Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքը մոտեցել է ՀՆԱ 50%-ին. «Հայոց աշխարհ»

Հունիս 13,2015 11:33

Հայաստանի պետական պարտքը ընդհուպ մոտեցել է համախառն ներքին արդյունքի կեսին. ընթացիկ ամսվա սկզբի դրությամբ կազմել է անցած տարվա ՀՆԱ 49,7 տոկոսը։ Համախառն ներքին արդյունքի հարաբերությամբ համեմատաբար ցածր է կառավարության պարտքի բաժինը՝ 42,4 տոկոս։

Թեպետ պետական պարտքի ներկայիս մակարդակը դեռ չի նշանակում, թե դա այլեւս թույլ չի տալիս այլ աղբյուրներից գումարներ ներգրավել, այնուհանդերձ պարտքի ներկա մակարդակը արդեն իսկ որոշակի խնդիրներ է ստեղծում։ Պատահական չէ, որ կառավարությունը պատրաստվում է վերանայել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը։ Բայց ոչ թե ամրագրված 60 տոկոս սահմանաչափը բարձրացնելու, այլ դրա հասցեատիրոջը փոխելու միջոցով։
Գործադիրը մտադիր է օրենքով սահմանված այդ հարաբերակցությունը վերագրել ոչ թե ամբողջ պետական պարտքին, այլ միայն կառավարության մասնաբաժնին։ Այլ կերպ ասած, առանց Կենտրոնական բանկի պարտքի։ Այս փոփոխությունն անշուշտ հավելյալ միջոցներ ներգրավելու հնարավորություն կընձեռի։
Դրանում, իհարկե, տրամաբանություն կա։ Բայց այն, որ այդպիսի անհրաժեշտություն է առաջացել, արդեն իսկ մտահոգիչ է։
Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները վերջին տարիներին շարունակել են վատանալ։ Սակայն դա տեղի է ունեցել ոչ այնքան ներգրավվող նոր միջոցների համալրման, որքան ՀՆԱ դանդաղ աճի հետեւանքով։
Այս տարի դրան ավելացել է նաեւ արտահանման կտրուկ կրճատումը։ Դրա հետեւանքով վատացել է պարտքի ծանրաբեռնվածությունը գնահատող արտահանում-պարտք հարաբերակցությունը։
Պարտքի ցուցանիշների վրա ճնշումը մեծացրել է նաեւ ազգային արժույթի արժեզրկումը։ Այդ խնդիրը առաջացավ հատկապես անցած տարի։ Պարտքը նույնիսկ պակասեց, բայց ցուցանիշները չբարելավվեցին։
Անցած տարի Հայաստանի պետական պարտքը նվազեց 147 մլն դոլարով։ Ընդ որում՝ դա արտահայտվեց ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի կրճատման տեսքով։ Կառավարության եւ Կենտրոնական բանկի պարտավորությունները պակասեցին 114 մլն դոլարով։
Այս միտումը պահպանվեց մինչեւ այն պահը, երբ Հայաստանը որոշեց արտաքին շուկայում հերթական պարտատոմսերը տեղաբաշխել։ Դրանից հետո ինչպես պետական պարտքի, այնպես էլ արտաքին պարտքի ցուցանիշներն ավելացան։
Տարվա ընթացքում պետական պարտքը համալրվել է 189 մլն դոլարով՝ գերազանցելով 4,6 միլիարդը։ Դա արտահայտվել է բացառապես կառավարության պարտավորությունների ավելացման տեսքով։ Վերջինիս պարտավորությունները հունիսի 1-ի դրությամբ հասնում են 3 մլրդ 947 մլն դոլարի։ Տարեսկզբի հինգ ամիսներին այն ավելացել է 162 միլիոնով։ Դա տեղի է ունեցել մեկ գործոնի՝ արժութային պարտատոմսերի թողարկման հետեւանքով։ Այս գծով Հայաստանի պարտավորությունները համալրվել են ավելի քան 257 մլն դոլարով՝ հասնելով ավելի քան 916,5 միլիոնի։ Մի բան, որ կազմում է կառավարության պարտքի գրեթե 24 տոկոսը։

Ս.Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930