Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կժամանի Գյումրի. իշխանավորները նախապատրաստության մեջ են

Հոկտեմբեր 17,2014 14:24

Aravot.am-ի տեղեկություններով, ամսի 22-ին Գյումրի կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամերիկահայ բարերար, բժիշկ Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցը բացելու: Ժապավենը կտրելու: Այստեղ կուսուցանվեն բալետ ու երաժշտություն: Մարզային, քաղաքային իշխանություններն ու ոստիկանությունն այսօրվանից արդեն իսկ լրջորեն նախապատրաստվում են նախագահի ընդունելությանը, որն անձամբ է այդ դպրոցի ժապավենը կտրելու:

Նշենք, որ 1920 թվականին Կ.Պոլսի մերձակա Չիլինգար գյուղում ծնված և 1954 թվականից Նյու Յորքում բնակվող 94-ամյա բժիշկը արվեստի այդ դպրոցը կառուցել է իր քրոջ` Վարդուհու պատվին: Ինչպես ներկայացրեց Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը , քույրը, Հայոց ցեղասպանության ժամանակ իր եղբորը վերցնելով թևի տակ, մի կերպ կարողացել է փրկել փոքրիկ Հովհաննեսի կյանքը: Բժիշկը իր երախտագիտությունը քրոջը հայտնում է նրա պատվին դպրոց կառուցելով: Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցի նաև նրա քրոջ որդին, որը ժամանել է Մեքսիկայից: Դպրոցի բակում կբացվի նաև Վարդուհու կիսանդրին, որի տակ աղբյուր է. ըստ որոշ մեկնաբանների, իմաստն այն է, որ ջուր խմողը խոնարհվի Վարդուհու առաջ:

Նշենք, որ բժիշկը, ուղիղ 10 տարի առաջ վերակառուցելով Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող թիվ 21 դպրոցը` այն իր ծնողների պատվին անվանեց «Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների դպրոց-վարժարան»:

Այստեղ սովորող 50-ից ավելի երեխաներ շարունակական կրթաթոշակ են ստանում: Նշենք նաև, որ այդ դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցելու համար, Շիրակի մարզային իշխանությունները, այդ ժամանակ մարզպետը Ռոմիկ Մանուկյանն էր, տեղահանեցին Գյումրու միակ տպարանը ու «Կումայր»-ի թերթը: Այն հարուցեց բազմաթիվ լրագրողների զայրույթը, չնայած հետագայում պարզվեց` բժիշկն այս պատմությանը բացարձակ տեղյակ չէր:

Իր հարցազրույցներում մեծ բարերարը պատմում է, որ դաժան մանկություն է ունեցել, 2,5 տարեկան է եղել, երբ սովից մահացել է հայրը, 6 ամիս անց՝ քույրը: Հոր մահից հետո տան ամբողջ հոգսը ընկել է մոր ու մյուս քրոջ ուսերին, որոնք հին շորեր են կարկատել՝ գոյատևելու համար: Հովհաննեսը ևս 6 տարեկանից սկսած տքնաջան աշխատել է՝ ընտանիքի հոգսը թեթևացնելու համար: Եվ սա առիթ է հանդիսացել, որ ԱՄՆ տեղափոխված ու կես դար շարունակ բժշկական գործունեություն ծավալած հայը իր վաստակած գումարը ուղղի հայրենիքի բարգավաճմանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Քաղաք պետության մշակութային ցնորքը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031