Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հուլիսի 4-ին էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է Հայոց պատմություն և ֆիզիկա առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը, և ԳԹԿ-ն բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգել է՝ մինչև հուլիսի 5-ի ժամը 17:00-ը։
«Առհասարակ միասնական քննության գնահատականը հայտնի է դառնում քննության 5-րդ օրը կամ 6-րդ օրը՝ բողոքարկման օրն է։ Միայն վերջին քննության գնահատականները 3-րդ օրն են հայտնի դառնում։ Ըստ այդմ, Հայոց պատմության և ֆիզիկայի գնահատականները 3-րդ օրն են հայտնի դարձել, և դրա հաջորդ օրը՝ այսօր, բողոքարկման օրն էր, բայց, ինչպես նշեցի, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ են եղել, և համակարգը մի քանի ժամ չի գործել։ Դիմորդները և ծնողները դժգոհել են, անհանգստացած զանգահարել են մեզ, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանի որ ԳԹԿ-ն որոշել է, որ մեկ օրով երկարաձգում է բողոքարկման վերջնաժամկետը»,- հավելեց Խաչանուշ Գրիգորյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































