1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և բանավոր համաձայնությամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Արցախն ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, հանրաքվե անցկացնել միայն Լեռնային Արցախում, այսինքն՝ հայերի շրջանում:
Սակայն, հաջորդ օրը՝ հուլիսի 5-ին, 105 տարի առաջ ճիշտ այս օրը, կովկասյան բյուրոյի անդամներ Սերգո Օրջոնիկիձեն և Հմայակ Նազարեթյանը բարձրացրել են բյուրոյի՝ նախորդ օրը տեղի ունեցած նիստում Արցախի վերաբերյալ ընդունված որոշումը վերանայելու մասին հարց:
Խստորեն դատապարտելի է, որ առերևույթ ազգությամբ հայ Հմայակ Նազարեթյանը ևս կողմ է եղել, որ վերանայվի Խորհրդային Հայաստանի մաս ճանաչված Լեռնային Արցախի պատկանելիության վերաբերյալ նախորդ օրն ընդունված որոշումը:
Եթե այսօր կան Հմայակ Նազարեթյանի սերունդներից, աշխարհի որ ծայրում էլ որ կլինեն, ապա նրանք պետք է գլխիկոր ապրեն իրենց անփառունակ նախնու ապազգային քայլի պատճառով, քանզի Հմայակ Նազարեթյանը ոչ միայն կասկածի տակ է դրել Լեռնային Արցախի մայր Հայաստանին պատկանելիությունը, այլև կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 4-ի նիստում «կողմ» է քվեարկել հարցի քննարկման ժամանակ ի հայտ եկած լուծման երկու տարբերակներից առաջին տարբերակին, այն է՝ Արցախը մտցնել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ: Բարեբախտաբար, քվեարկության արդյունքում այդ տարբերակը չի ընդունվել:
Կարդացեք նաև
Փաստորեն, Հմայակ Նազարեթյանն էլ եղել է այն ժամանակների Նիկոլ Փաշինյանը: Ցավալի է, սակայն, փաստ, որ հազարամյակների արմատներ ունեցող հայ ժողովուրդը հմայակնազարեթյանների, նիկոլփաշինյանների պակաս չի ունեցել և չունի:
Դատելով կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի պլենումի արձանագրությունից` կարող ենք պնդել, որ բարձրացված հարցի վերաբերյալ քննարկում և ապա քվեարկություն, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Հարցն առանց քննարկելու և քվեարկության դնելու՝ որոշվել է հետևյալը.
«1. Ելնելով մահմեդականների և հայերի միջև ազգային խաղաղության և Ստորին ու Վերին Ղարաբաղի տնտեսական կապի, Ադրբեջանի հետ նրա մշտական կապի անհրաժեշտությունից՝ Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում՝ տալով նրան լայն մարզային ինքնավարություն ք. Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ։
- Հանձնարարել Ադրբեջանի կենտրոնական կոմիտեին որոշել ինքնավար մարզի սահմանները և ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հաստատմանը։
- Հանձնարարել կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի նախագահությանը խոսել Հայաստանի կենտրոնական կոմիտեի և Ադրբեջանի կենտրոնական կոմիտեի հետ Լեռնային Ղարաբաղի արտակարգ կոմիսարի թեկնածության վերաբերյալ։
- Ադրբեջանի կենտրոնական կոմիտեին․ որոշել Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ծավալը և ներկայացնել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հաստատմանը»:
Ստորև՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ․ հուլիսի 5-ի պլենումի 12-րդ արձանագրության բնօրինակի լուսապատճենը.
Հիմք ընդունելով մեջբերված որոշման առաջին կետում արձանագրված «Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում» ձևակերպումը՝ ադրբեջանական կողմը պնդում է, թե դա վկայում է այն մասին, որ Լեռնային Արցախը նախկինում պատկանել է Ադրբեջանին, այդ պատճառով էլ Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշման մեջ նշվել է «Լեռնային Ղարաբաղը թողնել ԱդրԽՍՀ սահմաններում»:
Այս մասին, մասնավորապես, հայտարարել է օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի ժողովրդին ուղղված ուղերձում. «Այս տարիների ընթացքում հայ կեղծ գիտնականներն ու հայերին հովանավորող շրջանակները փորձել են ապացուցել, որ Ստալինը Ղարաբաղը անջատել է Հայաստանից և հանձնել Ադրբեջանին։ Սուտ: Բացեք և նայեք Կովկասյան բյուրոյի արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ դրանք մեր հողերն են»:
Իլհամ Ալիևի մեջբերված խոսքի առնչությամբ հարկ է նշել, որ Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ նշված չէ «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում», այլ նշված է «Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում»: Այսինքն՝ խոսքը ոչ թե անկախ Ադրբեջանի մասին է, այլ՝ Խորհրդային Ադրբեջանի:
Նախքան Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը, այսինքն՝ մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը, Լեռնային Արցախը որևէ կարգավիճակով երբևէ չի գտնվել անկախ «Ադրբեջան» անունով պետության կազմում, որպեսզի, այդ հանգամանքը հաշվի առնելով, 1921թ. հուլիսի 5-ին էլ Կովկասյան բյուրոն Լեռնային Արցախը թողներ Խորհրդային Ադրբեջանի կազմում:
Ինչ վերաբերում է Խորհրդային Ադրբեջանին, ապա անհրաժեշտ է նշել, որ Խորհրդային Ռուսաստանը, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղը, որը Խորհրդային Ադրբեջանի ու Խորհրդային Հայաստանի վարչակազմերի կողմից ընդունված և պաշտոնական մամուլում հրապարակված իրավական ակտերով 1921թ. հունիսի 12-ից հանդիսանում էր Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս, բռնությամբ մտցնել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ, այդ հարցի լուծումը վերապահել էր Կովկասյան բյուրոյին:
Այդ պատճառով էլ Լեռնային Արցախի պատկանելիության հարցը Մոսկվան ընդգրկել էր Կովկասյան բյուրոյի հուլիսյան պլենումի օրակարգ: Եթե Լեռնային Արցախը հանդիսանար Խորհրդային Ադրբեջանի մաս, ապա Խորհրդային Ռուսաստանն այդ հարցը չէր դարձնի Կովկասյան բյուրոյի քննարկման առարկա:
Փաստորեն, չնայած նրան, որ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի հուլիսի 4-ի նիստում քննարկման և քվեարկության արդյունքում որոշվել էր Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Հայաստանի կազմի մեջ, իսկ այնուհետև Խորհրդային Ադրբեջանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Նարիման Նարիմանովի հայտարարության հիման վրա էլ որոշվել էր հարցի վերջնական լուծման համար այն տեղափոխել Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, հուլիսի 5-ին, հարցն առանց քննարկելու և քվեարկության դնելու, որոշվել է Խորհրդային Հայաստանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը խլել Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցնել Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Արցախի հարցը վերջնական լուծման նպատակով չի տեղափոխվել Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, ինչպես որոշվել էր կովկասյան բյուրոյի հուլիսի 4-ի նիստում:
Հարցին վերաբերելի փաստերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշումն ընդունվել էր Իոսիֆ Ստալինի ճնշման և Նարիման Նարիմանովի սպառնալից ու վերջնագրային հայտարարությունների հետևանքով:
Բանն այն է, որ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոն իր 1920թ. նոյեմբերի 27-ի նիստում ի թիվս մի շարք օրակարգային հարցերի քննարկել է նաև «Կովկասյան գործերի» մասին հարցը, որը զեկուցել է կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Իոսիֆ Ստալինը:
Ի. Ստալինի զեկուցման հիման վրա հիշյալ հարցի վերաբերյալ ընդունված որոշման մեջ, մասնավորապես, արձանագրվել է. «…Գլխավոր խնդիր ճանաչել Ադրբեջանի պաշտպանությունը և Կասպից ծովի ամբողջական հուսալի տիրապետումը…»:
Մեջբերումը նկատի առնելով՝ կարող ենք պնդել, որ Կասպից ծովի նկատմամբ ամբողջական և հուսալի տիրապետության հաստատումը տվյալ պահին Խորհրդային Ռուսաստանի համար հանդիսացել է կարևորագույն պետական նպատակ, որին հասնելու համար էլ առաջնային է համարվել ապահովել Խորհրդային Ադրբեջանի պաշտպանությունը:
Փաստորեն, 20-րդ դարասկզբին իր պետական շահերի սպասարկման տեսանկյունից Խորհրդային Ռուսաստանի համար Խորհրդային Ադրբեջանն առավել մեծ կարևորություն է ներկայացրել, քան՝ Խորհրդային Հայաստանը:
Ինչ վերաբերում է Նարիման Նարիմանովի սպառնալից ու վերջնագրային հայտարարություններին, ապա այս առումով էլ հարկ է նշել հետևյալը: Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ Ն. Նարիմանովը հայտարարել էր, որ եթե Լեռնային Ղարաբաղը տրվի Հայաստանին, ապա «Ադրբեջանի Ժողկոմխորհը հրաժարվելու է պատասխանատվությունից»:
Մեջբերումից ակնհայտ երևում է, որ Ն. Նարիմանովը խոսել է սպառնալիքի լեզվով:
Իսկ 1922թ. հունվարի 26-29-ը տեղի ունեցած Խորհրդային Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին համագումարի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը չի միացվել Հայաստանին՝ Խորհրդային Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը, մասնավորապես, հայտարարել էր. «…Ադրբեջանն ասում էր, որ եթե Հայաստանը պահանջի Ղարաբաղը, ապա իրենք նավթ բաց չեն թողնի»:
Ինչպես պարզորոշ երևում է մեջբերումից, սպառնալիքից բացի Ն. Նարիմանովը հանդես է եկել նաև վերջնագրով:
Բերված փաստերն անառարկելիորեն վկայում են այն իրողության մասին, որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշումը հետևանք էր Իոսիֆ Ստալինի ճնշման և Նարիման Նարիմանովի սպառնալից ու վերջնագրային հայտարարությունների:
Այսպիսով, 1920թ․ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության հեղափոխական կոմիտեի որոշմամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մաս համարված և Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921թ. հունիսի 12-ին ընդունած դեկրետի համաձայն Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի՝ տարածքային հարցեր լուծելու իրավունք չունեցող երրորդ երկրի կուսակցական մարմնի չքննարկված և քվեարկության չդրված, այսինքն՝ ըստ էության չընդունված, անօրինական որոշմամբ, խլվել է Խորհրդային Հայաստանից և ինքնավար մարզի կարգավիճակով մտցվել է Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ:
Վերոնշյալի իմաստով միանգամայն գոյության իրավունք ունեն հետևյալ հարցերը՝
- ո՞ր իրավական ակտի համաձայն է Խորհրդային Ռուսաստանը միջամտել դե յուրե անկախ պետություններ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցում: Հարկ է նշել, որ 1921թ. հուլիսի դրությամբ դեռևս կազմավորված չի եղել Խորհրդային Միությունը: Այն կազմավորվել է 1922թ. դեկտեմբերի 30-ին:
- ո՞ր իրավական ակտի համաձայն է Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոն, այսինքն՝ երրորդ երկրի կուսակցական մարմինը, որոշում ընդունել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև կոնֆլիկտի կարգավորման հարցի վերաբերյալ:
Պատասխանելով հիշյալ հարցերին, պետք է նշենք, որ գոյություն չի ունեցել որևէ իրավական ակտ, որի հիման վրա Խորհրդային Ռուսաստանը միջամտել է երկու ինքնիշխան պետությունների միջև հակամարտության կարգավորմանը: Իսկ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն էլ չի ունեցել տարածքային հարցեր լուծելու իրավասություն:
Նկատի ունենալով վերոնշյալը՝ կարող ենք պնդել, որ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ Լեռնային Արցախի տարածքը բռնի կցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կամքը:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ


















































