Ուսուցիչներն այլեւս չեն վարձատրվելու աշակերտների թվով. Դպրոցներում ֆինանսավորման նոր բանաձեւ է լինելու

Ուսուցիչներն այլեւս չեն վարձատրվելու աշակերտների թվով. Դպրոցներում ֆինանսավորման նոր բանաձեւ է լինելու

«Չի կարող մի ուսուցիչ լրիվ դրույքով մի տեղ աշխատի նույն մասնագիտությամբ, ստանա մի աշխատավարձ, մի ուրիշ տեղ աշխատի նույն մասնագիտությամբ, նույն ծանրաբեռնվածությամբ եւ ստանա այլ աշխատավարձ՝ միայն այն պատճառով, որ մի տեղ աշակերտները շատ են, մի տեղ՝ քիչ»,- այսօր կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացնելով «Ուսուցիչ» նոր նախաձեռնությունը՝ ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նա նշեց, որ արդարություն են մտցնելու համակարգում. «Մենք կարիք ունենք արմատապես փոխել նաեւ մեր ֆինանսավորման բանաձեւը: Կունենանք բազային ֆինանսավորում, որով կգնահատենք կոնկրետ մեկ դրույքի բազային արժեքը եւ անկախ նրանից՝ դա քանի աշակերտի է մատուցվում, ուսուցիչը, որը այդ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, պետք է ստանա նույն աշխատավարձը»: Լեւոն Մկրտչյանն ասաց, որ ֆինանսավորումը փոխվելու է նաեւ՝ կախված դպրոցի տեղից՝ սահմանամերձ շրջանում է, Երեւանում է, թե որ հատվածում եւ ինչ կարգավիճակում է:

Նախարարն անդրադարձավ նաեւ ուսուցչի սոցիալական խնդիրներին: Պետք է խրախուսեն երիտասարդ ուսուցիչներին, տարեցներին. «Կարող է տարեց մեկը կա, որ գնում է թոշակի, կենսունակության մեջ է, եթե իրեն առաջարկենք շրջան գնա, հաճույքով պետք է գնա եւ աշխատի: Պետք է ճկուն մեխանիզմներ անենք՝ ուսուցիչների տների վերականգնում, հողհատկացումներ անենք, սոցիալական որոշակի փաթեթ, որը կօգնի, որ ուսուցչի մասնագիտությունը դառնա հրապուրիչ: Նրանց պետք է տալ արտոնություններ՝ հետագայում իր ճանապարհը շարունակելու: Եթե նույնիսկ ինքը որոշ փուլով աշխատում է, ինքը պիտի իմանա, որ այսքան տարի աշխատեց՝ կկարողանա իր ոլորտը փոխել: Ուսուցչի սոցիալական փաթեթը պետք է մշակվի»:

Լեւոն Մկրտչյանն ասաց, որ պետք է կարողանան այնպես անել, որ համակարգում մնան միայն իրենց առաքելության կարեւորությունը գիտակցող մարդիկ, որ հասարակությունն էլ ուզենա բյուջետային միջոցներ տրամադրել, նաեւ սեփական միջոցները ներդնել՝ կրթական համակարգը կայացնելու համար. «Տեսեք, դրամահավաքը՝ մի տեղ 2-3 հազար դրամ կարող է հավաքվի՝ աղմուկ բարձրանա, թեժ գիծ եւ այլն, մի ուրիշ տեղ նույն դրամահավաքը կատարվում է, ծնողները շատ գոհ են, որովհետեւ տեսնում են, թե ինչպես է իրենց գումարը հասնում նպատակին: Հասարակությունը ոչ թե չի ուզում լրացուցիչ ծախս անել, այլ չի ուզում անիմաստ տեղը ուրիշի գրպանը լցնել»:

Նախարարը նշեց, որ դպրոցների խորհուրդների դերակատարությունը պետք է մեծացնեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Իսկ ինչպիսի՞ անդրադարձ պիտի ունենա պարոն նախարարը դպրոցում աշխատող այլ հաստիքների վրա: Այսքան տարի, ես ինքս աշխատելով դպրոցում հասկացել եմ, որ այն աշխատակիցները, որոնք անմիջականորեն ուսուցիչ բառի տակ չեն ներկայացված ընդհանրապես արհամարհված են թե՛ դպրոցում, թե՛ կրթության այլ բարձրաստիճան ներկայացուցչություններում: Եկեք պարզաբանենք. դպրոցում և՛ ուսուցիչը, և՛ տնօրենը, և՛ փոխտնօրենը, ու բարձաստիճան ատյանններում՝ թե՛ տեսուչները, թե՛ վարչությունների պետերը, դրան հավելենք նաև թե՛ <> կազմակերպությունը, թե՛ <> կազմակերպությունը, թե՛ ԳԹԿ-ն, թե՛ Տեսչությունը, թե՛ Վարչական շրջանների Կրթական բաժինները, հաշվի առեք, ընդհանրապես ո՛չ ո՛ք, չի կարող աշխատել, եթե դպրոցում չաշխատի գործավարը և օպերատորը / այստեղ տեղին է շեշտադրել նաև գրադարանավարի չգնահատված աշխատանքը/: Հասկանում եք, եթե չաշխատեն օպերատորը և հատկապես գործավարը, ապա և ոչ մեկ չի կարող աշխատել: Հետևաբար, ինչու՞ դպրոցներում փոփոխություններ կատարելու դեպքում, միշտ շեշտվում է հենց ուսուցիչ բառը, ի՞նչ է դպրոցում միայն ուսուցիչն է աշխատում: Եթե ուսուցչի աշխատանքը համարվում է բարդ, քանի որ նա սերունդ է կրթում և պիտի կարողանա ճիշտ հարաբերություններ ստեղծել իր և երեխայի, ինչպես հասարակության ապագա ներկայացուցչի միջև, ապա դպրոցի գործավարը, օրինակ, ստիպված պիտի լինի կրկնակի, եռակի և քառակի անգամ հանդես գալ որպես <>, քանզի աշխատանքի բերումով նա պիտի շփվի բոլորի հետ. աշակերտ, ծնող, ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն, վերադաս, ինչպես նաև սպասարկող անձնակազմեր և աշխատանքների ծավալով, բնույթով, տեսակարար կշռով ստիպված է լինում կատարելու բազմապիսի աշխատանքներ, ինչպես նաև կադրային աշխատակցի աշխատանք, քանի որ դպրոցը չունի որպես այդպիսին կադրերի բաժին, ուստի թե՛ աշխատակիցների կադրային աշխատանքը, թե՛ աշակերտների կադրային աշխատանքը, նույնպես իրականացնում է դպրոցի գործավարը, բայց արի ու տես, որ ամենացածր աշխատավարձը դպրոցում ստանում են գործավարն ու օպերատորը, որ կազմում է ՀՀ նվազագույն աշխատավարձը, որը հավասար է դպրոցի տնտեսական սպասարկող անձնակազմի աշխատավարձին: Ես նկատի չունեմ, որ սպասարկող անձնակազմի համար այդ չնչին գումարն իր կատարած ահռելի աշխատանքի դիմաց արդարացի գնահատական է /քանի որ տեխնիկական սպասարկող անձնակազմի աշխատակիցը ստիպված է լինում ամբողջ օրը լվանալ ու մաքրել միջանցքները, զուգարանները, դասարանները, միևնույն ժամանակ դասրից հետո մնալ և հավաքել աղտոտված դասասենյակներն ու նախապատրաստել դրանք վաղվա ուսումնական օրվա համար/: Ինևիցէ, եկեք համաձայնեք, որ դպրոցի գործավարի աշխատավարձ կոչվածը սարսափելի ծիծաղելի թիվ է նրա կատարած աշխատանքի դիմաց: Հիմա ուզում եմ հասկանալ, պարոն Մկրտչյան, Դուք նույնպես <> ունեք դպրոցի այլ հաստիքների վրա ՝գործավար, օպերատոր, գրադարանավար, հաշվապահ, թե՞ գոնե մի պահ Ձեր մտքով անցել են այս մարդիկ: Կարծում եմ, որ ոչ, քանի որ այդ դեպքում Դուք չէիք շեշտադրի <> բառին և Ձեր փոփոխության արժանի փաթեթում կներառեիք, ոչ թե <> բառը, այ <>-ը, որը կլուծեր դպրոցում աշխատող այլ հաստիքների աշխատակիցների դեմ ծառացած շատուշատ խնդիրներ: Ի դեպ ասեմ, իսկ ինչպե՞ս պիտի հաշվարկեք այն անարդարացի խնդիրը, որն այսքան տարի ծառացած է նորից ու նորից դպրոցի գործավարի, գրադարանավարի թույլ ուսերին /այստեղ նշեմ նաև դպրոցների բուժքույրերի արհամարհված աշխատանքը նրանց գերատեսչությունների կողմից. կարող եք պատկերացնել, որ այդ բարդ աշխատանքի համար նրանք վարձատրվում են անգամ ՀՀ նվազագույն աշխատավարձից կրկնակի անգամ ցածր աշխատավարձով, միևնույն ժամանակ անընդհատ լռում են, քանի որ վախենում են զրկվել
    անգամ այդ չնչին ողորմությունից, հանձինս առողջապահության նախարարության բարձիթողի իշխանությունների/. Դուք ասում եք, որ ուսուցիչը միևնույն աշխատանքի համար մեծ և փոքր դպրոցներում չպիտի վարձատրվի տարբեր չափի գումաներով, քանի որ աշակերտների շատ կամ քիչ լինելու պարագայում, միևնույնն է ուսուցիչն իրականացնում է նույն աշխատանքը: Այդ դեպքում ինչպիսի՞ լուծում պիտի առաջարկեք այն անարդարության դեմ, որ մեծ և փոքր դպրոցներում գործավարները, գրադարանավարները և օպերատորները վարձատրվում են նույն աշխատավարձով, չէ՞ որ այս վերջինների դեպքում կախված աշակերտների քանակից, նրանց ներհոսքից ու արտահոսքից աշխատանքների ծավալները սարսափելի տատանվում են: Այո, փոքր դպրոցի գործավարն էլ է կատարում իր աշխատանքը այնպես ինչպես մեծ դպրոցի գործավարը կամ գրադարանավարը, բայց փոքր դպրոցում գործավարը ունենում է հանգստանալու և մեկ բաժակ սուրճ ըմպելու հնարավորություն, իսկ մեծ դպրոցի գործավարը զրկված է լինում անգամ այդ հնարավարությունից՝ ավելի շատ աշակերտներ, ավելի շատ ներհոսք ու արտահոսք, ավելի շատ աշխատակիցներ, համաձայն որոնց առկայության աշխատանքների ծավալները խիստ տարբերվում են միմյանցից: Խնդրում եմ, պատասխանեք ինձ հուզող այս հարցերին, քանի որ համբերության բաժակն այլևս սահմաններ չունի: Իսկ հարկ եղած պարագայում կարող եմ անգամ անձամբ ներկայացնել ամենը: Հարգանքներով դպրոցի աշխատակից: Հուսամ, որ նամակս կգտնի իր արժանվույն տեղը և հասու կլինի պարոն նախարարին, և ես, միգուցե, ստանամ պատասխան ինձ հուզող հարցերին, իսկ ավելի լավ կլինի ստանամ լուծում այս անարդարացի խնդրի վերանայմանը և վերաձևակերպմանը:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք