Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, վերջինս նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել

Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, վերջինս նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Մինչ այս պահը հարցաքննվել են երկու վկաներ, մեկը սահմանապահ զորքերի ուղեկալի վարորդ Արա Աթոյանն է, մյուսը սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մերլզիկինը: Վերջինս ասաց, որ անձամբ մասնակցել է Պերմյակովի որոնողական աշխատանքներին, 2015թ. հունվարի 12-ի գիշերը հայտնի է դարձել, որ ռազմաբազայի հերթապահ մասից մարդ է փախել: Մոտակա ուղեկալից վերցրել են ամենալավ որսորդական շանը ու սկսել են Պերմյակովի որոնողական աշխատանքները:

Ռազմաբազայի տարածքում Պերմյակովից նմուշ են գտել նրա սաղավարտը ու ոտնահետքերով գնացել են: Հասել են սեփական մի տուն, որի դռները փակ էին, չեն կարողացել ներս մտնել, սակայն այստեղ եղել է Պերմյակովի 18 ոտնահետք:

Հրամանատարի տեղակալը իր գնահատականը հնչեցնելով, ասաց, որ իր կարծիքով՝ Պերմյակովը այս տարածքում չի կողմնորոշվել: Այնուհետ ըստ վկայի՝ հաջորդ օրը ռուս սահմանապահ ուղեկալի կապիտան Խաչատրյանի հետ կապ է հաստատել, որն իրեն զեկուցել է, թե լապտերի շողք է տեսնում Բայանդուրի ուղեկալում, այնուհետև զեկուցել է, որ անհայտ մարդ է մոտենում փշալարերին: «Ես հրամայեցի թաքնվել ու աննկատ մոտենալ ազդանշանային համակարգին: Դրանից հետո Խաչատրյանը զեկուցեց, թե ինչ է տեղի ունենում: Նա ասաց, որ քաղաքացիական հագուստով մարդ է մոտենում, որը նման է Պերմյակովին»,- պատմեց վկան:

Վերջինս ասաց, որ դրանից հետո Պերմյակովին տարել են իր աշխատասենյակ, կատարել են ճանաչողական զննում, ստուգել են փաստաթղթերը, նրա մոտ եղած իրերը, անգամ բժշկական ստուգում անցկացրել, ու հենց իր աշխատասենյակում փաստաթուղթ ստորագրելով՝ Պերմյակովին հանձնել են ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկուն:

Ավետիսյանների փաստաբանները հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ էր արդյոք վկան, որ առանց հայ իրավապահների իրավունք չունեին որոնողական աշխատանքներ կատարելու: Հրամանատարի տեղակալը պարզաբանեց, որ դա իր խնդիրը չէր, քանի որ Պերմյակովը ռազմաբազայից էր փախել, ուստի եւ ոստիկաններին այդ մասին պետք է տեղեկացներ ոչ թե օգնության գնացածը, այլեւ այն կառույցը, որից դիմել էր փախուստի:

Ըստ վկայի, հայ ոստիկանները երկու խմբով իրենց են միացել այն փակ տան դիմաց, որտեղ գտել էին Պերմյակովի ոտնահետքերը: Սերգեյ Մերլզիկինն ասաց, որ հայ ոստիկաններից գնդապետի, մայորի կոչում ունեցող անձինք նույնպես եղել են իր առանձնասենյակում՝ Պերմյակովին ճանաչողական զննության ենթարկելիս:

Փաստաբանների հարցին՝ դուք անձամբ տեսե՞լ եք Շիրակի ոստիկանապետին կամ Գյումրիի ոստիկանապետին, վկան ասաց՝ ոչ, նրանք չէին եկել: Վերջինս Պերմյակովի որոնողական աշխատանքներն առանց հայ իրավապահների սկսելը բացատրեց նաեւ նրանով, որ շան հետ կատարվող որոնողական աշխատանքներն առանձնահատուկ են, այդ պահին չեն թողնում շատ մարդկանց, որպեսզի շունը չկորցնի հոտի հետքը:

Փաստաբանների հարցին՝ ձեր առանձնասենյակում ռազմաբազայի ներկայացուցիչների եւ հայ իրավապահների միջեւ խոսակցություններ չծավալվեցի՞ն  այն մասին, թե որ կողմին պիտի հանձնեն Պերմյակովին, վկան ասաց՝ «կներեք, ես ուրիշների խոսակցությունները չեմ լսում»:

Հարցին՝ գիտեի՞ք, որ դասալիք Պերմյակովը սպանություն է կատարել, վկան պատասխանեց, որ «Շանթ» հեռուստաընկերությունից է լսել: Փաստաբանները նրան հիշեցրին, որ իր ծառայակիցները դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ Պերմյակովի փախուստից անմիջապես հետո հեռուստատեսությամբ տեսել են Վալերի Պերմյակովի նկարը եւ գիտեին, որ նա է սպանություն կատարածը, այդ ինչպե՞ս է, որ վկան նման պաշտոն զբաղեցնելով եւ որոնողական աշխատանքների մեջ ներգրավված լինելով՝ երկու օր շարունակ տեղեկություն չի ունեցել, որ Պերմյակովը սպանության մեջ կասկածվում է: Սահմանապահ ուղեկալի հրամանատարի տեղակալն ասաց, որ ինքը գիտեր այդ մասին, ուղղակի մթան մեջ քաղաքացիական հագուստով մարդ ձերբակալելիս չէր կարող հաստատ պնդել, թե Պերմյակովն է:

Ըստ վկայի՝ Պերմյակովին տարել է իր աշխատասենյակ, ճանաչողական զննություն կատարել, փաստաթղթի պարունակությունն ուսումնասիրել, նոր իմացել է, որ հաստատ նա է:

Վերջինս ներկայացրեց ուշագրավ մի դրվագ իր եւ Վալերի Պերմյակովի խոսակցությունից: «Նրան մի քանի հարց տվեցի: Հարցրեցի՝ Պերմյակով, ինչո՞ւ սպանեցիր մարդկանց: Նա ասաց՝ էտո նե յա: Հարցրեցի՝ որտե՞ղ էիր թաքնվել, պատասխանեց՝ ոչ հեռու: Հարցրի՝ որտե՞ղ է քո զենքը, պատասխանեց՝ թաքցրել եմ, բայց կարող եմ ցույց տալ տեղը: Հետաքրքրվեցի՝ ի՞նչ ես կերել, Պերմյակովն ասաց՝ տաքսիստը ինձ 3 շաուրմա եւ 3 «պեպսի-կոլա» բերեց»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք