Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին պառկել էր Ստեփան Դեմիրճյանի տան առջեւ

Հունվար 21,2016 19:25

Վարդգես Գասպարին հունվարի 21-ին բողոքի ակցիա էր իրականացնում Ստեփան Դեմիրճյանի տան դիմաց: Նա, ձեռքին «ԱԺ մանդատը պատվոգիր չէ, ոչ էլ սեփական բարեկեցության հայթայթման միջոց» գրառումը, պառկել էր Դեմիրճյանի շենքի առաջ: Նա պատգամավորից պահանջում է այցելել կալանավայր, հետաքրքրվել Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի խնդիրներով:

Վարդգես Գասպարին Aravot.am-ի եւ Azatutuyun.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բողոքում է Հայկ Կյուրեղյանի եւ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ստեփան Դեմիրճյանի քար լռության եւ անտարբեր վերաբերմունքի նկատմամբ: Նա հավելեց, որ տարեսկզբին էլ է եկել գրություն հանձնելու, սակայն պարոն Դեմիրճյանը իր «պահակի» միջոցով է հաղորդակցվել, ասել է, եթե Գասպարին բան ունի հանձնելու, թող իր միջոցով փոխանցի:

vardges gaspari vardges gaspari

«Սա ընդամենը մի դրվագն է, բայց ես ընդհանրապես բազմիցս հայտարարել եմ, որ շատ դժգոհ եմ Հայ ազգային կոնգրեսի պատգամավորական խմբի գործողություններից մարդու իրավունքների հանձնաժողովում: Իմ բազմաթիվ հնչեցրած հարցադրումներին ընդամենը մի անգամ Լեւոն Զուրաբյանն է արձագանքել ֆեյսբուքյան ասուլիսում՝ ասելով, որ մենք շատ ակտիվ ենք, տարին մեկ անգամ՝ դեկտեմբերի 10-ին, երթ ենք անում, եւ ես այնտեղ ուրիշ ոչինչ չեմ տեսնում»,- ասաց նա:

Վարդգես Գասպարին նշեց, որ ինքը ընտրել է Հայ ազգային կոնգրեսին, եւ եթե ընտրյալ պատգամավորներին չենք կարողանում ուշադրությունը հրավիրել հուզող հարցերի վրա, ապա միանգամայն ավելորդ է ակնկալիք ունենալ, որ հնարավոր կլինի «չընտրյալներից» ինչ-որ բան պահանջել. «Այդ պատգամավորները, երբ որ արդեն ընտրվում են, ինչ-որ չափով, կոպիտ ասած, հղփանում են, իրենք մոռանում են, դա դեռ հասկանալի է, բայց երբ ընտրողները այսպիսի անտարբերությամբ են վերաբերվում այս հարցին, ինձ համար շատ անհասկանալի է: Արդյոք բոլոր նրանք, ովքեր քվեարկել են, ես, իհարկե՛, ՀԱԿ-ի մասին եմ խոսում, մյուս խմբակցությունների մասին, երեւի թե իրավասու չեն կամ չեն ցանկանում խոսել, ես իրենց չեմ քվեարկել, ես ՀԱԿ-ին եմ քվեարկել: Այդ ՀԱԿ-ին քվեարկած մարդիկ գիշերը հանգիստ գլուխը դնում են բարձին քնում են, երբ որ իմանում են՝ ահազանգ է հնչում վրա-վրա, որ քաղաքացիական ակտիվի կյանքին վտանգ է  սպառնում կալանավայրում: Իմ բողոքն ուղղված է ե՛ւ պատգամավորական խմբին, ե՛ւ ուղղված է ընտրողներին»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, նա ասաց, որ չգիտի, թե ինչքան շենքի դիմաց պառկած կմնա. «Եթե մեկ ուրիշը ինչ-որ արդյունավետ միջոց հուշի, ես անպայման կմտածեմ այդպես անել, բայց եթե նկատի ունենք այն հանգամանքը, որ այսօրվա դրությամբ ինչը որ գոյություն ունի մեկ ֆեյսբուքյան գրառումն է, ես կարծում եմ՝ սա ֆեյսբուքյան գրառումից մի քիչ ավելի արդյունավետ է: Եվ եթե հաշվի առնենք, որ կարելի է գնալ Ազատության հրապարակում ակցիա անել, ես այդպես չեմ գտնում: Ես գտնում եմ, որ հենց այստեղ՝ պատգամավորի դռան առջեւ ակցիա անելով ավելի շատ կարող եմ ազդել, քան այն որ գնամ Ազատության հրապարակ»:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031