Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱ՞Ն, ԹԵ՞ ՇՈՈՒՄԵՆ…

Հունիս 10,1998 22:47

Անհնար է չընդունել Հայրիկյանի կեցվածքի ակնհայտ փոփոխությունը. երբեմնի միայն պաթետիկ, լարված դեմքը ստացել է բավարարվածության (վերջապե՜ս) հանգիստ արտահայտություն։

1994 թ. փետրվարից սկսած, ուզում էի անդրադառնալ Հայրիկյանի՝ ԱԻՄ-ի (կամ ԱԻՄ-ք-ի, կամ ԻՄ-ի, իսկ վաղը՝ ինչ իմանաս ինչի…) ներսում ստեղծած ՊԱԿ-ային համակարգին՝ մուտք գործելու դժվարություններ, փաստաթղթերի ստուգում, մարտիկների առկայություն, տիրակալին միայն հլու-հնազանդ ծառայողներ, ստալինյան մատնիչություն, դավաճանություն, ահաբեկիչներ, ինքնադատաստան, սեփական բանտ (կամ մենախցիկ) առաջին հարկում, նվաստացումներ եւ մարդկային իրավունքների այլ խախտումներ։ Սակայն այս բյուրոկրատական ապարատը ՊԱԿ-ից տարբերվում էր թերեւս նրանով, որ ուներ բարեգործական բաժին՝ տիկին Հայրիկյանի ղեկավարությամբ։ Նա վարպետորեն «ֆռռացնում» էր բարեգործականի փողերը, ահռելի տոկոսներով պարտքեր տալիս, չվճարողներին էլ պատժում ամուսնու օգնությամբ։

Սակայն ինչո՞ւ էի լռում այսքան ժամանակ։ Նախ՝ այդ ամենին ես լուրջ չէի նայում, որովհետեւ, Կարեն Դեմիրճյանի խոսքերով ասած, «Ի՞նչ ասել մեկի մասին, որի անունը տալիս, մարդու միայն ժպիտն է գալիս»։ Մյուս կողմից էլ, Մ. Դանիելյանի մեջ չկա չարություն կամ քինախնդրություն կոչվածը, որը, Նիցշեի սահմանումով, հատուկ է հասարակության ավելի ստորին խավերին։ Դե, ինչ արած, թող ես ազնվածին չհամարվեմ։
Չնայած Դեմիրճյանի ժամանակները հիշելիս սիրտս սահմռկեցուցիչ տագնապ է ապրում, սակայն չի կարելի ըստ արժանվույն չգնահատել նրա կարգախոսը՝ Արժանապատվություն, մի բան, որից զրկված են շատերը, այդ թվում նաեւ՝ Հայրիկյանը։

Շատ հեռու չգնանք, հիշենք, օրինակ, 1996 թ. սեպտեմբերի 26-ի նրա խայտառակ ելույթը Ազգային ժողովում՝ դպրոցականի սրտաճմլիկ աղերսանքը՝ խղճացե՛ք, լսե՛ք, ես մեղավոր չեմ… եւ այլն, որն ամբողջ հանրապետությունով մեկ հնչեց հեռուստատեսությամբ։ Անպատկառության անմոռանալի դասեր տվեցին մեզ նախորդ իշխանությունները։ Գնահատվում էր նա, ով ավելի անպատկառ էր։ Պարոնյանի ասույթը՝ «Ամչնալն ամոթ է այսօր», հաջողության միակ գրավականն էր։ Բայց մեր հիշողությունը կարճ է։ Օրինակ, այսօր ո՞վ է հիշում Հյուգոյի «Մարդը, որ ծիծաղում է»ևի հերոսին հիշեցնող պաշտպանության նախարարի 1996 թ. սեպտեմբերի 26-ին արած հայտարարությունը. «Եթե անգամ, հարյուր տոկոսով հաղթած լինեին, ո՞վ կտար նրանց իշխանությունը…», կամ…

Սակայն «վերադառնանք մեր ոչխարներին»։ Ով չգիտի, որ Հայրիկյանը հիմնական կրթությունը ստացել է բանտում (սա է նրա հիմնական հաղթաթուղթը), կրթվել, դաստիարակվել է այնտեղ, երգեր, բանաստեղծություններ գրել, դարձել մեծ շոումեն։ Մի հետաքրքիր զավեշտախաղ էլ իմ գլխին սարքեց այն գիշեր, երբ երկու ահաբեկիչների՝ իր պատգամավորներին, որոնք առավոտյան բանտարկել էին Մ. Դանիելյանին՝ ամուսնուս, ուղարկեց մեր տուն եւ ինձ բերման ենթարկեցին ԱԻՄ։ Բարեբախտաբար, Աստված մի շատ պատահական բարի մարդ ուղարկեց օգնության, որն ուղեկցեց ինձ որպես վկա։ Իսկ մինչ այդ, չորս ամիս շարունակ Հայրիկյանի ավտոմատավորներն ահաբեկել ու սպառնացել էին «մեղադրյալին», տատիկին եւ փոքրիկ երեխաներիս։ (Ես Ֆրանսիայում թեզ էի պաշտպանում եւ անտեղյակ էի ամեն ինչին)։

Տեսարան առաջին. հեշտ է պատկերացնել՝ 1937 թվականի դեկորներ, դերակատարները՝ նույնատիպ, դեմքերն անկենդան, ժամանակակից հանդերձանքով, եւ այս ամենը՝ մոմի լույսի տակ, երաժշտության փոխարեն՝ տուժածների հոգոցներ։ Գլխավորը հայտնվում է ուշ, երբ զոհը, տվյալ դեպքում՝ ես, ուժասպառ է եւ չի կարող ընդվզել։ Շոումենը խոսում է արագ-արագ, գերազանցիկ կոմերիտականի ոգեւորությամբ, բայց մոդայիկ բառապաշարով։ Հրահանգներ է տալիս, ստուգում մեղադրյալի ազգականների տվյալները, ձեւացնում, թե լրիվ «անտեղյակ» է իրողությանը։ Մոռացկոտ է։ Հակասական բաներ է ասում, օրինակ՝ ովքե՞ր են, ինչո՞ւ եք թողել առանց իմ գիտության։ Հետո մոռանում եւ ասում է. «Ձեր ամուսինը շատ վատ բան է արել եւ պետք է պատժվի»…

Պարզում եմ, թե ինչ է այդ վատ բանը. նույն ԱԻՄ-ի երկաթյա դռների ետեւում գործող, իրենց «ԴՄ-պրես» լրատվական գործակալությունն իրենց իսկ պահակների աչքի առջեւ բարբարոսաբար ավերելուց, թալանելուց հետո, տնօրենից պահանջում են թանկարժեք սարքավորումների գինը։ Խուճապի մատնված Դանիելյանին օգնության է հասնում տիկին Հայրիկյանը, որը ոմն Գրիգորի օգնությամբ կարողանում է 1400 դոլար գումարը մի քանի ամսում հասցնել 7-8 հազարի։ Ի դեպ, որոշ ժամանակ անց նույն բախտին է արժանանում նույն այդ Գրիգորը, որի մայրը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, մեզ տեղեկացնում է, որ Հայրիկյանն իրենց ստիպել է վաճառել ե՛ւ պապենական տունը, ե՛ւ ավտոմեքենան, մի խոսքով՝ ողջ ունեցվածքը։ Այդ առումով, մենք «լավ պրծանք»՝ վաճառեցինք միայն Դանիելյանի ծնողների երեք սենյականոց բնակարանը, որովհետեւ ինքներս չունեինք։

…Այնուհետեւ, ընդառաջ գնալով իմ թախանձանքներին, շոումենը նկարագրում է, որ ամբաստանյալն այդ պահին Ղարաբաղում է, ինքն է ուղարկել, որ անտառում փայտ կտրի։ Քիչ անց մոռանում է ասածը եւ ասում, որ ինքը խղճում է իմ երեխաներին եւ, զուտ մարդասիրությունից դրդված, կմիջամտի այդ գործին եւ կօգնի ինձ։ Կիսամութի մեջ վերցնում է հեռախոսը, իր բառերով ասած՝ «ռացիան» եւ հիանալի արտիստականությամբ մենախոսում. «Որտե՞ղ է շարասյունը, Լաչինո՞ւմ, Միքայելը ո՞ր մեքենայում է, լավ, հետ դարձեք»։ Իմ լացուկոծը նորից է ազդում Հայրիկյանի փխրուն սրտի վրա, եւ նա դարձյալ անճշտություն է թույլ տալիս. «Լավ, գնացեք, սպասեք մետրոյի մոտ, մի 15 րոպեից կբերեն ամբաստանյալին։ Սակայն դրա դիմաց դուք պետք է մի շարք թղթեր ստորագրեք՝ մոտակա օրերին քաղաքից դուրս չգալու, Միքայելի պարտքերը փակելու եւ այս ամենը հույժ գաղտնի պահելու մասին»։ Անմիջապես համաձայնում եմ։ Ստորագրում եմ «իրավապաշտպանի», ավելի ճիշտ՝ հումանիստ-բարեգործի առաջարկած բոլոր թղթերը։ Եվս մեկ կարեւոր մանրամասն. այս ամենը տեղի է ունենում խավարի խորքում լավ գծագրվող տիկին Սուսաննայի՝ Կուսակցության Բարեգործականի շեֆի չարությամբ լեցուն, բայց եւ հաղթական հայացքի ներքո, որը մոտավորապես այսպիսի բովանդակություն ունի. «Դե գնա, այսպես կնվաստանաս, այսպես կճզմենք»։ Վարագույր։

Տեսարան երկրորդ. 5 րոպե անց։ Մետրոյի մուտքի մոտ կինը վերագտնում է 12 ժամ Հայրիկյանի մեկուսարանում կալանավորված «մեղադրյալին»։ Վերադառնում են տուն։ Կինը, հասկանալով Հայրիկյանի պարզունակ եւ անմաքուր խաղաոճը (քանի որ ամբողջ կյանքում ազնիվ խաղ էր խաղացել՝ շախմատ, լինելով Հայաստանի բազմակի չեմպիոնուհի), անմիջապես նամակ է ուղարկում «բռնակալին»՝ պահանջելով վերանայել ուլտիմատումի պայմանները։ Դեպքերն արագ են զարգանում։ Կեսգիշերային նոր ահաբեկչություններ։ Օգնության են հասնում հարեւանները եւ այլն, եւ այլն…

Վերջում՝ happy end. ինչպես ասացի, ծնողներն ինքնազոհաբար վճարում են պահանջված գումարը, սակայն՝ հավերժական անեծքով «օծելով» Հայրիկյանի անունը։ Իսկ մենք ուրախ ենք, երջանիկ, որ ազատվեցինք այդ մղձավանջից։
Եվ հիմա Հայրիկյանը՝ իրավապաշտպան։ Հետաքրքիր է, ո՞ւմ իրավունքները պիտի պաշտպանի նա… գուցե նախագահի՞ կամ նրա համախոհների՞։ Բայց չդատենք, մանավանդ որ նախագահին չենք ճանաչում, իսկ անծանոթի մասին երբեք չես կարողանա անսխալ արտահայտվել..

Այ, այստեղ են ասել, որ նախագահը պետք է լինի ոչ միայն հայ, այլեւ հայաստանցի, կամ գոնե միառժամանակ ապրած լինի Հայաստանում, որ իմանանք ինքը ով է, եւ որ ինքը իմանա, թե ով ով է…

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հելսինկյան Ընկերակցության գործադիր տնօրեն,

«Ա եւ Մ» հրատարակչության տնօրեն, Պետական համալսարանի դասախոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930