրավունքի խնդիրներին նվիրված այս քննարկման ժամանակ «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչն առաջարկ արեց քաղաքականություն մշակելիս հաշվի առնել նաեւ հաշմանդամների հարցերը եւ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը. «Այսօր հաշմանդամների 8-9%-ն է աշխատում, ոչ ոք լուրջ չի վերաբերվում խնդրին, մինչեւ անձամբ իրեն չի առնչվում»:

Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանն էլ ավելացրեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաեւ այնպիսի խտրականություններին, երբ գործատուները պահանջում են բարետես արտաքինով աշխատողներ:

Մանրամասն`  տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930