Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԺԲԱԽՏ ԿԻՆ Է»

Հունիս 12,1998 22:13

Այսպես արձագանքեց Պարույր Հայրիկյանը Աննա Հակոբյանի հրապարակմանը:

Մենք արդեն շուրջ 10 տարի ԱԻՄ-ի անդամ ենք՝ կազմակերպության պատասխանատուներից, քաջատեղյակ Ինքնորոշում միավորման էությանը եւ չնայած «Առավոտ» օրաթերթի «Իրավապաշտպա՞ն, թե՞ շոումեն» հրապարակումը՝ Հայրիկյանի զինված ջոկատների, ստորգետնյա զնդանների ու այնտեղ տառապող անմեղ քաղաքացիների մասին ընթերցեցինք որպես դետեկտիվ-ֆանտաստիկ ժանրի ստեղծագործության մի անհաջող փորձ, վստահ չենք, որ օրաթերթի բոլոր ընթերցողներն ի վիճակի են կռահել, որ գործ ունեն մի դժբախտ կնոջ հիվանդ երեւակայության հետ։ Ուստի, մեր պարտքն ենք համարում անդրադառնալ այդ հրապարակմանը, ավելի ճիշտ՝ Պարույր Հայրիկյանին զրպարտելու հերթական փորձին։

Պարույր Հայրիկյանը սովոր է իր հասցեին թխվող զրպարտանքներին. նույնիսկ որպես իրականություն մատուցվող զրպարտանքների հետեւանքով մի քանի անգամ դատարան է հասել. ի՞նչ փույթ, որ հետո զրպարտիչները ներողություն են խնդրել։ Նրան ներկայացնելը, այս խեղճ կնոջ առիթով, Հայրիկյան պատմական գործչի նսեմացում կլիներ։ Պարզենք, թե թույնի այս չափաբաժինը որտեղից է գալիս։ Մենք չէինք կամենա որեւէ կնոջ հետ կռվի մեջ ներքաշվել, նույնիսկ բանավիճել, բայց քանի որ Աննա Հակոբյանը ասպարեզ է իջել ԱԻՄ-ը վարկաբեկելու մոլագար, շարքային հոգեկան հիվանդի բարբաջանքներ հիշեցնող հայտարարություններով, որպես աիմականներ, լռել չէինք կարող։ Կփորձենք չոտնահարել նրա կանացի (եթե ունի), նաեւ՝ մարդկային արժանապատվությունը։ Նախ՝ փորձենք բացատրել Աննա Հակոբյանի հուզվելու դրդապատճառը։ Շատ խորանալ պետք չէ։

Այն օրերին, երբ Ստեփան Զատիկյանը, Իշխան Մկրտչյանը, Հակոբ Ստեփանյանը, Զավեն Մկրտչյանը, Հայկ Իսկանդարյանը եւ ուրիշներ, զրպարտությունների պատճառով ոչ միայն բանտում էին հայտնվում, այլեւ տալիս իրենց կյանքը, երիտասարդ Աննա Հակոբյանը, խանդավառ իր շախմատային գիտելիքներով, փորձում էր կարիերա ստեղծել։ Դա նրա իրավունքն էր։ Ամեն մարդ պարտավոր չէ զինվոր լինել։ Բայց այդ նահատակների գործը համարել արհամարհելի, եւ նրանց նահատակողների ձեռքին շարքային գործիք եղած Դեմիրճյանին վկայակոչելը, արդեն ցույց է տալիս, թե ո՞վ է Աննա Հակոբյանի կուռքը։ Կուռքը պարտվել է, պարտվել է կրկնակի։ Նախկին կոմսոմոլիկներն իրար են անցել։
Պարույր Հայրիկյանն Աննա Հակոբյանի հետ առնչվելու երկու առիթ է ունեցել։

Առաջինը՝ 1991 թ., երբ տիկին Աննան (չգիտես ինչո՞ւ Հակոբյան եւ ոչ Դանիելյան) հավակնություն ուներ, չլինելով աիմական, բայց իրեն համարելով ԱԻՄ-ի կողմնակից, բարձր պաշտոնի տիրանալ։ Դատապարտելի չենք համարում։ Նրա հետ կարճատեւ զրույցի ընթացքում Հայրիկյանը զգացել էր, որ նա այդպիսի բարձր պաշտոնի հավակնելու նախադրյալներ չունի։ Կյանքն էլ հետագայում ցույց տվեց, որ նրա բարձրագույն պաշտոնն իր ամուսնու երկու հոգիանոց հիմնարկում գործադիր տնօրեն լինելը կարող էր լինել միայն։ Այսպիսով, առաջին հանդիպումը Աննա Հակոբյանի հետ ավարտվում է մերժումով, որը, ինչպես երեւում է, դժվար էր ներել նույնիսկ 7 տարի անց։ Երկրորդ անգամ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու առիթ ունեցանք երկու կամ երեք տարի անց, երբ նրա ամուսինը հայտնվել էր ծանր կացության առաջ։ Օգտվելով ԱԻՄ-ի լրատվականի պատասխանատու լինելու հանգամանքից, պարտքեր էր վերցրել աիմականներից։ Մարդկանց խաբելու եւ հարբած վիճակով ԱԻՄ հաճախելու համար Միկա-Միքայելը հեռացվել է ԱԻՄ-ից։

Ինչպես հարյուրավոր այլ դեպքերում, Հայրիկյանն իրենից կախվածն արեց, որպեսզի տհաճ մթնոլորտում հայտնված տիկին Աննան ճիշտ հասկանա կատարվածը։ Հանդիպելով մեզ հետ, ձեր ամուսնու ներկայությամբ ասացիք. «Ի՞նչ է, սա որ նստած է մեր դիմաց, կարծում եք տղամա՞րդ է»։ Շարունակությունը ձեր ասած բառերով մենք չենք կարող կրկնել, որովհետեւ չենք կարող թույլ տալ մեզ կրկնել այն խոսքերը, որ որեւէ հայ կին, նույնիսկ հետին տղամարդու մասին չէր ասի։ Այո՛, Պարույր Հայրիկյանը 1992 թ. եղել է Գորիսի շրջանի պարետ, եւ ամբողջ ԱԻՄ-ը ռազմականացված կառույցի է վերածվել։ Դա եղել է ԱԻՄ-ի համագումարի որոշմամբ։ Մենք որոշակի առաքելություն էինք կատարում, կատարել ենք պատվով, եւ այդ գործը դարձել է մեր ժողովրդի սեփականությունը։ Մանրամասների մեջ խորանալ չենք ուզում։ Այն օրերին ԱԻՄ-ում կային մարտիկներ, նաեւ մարտիկուհիներ, ովքեր իրենց կյանքի գնով օգնում էին փախստական դարձած մեր հայրենակիցներին, պաշտպանում մեր հայրենի հողը։ Դուք Փարիզում էիք, իսկ Միկան՝ ջազ-ակումբներում։

Կարդալով տիկին Աննայի շատ հուզիչ ոդիսականի պատմությունը՝ հիշեցինք մեկ այլ դրվագ. մի կին, պատվեր ստանալով, հեռուստատեսությամբ հայտարարեց, որ Հայրիկյանը խլել է իր տունը։ Հետո այդ կինը հայտնվեց դատարանում եւ դատավորը նրան դուրս հրավիրեց՝ զրպարտության համար։ Մենք տիկին Աննայի մասին շարքային խաբեբա չենք կարող ասել, բայց այստեղ ինքը նշում է իր հարազատների տունը յոթ-ութ հազարով վաճառելու մասին։ Եվ այնպես է մատուցում, իբր նա այդ գումարը հանձնել է ԱԻՄ-ի բարեգործականին։ ԱԻՄ-ի բարեգործականի հաշվետվությունը կետ առ կետ գրի է առնվում, հրապարակվում մամուլում։ Ճիշտ է, հիմնական անձը՝ Գրիգորը, ում հետ խնդիր էր ունեցել Միքայելը, այսօր չկա, եւ երեւի հենց դա է պատճառը, որ տիկին Դանիելյան-Հակոբյանն իրեն իրավունք է վերապահում ասպարեզ իջնել իր տունը ծախելու, ԱԻՄ-ին հատկացնելու զրպարտանքներով։ Իր առջեւ խնդիր է դրել նաեւ վարկաբեկել Հայաստանի հնագույն բարեգործական կազմակերպությունը։ Բայց դուք մոռանում եք, տիկի՛ն, որ ոստիկանությունը ձեր ամուսնուն կասկածում էր գողության մեջ։

ԱԻՄ-ի լրատվականից, փակ դռների հետեւում, որի բանալիները միայն Միքայելի մոտ էին, գողացված էր տեսանկարահանման սարքի ամենաթանկարժեք մասը։ Ոստիկանությունն ասում էր, որ դա անպայման Միքայելի գործը կլինի, որ լուսամուտից մարդ չի մտել։ Հայրիկյանն էր, որ ոստիկանությանը խնդրեց հրաժարվել այդ վարկածից եւ Միքայելին կալանելուց։ ԱԻՄ-ում որպես լրատվականի պատասխանատու կայացած ձեր սիրելի ամուսնյակ Միքայել Դանիելյանը գողության կասկածանքով հեռացվեց նաեւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության լրատվական բաժնից։

Մի բան էլ հիշեցնենք. եթե ձեր ամուսինը եւ դուք միջազգային կառույցի շնորհադրամներով գոյություն եք պահպանում, ապա՝ Հայրիկյանի շնորհիվ։ Մոսկվայում՝ «Էքսպրես խրոնիկայի» խմբագիր Ալեքսանդր Պոդրաբինեկը՝ Պարույր Հայրիկյանի ընկերը, Միքայելին աշխատանքի ընդունեց այն բանից հետո, երբ Պարույր Հայրիկյանը չխոչընդոտեց։

Երախտամոռությանը մենք նույնպես սովոր ենք. մենք երախտիքի խոսքեր չէինք սպասում, բայց պարկեշտությունը գեղեցկացնում է կնոջը, թերեւս ոչ այն կնոջը, որն իր ամուսնուն «փալաս» է համարում։ Այսինքն՝ իսկապես, եթե ձեր ամուսինն այն էր, ինչ դուք էիք ասում, ուրիշ ինչ պիտի ձեզ թելադրեր գրել։ Այսօր դուք խաղալիք եք դարձել իշխանատենչությամբ տառապող մարդկանց ձեռքին։ Հայրիկյանն ունի մեկ պաշտոն, որը կոչվում է ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. դրա համեմատությամբ բոլոր եղած, առկա եւ ապագա պաշտոնները մանրուք են։

ՀԱԿՈԲ ՅՈՒՄՈՒՇԱԴՅԱՆ

ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հ.Գ. Այս պատասխանը պատրաստելուց հետո, երբ ԱԻՄ-ի ատյանում խոսվեց Աննա Հակոբյանին դատի տալու մասին (թող ցույց տա «սեփական բանտը», լուսահոգի Գրիգորի վաճառված պապենական տունը, ստալինյան մատնիչներին, ահաբեկիչներին կամ իբր Հայրիկյանի շուրթերից հնչած «խղճացեք, ես մեղավոր չեմ» արտահայտությունը), Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ընդունում եք, որ դժբախտ կին է. ուրեմն խղճալ է պետք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930