Հայ կաթողիկե ինքնության փնտրտուքներում

Հայ կաթողիկե ինքնության փնտրտուքներում

Ոչ մեկի համար նորություն չէ, որ Հռոմեակաթոլիկ և Հայ Առաքելական Եկեղեցիները, հաղթահարելով անցյալի ցավալի դժվարությունները, արդեն շուրջ մեկ հարյուրամյակ սերտ հարաբերություններ ունեն և ամեն ջանք ի սպաս են դնում այդ կապերն ավելի զորացնելու և Քրիստոսի Եկեղեցուն նետված ժամանակակից մարտահրավերների դեմ միասնաբար հանդես գալու գործին։ Երկու առաքելահաստատ Եկեղեցիների ջերմ կապերի վառ արտահայտություններն են Հայ Առաքելական Եկեղեցու հայրապետների այցելությունները Վատիկան և Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առիթով երջանկահիշատակ Հովհաննես-Պողոս Բ. և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ֆրանցիսկոս պապերի՝ Հայաստան պատմական այցելությունները։ Թվում է, թե երկու Եկեղեցիների միջև առկա Քրիստոսի սիրով տոգորված փոխադարձ հարգանքի, միմյանց դավանանքային ինքնությունը չխախտելու այս մթնոլորտում մեծ առաքելություն պետք է վերապահված լիներ հայ կաթողիկե հոգևորականությանը՝ դառնալու կամուրջ երկու Եկեղեցիների միջև և նպաստելու նրանց կապերի մերձեցմանն ու ամրապնդմանը։ Սակայն, ցավոք սրտի, դա այդպես չէ. կամուրջ դառնալու փոխարեն որոշ անձինք միասնության և փոխըմբռնման ճանապարհին դարձել են միայն խոչընդոտ։

Վերջին ժամանակներում հայ կաթողիկ հոգևորականության կողմից հաճախակի են դարձել ելույթներն ու հոդվածները, որոնցում հեղինակները ջանում են ապացուցել իրենց համայնքի գոյության պատմականորեն հիմնավորված լինելու հանգամանքը և հայ ժողովրդի ազգային մշակութային դաշտում ունեցած դերը: Այս հանգամանքը մտահոգիչ չէր լինի, եթե «հայ կաթողիկե ազգային ինքնությունը» բացահայտելու և հանրությանը մատուցելու որոշ ջերմ ջատագովներ հիմնվեին պատմական տեղեկությունների ազնիվ վերլուծության և գիտական անաչառ ուսումնասիրությունների վրա, և ոչ թե պատմական փաստերի թյուր ու միակողմանի մեկնաբանմամբ և միջնադարյան ժամանակավրեպ մի շարք իրողություններով առաջնորդվելով՝ փորձեին խեղաթյուրել Հայ Առաքելական Եկեղեցու պատմական անցյալը։ Թվում է, թե 21-րդ դարում մեր ժողովրդի քաղաքական և հոգևոր պատմությունը պետք է ուսումնասիրվի՝ ելնելով միայն ու միայն գիտական սկզբունքներից: Սակայն հենց այս սկզբունքի խախտումն է, կարծես, սկզբունք դարձել այդ անձանց համար: Նրանց արտահայտած փաստերը շարունակում են մնալ Վարդան Հացունու, Վահան Ինգլիզյանի, Սահակ Կոգյանի միակողմանի աշխատությունների շրջանակներում, որոնք գիտական ոլորտում բազմիցս ենթարկվել են սուր քննադատության:

Ահա այս պատմագրական սկզբունքներով է շարադրված նաև հայ կաթողիկե հոգևորական Տ. Հովսեփ քհն. Գալստյանի կողմից պատրաստված «Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ Հայաստանում. համառոտ պատմական անդրադարձ» հոդվածը:

Տեր Հայրն իր հոդվածը սկսում է Հռոմի Պապի՝ քրիստոնեական Եկեղեցում առաջնային դիրք գրավելու հանգամանքի ներկայացմամբ, որտեղ ի մասնավորի նշում է. «Այս ընկալումը, հայոց մեջ գոյություն է ունեցել Սբ. Գրիգոր Լուսավորչի օրերից և արտահայտվել է առաքյալների կողմից հիմնված բոլոր եկեղեցական կենտրոնների և Հռոմի Սուրբ Աթոռի հետ դավանական, պաշտամունքային-ծիսական և վարչական համագործակցությամբ ու միությամբ՝ ընդունելով ավագությունը Հռոմի Սրբազան Քահանայապետի (Պապի)»: Այս տեսակետը հիմնավորելու և ապացուցելու համար գոյություն չունի որևէ պատմական հիմք, այլ խարսխված է լոկ միջնադարում կաթոլիկ գործիչների կողմից Հայոց Եկեղեցու ենթակայությունը Հռոմի Պապին հիմնավորելու համար ստեղծված «Դաշանց թուղթ» կոչված կեղծ փաստաթղթի վրա:

Այնուհետև հեղինակն անդրադառնում է Քաղկեդոնի 451 թ. ժողովին և նշում. որ «Հայ ժողովրդի մի հատված հավատարիմ մնաց նաև 451 թ. Քաղկեդոնի Սբ. Տիեզերաժողովի և Հռոմի Սբ. Լևոն Պապի աստվածաբանական բանաձևումներին, որոնք, սակայն, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չընդունվեցին ժամանակի մի խումբ հայ հոգևորականների կողմից և առիթ դարձան տարաձայնությունների»: Խիստ զարմանալի է այս «մի խումբ» հոգևորականներ արտահայտությունը: Քաղկեդոնի ժողովին մասնակցել են միայն 387 թ. Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի կողմից Մեծ Հայքի առաջին բաժանման արդյունքում Բյուզանդիային անցած տարածքների՝ Բյուզանդական Եկեղեցուն բռնակցված թեմերի եպիսկոպոսները, իսկ Հայոց Եկեղեցին չի մասնակցել և չի ընդունել Քաղկեդոնի ժողովը: Այս դեպքում «մի խումբ» հայ հոգևորականների կողմից վերոհիշյալ ժողովը չընդունելու մասին խոսելը անհեթեթություն է: Հոդվածագրին խորհուրդ կտայինք թերթել 6-7-րդ դարերից պահպանված Հայ Եկեղեցու դավանաբանական դիրքորոշմանը վերաբերող փաստաթղթերը, որտեղ գուցե նա իր համար հայտնաբերեր դավանական այն խոր պատճառները, որոնց արդյունքում Հայ Եկեղեցին մերժեց Քաղկեդոնի ժողովը՝ հավատարիմ մնալով Ընդհանրական Եկեղեցու ավանդույթներին և պահպանելով քույր Եկեղեցիների հետ իր Ընդհանրականությունը:

Հարգելի հոդվածագիրն այնուհետև նշում է, որ «Հռոմի Սուրբ Աթոռի հետ միության կամ Մեկ Ընդհանրական Եկեղեցու միության կողմնակիցների մեջ կային ականավոր սրբեր, աստվածաբաններ, ովքեր ջանում էին հայ ժողովրդի մեջ արմատավորել Եկեղեցու ընդհանրականության, միության սկզբունքը. օրինակ՝ համաշխարհային պոեզիայի գոհար և սրբազան աղոթագիրք «Մատյան ողբերգության» հեղինակ Սբ. Գրիգոր Նարեկացին …, Սբ. Ներսես Տայեցին, Սբ. Հովհան Օձնեցին, Սբ. Ներսես Շնորհալին, Սբ. Ներսես Լամբրոնացին, Սբ. Մխիթար Գոշը և այլոք»: Հայ Եկեղեցու այս հոգևորականներին վերոհիշյալ վերագրումը զուրկ է պատմական հիմնավորվածությունից:

Որո՞նք էին արդյոք Ներսես Գ. Տայեցու (641-651) ջանքերը՝ միություն հաստատելու գործում: Այ՞ն, որ նա 648 թ. Դվինի Ե. ժողովում մերժում է բյուզանդական Կոստաս Բ. կայսեր կողմից առաջարկված Բյուզանդական Եկեղեցու հետ միության առաջարկը, թե՞ 652 թ. Կոստաս Բ. ստիպմամբ Դվինում նրա հետ հաղորդվելու հանգամանքը, կամ գուցե Հայաստանին օգնելու բյուզանդական կայսեր սին խոստումներից հիասթափվե՞լը: Իսկ ինչ վերաբերում է Ս. Հովհան Գ. Օձնեցուն, Տեր Հորը կխնդրեինք ուշադրությամբ ընթերցել Ս. Հայրապետի հրատարակված երկերը, որպեսզի հստակ պատկերացում կազմի, թե ինչքանով էր Ս. Հովհան Գ. Օձնեցին համակրում քաղկեդոնականությունը: Մի մարդու, ով իր ամբողջ կարողությունն ի սպաս էր դրել Հայ Եկեղեցու դավանաբանական ավանդույթը պահպանելու և քաղկեդոնական նորամուծությունները դուրս մղելու գործին, քաղկեդոնական կամ քաղկեդոնականությունը համակրող համարել չափազանց տարօրինակ է:

Իսկ ինչ վերաբերում է Ս. Գրիգոր Նարեկացուն քաղկեդոնությանը համակրելուն, ապա նշենք, որ նրա ստեղծագործություններում չի կարելի գտնել անգամ մի տող, որը ցույց կտար նրա համակրանքը քաղկեդոնականության հանդեպ, կամ կարտահայտեր նրա դրական վերաբերմունքը Հռոմի աթոռի նկատմամբ: Նա գաղափարակիցն ու աստվածաբանական ավանդույթի շարունակողն էր իր ազգականի և ուսուցչի՝ Անանիա Նարեկացու, ով Հայ Եկեղեցու դավանանքի ջերմ պաշտպանն էր և հեղինակել էր ընդդեմ քաղկեդոնականների ուղղված «Հաւատարմատ» աշխատությունը: Ճիշտ է՝ Ս. Գրիգոր Նարեկացու հայրը՝ Խոսրով Անձևացին, կաթողիկոսական իշխանության նկատմամբ իր հակականոնական և ըմբոստ ընթացքի հետևանքով ենթարկվել է Անանիա Ա. Մոկացի կաթողիկոսի բանադրանքին, իսկ Անանիա Նարեկացին և Ս. Գրիգոր Նարեկացին խավարամիտ հոգևորականների կողմից նախանձի պատճառով զանազան մեղադրանքների են արժանացել, սակայն նրանցից ոչ մեկն էլ երբեք չի երկմտել Հայ Եկեղեցու դավանական ճշմարտացիության վերաբերյալ, և աշխատել են այն ավելի ամրապնդել իրենց ստեղծագործություններով։

Հայ Եկեղեցու դավանանքի և ինքնուրույնության ամենաջերմ պաշտպաններից էր Ս. Ներսես Դ. Շնորհալի հայրապետը: Նա, լինելով ժամանակի միջեկեղեցական կյանքի ամենանշանավոր դեմքերից, սերտ հարաբերություններ ուներ թե՛ Բյուզանդական և թե՛ Հռոմեակաթոլիկ Եկեղեցիների հետ: Նա ջերմ աջակիցն էր Քաղկեդոնի ժողովի պատճառով կորսված եկեղեցական միասնության վերականգնման, և երբեք ու երբեք կասկածի տակ չի առել Հայ Եկեղեցու ճշմարիտ դավանանքը, ոչ մի զիջման չի գնացել նրա անկախությանը սպառնացող գործում: Ներսես Շնորհալու ուշիմ աշակերտ Ներսես Լամբրոնացին հետևել է ուսուցչի ուղուն:

Հետաքրքիր է նաև այն, որ հոդվածագիրն այս շարքում բերում է նաև Մխիթար Գոշի անունը և նրան նույնպես համարում քաղկեդոնականության կամ Հռոմի աթոռին համակիր: Մխիթար Գոշը, լինելով Հայոց Արևելյան վարդապետների նշանավոր ներկայացուցիչներից, իր եռանդն ամբողջությամբ ի սպաս է դրել Հայ Եկեղեցու դավանական և ծիսական ավանդույթների պաշտպանության գործին: Այս առումով հոդվածագրին կառաջարկեինք ծանոթանալ Մխիթար Գոշի «Թուղթ առ Վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ» երկին, որով նրա համար պարզ կդառնա մեծ վարդապետի դավանաբանական կողմնորոշումը:

Հայ Առաքելական Եկեղեցու պատմության բացահայտ խեղաթյուրում է պարունակում նաև հոդվածագրի ներքոհիշյալ պնդումը. «Կիլիկիայում եղան փորձեր Հռոմի հետ միության վերականգնման, որոնք, սակայն, լիակատար հաջողությամբ չպսակվեցին: Պանդխտության ճամփան բռնելով՝ հայ կաթողիկեները ստիպված եղան հիմնել առանձին նվիրապետական աթոռ՝ միայն 1742 թ., որն, ի վերջո, հաստատվեց ոչ թե Հայաստանում, այլ՝ նախ Պոլսում, ապա՝ Լիբանանում և կոչվեց Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե Պատրիարքություն կամ Կաթողիկոսություն՝ ժառանգելով Կիլիկիայի Աթոռը»։ Կիլիկիայի հայկական թագավորության ընթացքում «Կիլիկիայի Աթոռ» հասկացողություն երբեք գոյություն չի ունեցել։ Այնտեղ գործել է Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը, որը 1066 թ. Բյուզանդիայի վարած բռնաճնշումների արդյունքում ստիպված էր եղել տեղափոխվել Կիլիկիայի հայկական իշխանության տարածք, իսկ 1441 թ. վերահաստատվել է Վաղարշապատում՝ Ս. Էջմիածնում՝ Ս Գրիգոր Լուսավորչի ժամանակներից սկսած մինչ այսօր երբեք չկորցնելով իր շարունակականությունը։ Ս. Էջմիածնում վերահաստատումից դժգոհ մի խումբ հոգևորականների կողմից 1446 թ. հիմնադրվել է Սսի կաթողիկոսությունը, որը պատմական որոշ հանգամանքների բերումով հետագայում իրավական և հոգևոր ճանաչում է ձեռք բերել Ամենայն Հայոց կաթողիկոսության կողմից և այնուհետև միայն իր աշխարհագրական դիրքից ելնելով՝ ստացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն անվանումը։ Այսպիսով, բացարձակ անհեթեթություն և պատմական փաստերի աղավաղում է Տեր Հոր պնդումը, թե Հայ Կաթողիկե պատրիարքությունը կամ այլ կերպ անվանվող՝ «Տանն Կիլիկիո» հայ Կաթողիկե Կաթողիկոսությունն է «Կիլիկյան աթոռի» ժառանգը։

Հուսանք, որ արժանապատիվ Տեր Հայրն իր ապագա հոդվածները պատրաստելիս այսուհետև կառաջնորդվի միայն ու միայն պատմական փաստերի անաչառ ներկայացմամբ և գիտական բարեխղճությամբ, որով աչքի են ընկնում ժամանակակից հռոմեակաթոլիկ բազմաթիվ աստվածաբաններ և եկեղեցական պատմաբաններ։ Կցանկանայինք մեր հոդվածն ավարտել Ֆրանցիսկոս պապի՝ Ս. Էջմիածնում արտասանած խոսքից մի հատվածով, որտեղ Հռոմեակաթոլիկ Եկեղեցու առաջնորդը շատ դիպուկ կերպով բյուրեղացրել է այն սկզբունքները, որի գիտակցումով պետք է առաջնորդվենք Քրիստոսի Եկեղեցու միասնությունը վերականգնելու մեր ջանքերում. «Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մեջ ծնվի միության հզոր ցանկություն, այնպիսի միության, որ պետք չէ լինի ո՛չ ենթարկություն մեկը մյուսին, ո՛չ կլանում, այլ առավել ընկալում բոլոր շնորհներին, որ Աստված տվել է յուրաքանչյուրին՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար փրկագործության մեծ խորհրուրդը՝ իրագործված Տեր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիվ»։

 

Տ. Անդրեաս աբեղա Եզեկյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք