Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիական հակամարտությունն ու Սիրիան չլքելու Հայաստանի որոշումը

Փետրվար 08,2017 14:30

Սիրիական հակամարտությունը վերջին տարիներին ՀՀ մերձավորարեւելյան քաղաքականության օրակարգային խնդիրներից էր: Իրական պատերազմի վերածված միջազգային ճգնաժամը պաշտոնական Երեւանին կանգնեցրեց հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու դժվարին խնդրի առջեւ: Այսօր՝ հակամարտության սկսվելուց 6 տարի անց, կարելի է փաստել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն իրատեսական էր եւ արդարացված:

Դամասկոսի հետ քաղաքական համագործակցության բարձր մակարդակը պահպանելու եւ խորացնելու, սիրիահայ համայնքի պաշտպանությունն ապահովելու, սիրիահայերին, ինչպես նաեւ բարեկամ արաբ ժողովրդին անհրաժեշտ օժանդակություն տրամադրելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ ՀՀ նախագահն ի սկզբանե կամային որոշում կայացրեց՝ պահպանել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները Սիրիայում: Դամասկոսում ՀՀ դեսպանությունը եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակեցին իրենց աշխատանքը պատերազմական դժվարին պայմաններում՝ մշտական կապ պահպանելով Սիրիայի քաղաքական ղեկավարության եւ համայնքային կառույցների հետ:

Հալեպ քաղաքում տարիներ տեւած շրջափակման պայմաններում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը դարձավ գործող միակ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունը: Մինչ ողջ դիվանագիտական անձնակազմը լքում էր Հալեպը, Հայաստանի հյուպատոսությունը շարունակում էր աշխատել արտակարգ ռեժիմով: Ընդ որում, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գեւորգյանի խոսքով՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ ծառայությունները մատուցելու նպատակով հյուպատոսությունը տեղափոխվել է՝ ֆիզիկապես ավելի մոտ գտնվելու համար հայաբնակ շրջաններին: Ավելին, հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ է մատուցել Լաթաքիայում, Տարտուսում, Քեսաբում եւ Սիրիայի այլ շրջաններում՝ ազատելով մեր հայրենակիցներին վտանգավոր ճանապարհներով Հալեպ հասնելու դժվարությունից: Բացի այդ, ՀՀ կառավարության որոշմամբ Սիրիայի, Լիբանանի եւ Իրաքի հայերին անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում նաեւ անձնագրերը հանձնվում են հենց տեղում:

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պահելուց բացի՝ Հայաստանը փորձում է իր ներդրումն ունենալ երկրում մարդասիրական աղետի մեղմանն ուղղված ջանքերում: Մասնավորապես, ՀՀ նախագահի հանձնարարությամբ Հայաստանից երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա՝ ոչ միայն սիրիահայ համայնքին, այլ նաեւ Սիրիայի բարեկամ ժողովրդին օգնելու համար:
Անցած տարիներն ապացուցեցին նաեւ հակամարտության հանդեպ ՀՀ որդեգրած դիրքորոշման ճշմարտացիությունը: Հակամարտության հետ առնչություն ունեցող կողմերն, ի վերջո, հակվեցին նրան, որ սիրիական ճգնաժամը հնարավոր կլինի լուծել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի միջեւ երկխոսության եւ ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարի արդյունքում: Մինչդեռ Հայաստանն ի սկզբանե հնարավոր բոլոր միջոցներով պահպանեց պաշտոնական Դամասկոսի հետ ունեցած հարաբերությունների բարձր մակարդակը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի (2015), իսկ ավելի վաղ (2014) նաեւ խորհրդարանական պատվիրակության այցերը Սիրիա խորհրդանշական էին Հայաստանի դիրքորոշման արտահայտման եւ Սիրիայի հետ համագործակցության մակարդակը պահպանելու պատրաստակամության տեսանկյունից:

2017 թվականը Սիրիայի համար սկսվեց դրական ակնկալիքներով: Տարեվերջին Հալեպ քաղաքի ազատագրումը, զինադադարի հաստատումն ու քաղաքական երկխոսություն ծավալելու ջանքերը հույս են ներշնչում, որ հնարավոր կլինի դադարեցնել արյունահեղությունը, մեղմել մարդասիրական աղետը եւ հասնել հակամարտության քաղաքական կարգավորման: Սիրիահայությունն արդեն 2017-ը հայտարարել է վերակառուցման տարի եւ մտադիր է սիրիական իշխանությունների հետ համագործակցությամբ վերականգնել երկիրը:

Սիրիական հակամարտությունը յուրօրինակ փորձություն էր մի կողմից՝ հայ եւ սիրիացի ժողովուրդների դարավոր բարեկամության, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության կողմից ճկուն եւ սկզբունքային քաղաքականության մշակման եւ աշխարհի ցանկացած անկյունում վտանգի մեջ հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու տեսանկյունից: Անցած տարիներն ապացուցեցին, որ Սիրիան եւ սիրիացի ժողովրդին, առաջին հերթին՝ բնականաբար, մեր հայրենակիցներին չլքելու Հայաստանի որոշումն այդ փորձություններից լավագույն ելքն էր:

 

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

«Առավոտ»

07,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728