Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակն է կողմնորոշվելու

Դեկտեմբեր 12,1995 11:12

Արեւմտյան մամուլում հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնք փաստում են, թե Հայաստանը (ինչպես եւ ԱՊՀ մնացած երկրները)

չի համապատասխանում ժողովրդավարության եւ ազատ շուկայի արեւմտյան ստանդարտներին, որ այստեղ ճնշում են ընդդիմությանը, որ սեփականաշնորհումը հաճախ վեր է ածվում սեփականության պարզ վերաբաժանմանը եւ այլն։ Կարդացեք, օրինակ, այսօրվա մեր համարի 5-րդ էջը:

Ինքնին այդ պնդումները, կարծում եմ, հիմնականում համապատասխանում են իրականությանը։ Ժողովրդավարությունը եւ նրա հետ սերտորեն կապված իրական շուկայական հարաբերություններն անհնար է մտցնել նախագահի հրամանագրով կամ խորհրդարանի որոշմամբ։

Դրանք ոչ այնքան գրված, որքան չգրված օրենքներ են եւ հիմնված են ոչ թե օրենսդրական, կրոնական կամ գաղափարախոսական արգելքների, այլ, այսպես կոչված, «կոնտակտային էթիկայի» վրա՝ հասկացություն, որն առաջացել է Եվրոպայում, 17-րդ դարում։ Հարյուրամյակներ շարունակ այդ չգրված օրենքները կիրառվել ու հղկվել են, ստեղծելով այն ստանդարտները, որոնց մենք ձգտում ենք համապատասխանել։

Բայց հետաքրքիր է, թե ով է Հայաստանում բողոքում արեւմտյան տիպի ժողովրդավարության պակասից, ովքեր են տալիս նշված հրապարակումների պատվերները՝ հանդիսանալով արեւմտյան արժեքների ջատագովներ։

Առավել զավեշտական է, երբ դա անում են Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները, որոնք նույն այդ արժեքները համարում են կեղծ, սուտ, վտանգավոր, ազգային ինքնությունը քայքայող եւ համարյա թե հուդամասոնների կողմից հորինված (տես՝ Է.Հովհաննիսյանի վերջին հրապարակումները, որոնցից մեկը արտատպվել է նաեւ մեր թերթում): Պարզից էլ պարզ է. եթե որեւէ հրաշքով նման տիպի գործիչները ստանան որեւէ իշխանություն, ապա հաջորդ իսկ օրը կախաղան կհանվեն ինչպես բոլոր ոչ դաշնակցական գործիչները, այնպես էլ դաշնակցական «այլախոհները»։

Ի դեպ, վերջիններիս մասին։ Մեզ այդպես էլ չի հաջողվել ստանալ մի պարզ հարցի պատասխան. արդյոք բոլորն են ՀՅԴ-ում մտածում պրն Հովհաննիսյանի նման։

Հայաստանյան գրեթե բոլոր կուսակցություններում եւ նույնիսկ կառավարությունում կան ներքին հակասություններ, որոնք իրենց արտացոլումն են գտնում բաց, հրապարակային բանավեճում։ Դա միանգամայն նորմալ եւ բնական երեւույթ է։ Բացառություն է կազմում ՀՅԴ-ն՝ իր փակ կառուցվածքով եւ զավեշտական գաղտնապահությամբ։ Մի այլ, հայտնի կուսակցության օրինակով, ՀՅԴ-ն ցուցադրում է «մոնոլիտ միասնություն», քանի որ հակասությունների բացահայտումը «կարող է ջուր լցնել գաղափարական թշնամու ջրաղացին»։

Ժամանակն է եկել կողմնորոշվելու (բնականաբար, ոչ միայն ՀՅԴ-ին). կամ ձգտել արեւմտյան արժեքներին (որոնց մեջ, անշուշտ, մտնում են ճշմարիտ ազգային արժեքները եւ առողջ հայրենասիրությունը), կամ համարել դրանք հրեաների եւ թուրքերի դավեր։ Կամ դարձնել Հայաստանը անկախ եւ ժողովրդավարական երկիր, կամ սպասել, մինչեւ Ռուսաստանում հաղթեն ազգայնականներն ու կոմունիստները, որոնք, իբր, կփոխեն հայաստանյան իշխանությունը։ Կամ ժամանակակից կյանքի մեջ ինտեգրացում, կամ դարասկզբի հեղափոխական գաղտնապահություն։ Կամ «գաղափարական թշնամիներ», կամ գաղափարական մրցակցություն։

Հստակ պատասխաններ չտալը տանում է դեպի կործանում։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031