Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ նախարարությունների ուռճացման մասին՝ իրենց տեղակալներով, մեքենաներով ու քարտուղարներով

Նոյեմբեր 11,2014 14:15

Այսօր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին քննարկման ժամանակ առաջարկեց պետական կառավարման համակարգում օպտիմալացում անել եւ փոքր կառավարություն ունենալ: Ըստ Էդմոն Մարուքյանի, իրավական հիմնավորում չեն ներկայացնում, թե ինչու է կառավարությունն ուզում ԱԻՆ-ը միացնել տարածքային կառավարման նախարարությանը. «Հիմնավորումն ավելի շատ քաղաքական է, քան իրավական: Ամեն նախարարություն ունի 3-4 նախարարի տեղակալ: Հիմա այդ նախարարություններն իրար գումարելիս նախարարն ունենալու է 8 տեղակա՞լ, ի՞նչ է լինելու: Բազմաթիվ հարցեր կան, որ պարզ չեն»:

Էդմոն Մարուքյանը ուսումնասիրել էր, թե ինչքան ուռճացված է մեր պետական կառավարման համակարգը. «Ունենք 18 նախարարություններ եւ առընթեր մարմիններ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ 4 տեղակալ, 3 խորհրդական, 2 օգնական: Առողջապահության նախարարություն՝ 4 տեղակալ, 5 խորհրդական, 2 օգնական: Արդարադատության նախարարություն՝ 3 տեղակալ, 2 խորհրդական, ԱԻՆ՝ 2 տեղակալ, 4 խորհրդական, արտգործնախարարություն՝ 4 տեղակալ, խորհրդականների թիվը չի էլ նշվում: Բնապահպանության նախարարություն՝ 2 տեղակալ, 2 խորհրդական:

Գյուղատնտեսության նախարարություն՝ 5 տեղակալ, 3 խորհրդական: Էկոնոմիկայի նախարարություն՝ 5 տեղակալ, 3 խորհրդական: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն՝ 5 տեղակալ, 2 խորհրդական: ԿԳ՝ 2 տեղակալ: Մշակույթի նախարարություն՝ 3 տեղակալ, 2 խորհրդական, 1 օգնական: ՊՆ՝ 4 տեղակալ: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն՝ 3 տեղակալ, 2 խորհրդական, 2 օգնական: Սփյուռքի նախարարություն՝ 3 տեղակալ, 3 խորհրդական, 2 օգնական: Տարածքային կառավարման նախարարություն՝ 3 տեղակալ, 1 խորհրդական, 1 օգնական: Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ 2 տեղակալ, 1 խորհրդական, 2 օգնական: Քաղաքաշինության նախարարություն՝ 4 տեղակալ եւ ֆինանսների նախարարություն՝ 7 տեղակալ»:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ սրան գումարվում է նաեւ ԱԱԾ-ն, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ոստիկանությունը, Միջուկային անվտանգության պահպանման պետական կոմիտեն, Պետգույքի կառավարման վարչությունը՝ իրենց պետերով, տեղակալներով, խորհրդականներով, օգնականներով՝ ծառայողական մեքենաներով, վարորդներով, քարտուղարուհիներով:

Էդմոն Մարուքյանը վստահեցրեց, որ մեր պետական կառավարման համակարգը արդյունավետ չի գործում եւ հնարավորինս ծանրաբեռնված է. «Այստեղ պետք է շատ լուրջ օպտիմալացման ծրագիր իրականացնենք եւ ունենանք փոքր կառավարություն, որը քիչ ռեսուրս կծախսի այս աղքատ երկրում»:

Պատգամավորը նկատեց, որ պետական կառավարման համակարգում աշխատավարձերը բարձրացնում են, բայց օպտիմալացում չի լինում: Էդմոն Մարուքյանն ասաց, որ կողմ է կառավարության առաջարկին, որ օպտիմալացում լինի եւ ԱԻՆ-ը միացնեն տարածքային կառավարման նախարարությանը, բայց պետք է ավելի խորը բարեփոխում լինի համակարգում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930