Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամիս անց

Հունիս 20,1998 00:00
Davit Vardanyan

«Առավոտի» մայիսի 13-ի համարում ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանը Ռոբերտ Քոչարյանին «ոչ լեգիտիմ նախագահ» անվանեց, որից հետո նրա արդեն իսկ հայտնի նշանակումը «կախակայվեց»։ Սակայն գուցե պրն Քոչարյանն այնքան էլ հիշաչար մարդ չէ, քանզի երեկ Դավիթ Վարդանյանն, այնուամենայնիվ, նախագահի աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար նշանակվեց։

– Ձգձգման այս ընթացքում ի՞նչ հոգեվիճակ ունեիք, նշանակմանը սպասո՞ւմ էիք, թե՞ ոչ։

– Այ մարդ, դուք երեւի ավելի վատ հոգեվիճակում եք եղել, քան թե ես։ Ես ինձ նորմալ էի զգում։ Իմ կյանքում սա բեկումնային իրադարձություն չէր։ Կլիներ՝ կլիներ, չէ՝ չէ։

– Վանո Սիրադեղյանը դեռ մեկ ամիս առաջ կանխատեսել էր, որ Ձեր առաջին գործն ու գործունեության հիմնական առանցքը իշխանության մեջ մնացած ՀՀՇ-ական պաշտոնյաների գործերը ստուգելն է լինելու։

– Ինչո՞ւ են այդքան անհանգստանում՝ ես չեմ հասկանում։ Այսինքն ինչ, նրանք վախենո՞ւմ են ստուգումներից։

– Բայց դուք նման ծրագրեր ունե՞ք։

– Մնացածին ՀՀՇ-ից առանձնացնել եւ հատուկ նրանց գործե՞րն ուսումնասիրել։ Ոչ, ես այդպիսի ծրագրեր չունեմ։ Նախ, իմ գործունեությունն այնքան էլ ինքնուրույն չի լինելու։ Ըստ կանոնադրության՝ ես հիմնականում հանրապետության նախագահի հանձնարարություններն եմ կատարելու։ Եվ եթե նա այդպիսի բաներ հանձնարարի… Բայց ինձ չի թվում, թե իմ գործունեությունը քաղաքական նպատակներ է հետապնդելու։ Այստեղ ուրիշ հարց կա. չարժե «գող՝ սիրտը դող» սկզբունքով շարժվել։ Ինքս դրան դեմ եմ։ Որեւէ խնդիր չկա, քաղաքական նպատակներ չկան։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ. Գ. Դավիթ Վարդանյանը զրույցից հետո ասաց, թե որոշել էր այլեւս «Առավոտի» հետ գործ չունենալ, քանզի մեր թերթը ցինիկ է։ Այս որոշման հիմքը զարմիկների միջոցներով քաղաքի կենտրոնում գնված իր բնակարանի մասին մեր լուրի «Գլխանց» վերնագիրն էր դարձել։ Դավիթ Վարդանյանի մեկնաբանությամբ, սա ակնարկ էր, թե իբր իրեն կաշառք են տվել (քրոջ որդինե՞րը- Ա. Ի.)։ Սակայն մենք նկատի էինք ունեցել այն, որ նախապես ձեռք բերված այդ բնակարանը չպիտի կապվի Դավիթ Վարդանյանի նշանակման հետ։ Գուցե ձեւակերպման վրա ենթագիտակցորեն անդրադարձել էր մեր չար նախանձն առ այն, որ նման զարմիկներ չունենք։ Ինչեւէ, Դավիթ Վարդանյանին կոչ կանեինք պետական ծառայող դառնալուց հետո էլ չկորցնել մամուլի նկատմամբ այն հանդուրժողականությունը, որ ուներ ընդդիմադիր եղած ժամանակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930