Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը հայտնվեց ոչ նախանձելի վիճակում

Մարտ 19,2018 13:18

«Հիմա դուք ոչ նախանձելի վիճակում եք, քանի որ մեկ օր առաջ եք օրենքը ներկայացրել»,- ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին այսպես դիմեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

«Պատգամավորները ողջամիտ, տրամաբանական եւ իրավական մտքեր են առաջ քաշում, բայց դուք սպառիչ պատասխաններ չեք կարող տալ»,- շարունակեց Գեւորգ Կոստանյանը` հորդորելով`Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն ընդգրկել մեծ օրակարգ, ապա, մինչեւ երկրորդ ընթերցում, քննարկումներով առաջ գնալ:

Շավարշ Քոչարյանը շտապում էր`ժամանակը սուղ է, օրենքը պետք է գործողության մեջ մտնի ապրիլի 9-ից, Սահմանադրությունն է պահանջում: «Մենք կարող ենք հիմա էլ դուրս գալ`նստել եւ սկսել աշխատել, բայց դուք հիմա այդ հարցերի պատասխանները չունեք»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Իսկ Շավարշ Քոչարյանն իսկապես չուներ իր ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին իր ներկայացրած նախագծի շուրջ պատգամավորների հարցերի եւ մտահոգությունների պատասխանները: Հարցերը վերաբերում էին թե դիվանագիտական աշխատողների` տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություններին, թե էթիկական նորմերին, թե նրանց գործունեության սահմաններին եւ թե ընտանիքի անդամների աշխատանքին եւ ուսմանը

Այս փոփոխություններով, ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը դառնում է քաղաքական պաշտոն, դեսպանի պաշտոնը`վարչական: Խմբագրվել է դիվանագիտական անձնագիր կրելու անձանց շրջանակը. եթե նախկինում չորս կատեգորիայի անձինք կարող էին դիվանագիտական պաշտոններ ստանալ, այժմ`երեք:

«Մենք այսօր ականատես ենք եղել մի բանի`դեսպանի պաշտոնը դարձել է անպատասխանատվության միջոց, կղզյակ: Ինչ-որ մարդիկ, ովքեր իրենց երկրային առաքելությունը մասնագիտության առումով արդեն սպառել են, ուրիշ բան չունեն անելու, գնում դեսպան են աշխատում, այն դեպքում, երբ բացարձակապես ոչ մի ընդհանրություն չունեն դիվանագիտության հետ։ Մեր երկրի նման փոքր պետության համար շատ կարեւոր է դիվանագիտական աշխատանքը, բայց մենք հաճախ մոռանում ենք այդ մասին»,- իր վրդովմունքը բարձրաձայնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`հավելելով, որ շատ կարեւոր երկրներ գործուղում ենք մարդկանց, ովքեր դիվանագիտական աշխատանքին այնքան են տիրապետում, ինչպես ինքը` տիեզերագնացությանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031