Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշավորման աղյուսակը՝ QS World University Rankings 2027-ը , ըստ որի աշխարհի 1000 համալսարանների մեջ չկա ոչ մի համալսարան Հայաստանից: Վարկանիշի լավագույն 1000 բուհերի ցանկում են հայտնվել ադրբեջանական 7 բուհեր, մասնավորապես՝ 565-րդ տեղը զբաղեցրել է Բաքվի պետական համալսարանը:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից։
«Ես հիմա էլ համարում եմ, որ կոպտագույն սխալ էր Կրթության զարգացման պետական ծրագրում որպես թիրախ գրել, որ առնվազն 4 բուհ պետք է ընդգրկվի լավագույն 500-ի մեջ: Եթե դու գումարներ չես ներդնելու բարձրագույն կրթության վրա, իմաստը ո՞րն է նման բան գրելու: Ու հիմա մենք հայտնվել ենք անհարմար վիճակում: Կրթության զարգացման պետական ծրագրի ընդունումից անցել է 4 տարի, եւ մենք, ըստ էության, առաջընթաց չունենք, անգամ 1000-ում բուհ չունենք, ուր մնաց՝ 500-ի մասին մտածենք»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
«Ինձ համար այս փուլում ավելի կարեւոր է, որ մեր բուհերը ծառայեն ոչ թե վարկանիշներով բարձրանալու նպատակին, այլ Հայաստանի հասարակության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Բուհի ամենակարեւոր նպատակը դա պետք է լինի, որ հասարակության խնդիրները օգնի լուծել, որովհետեւ այնտեղ է կենտրոնացած միտքը: Բայց մենք դա չենք անում։
Վերցնենք նույն կրթության բարեփոխումները: Որքանո՞վ են Հայաստանի համալսարանները, օրինակ, ներգրավված նախադպրոցական, դպրոցական, քոլեջների, բուհերի ռեֆորմների ծրագրերում… Շատ քիչ: Համալսարանները գրեթե ներգրավված չեն, մի փոքր, գուցե, բուհական ռեֆորմներում են ընդգրկված։
Իսկ ինչո՞ւ ենք հետ… Պարզ է, եթե քո ֆինանսավորումը ցածր է, 80-90%-ով կախված ես ուսանողների վարձավճարներից, նաեւ կյանքը թանկ է, դա էլ հաշվի է առնվում, որովհետեւ QS-ում կա նաեւ ուսանողական քաղաքի ինդեքս, որտեղ նշում են աշխարհի 150 քաղաքները՝ ուսանողների կողմից բարձր գնահատված, որտեղ մենք դարձյալ չկանք: Բայց, օրինակ, ԱՊՀ մի շարք քաղաքներ՝ Բաքուն, Վիլնյուսը, Ռիգան, ընդգրկված են այդ ցանկում: Իմ կարծիքով, եթե մենք ուզում ենք այդ սանդղակներով բարձրանալ, նախ պետք է հսկայածավալ ներդրումներ արվեն բարձրագույն կրթության ոլորտում, կտրուկ ավելացվի արտասահմանյան ուսանողների, դասախոսների թիվը, եւ, իհարկե, նաեւ այլ գործոններ էլ կան»,- նշեց կրթության փորձագետը։
Բարձրագույն կրթության ոլորտի փորձագետ Սամվել Կարաբեկյանի մեկնաբանությունը նույն թեմայի վերաբերյալ՝ ավելի ուշ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































