Լրահոս
Օրվա լրահոսը

«… Որ ժողովրդին լավ լինի»

Հուլիս 02,1998 20:45

Խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որը կոչված է քննարկել կառավարության կողմից առաջարկած տնտեսական օրենքների փաթեթը՝ առժամանակ հետաձգեց պատգամավորների ազնվորեն վաստակած հանգիստը։ Երեսփոխանները քափուքրտինք մտած փորձում են համատեղել անհամատեղելին. նպաստել ազատական բարեփոխումներին եւ այնպես անել, որ «ժողովրդին լավ լինի» կամ, համենայնդեպս, ավելի վատ չլինի։ Պատգամավորները հենց այդ հարցն են համառորեն տալիս կառավարությանը. ձեր առաջարկած օրենքներով հայ ժողովրդին լա՞վ կլինի, թե՞ վատ։ Տանջվում են, մի խոսքով, խեղճերն, իրենց ընտրողների համար։ Հարցն այն է, սակայն, որ «հայ ժողովուրդը» չափազանց ընդգրկուն հասկացություն է, իսկ «լավն» ու «վատը» չափազանց հարաբերական եզրույթներ են։

Ասենք, հաստատագրված հարկերի մասին օրինագիծը կարծրացնում է հարկային բեռն այն բնագավառներում, որտեղ հարկերի հաշվառումը սովորաբար դյուրին չէ։ Այդ օրինագծից դժվար թե գոհ մնան 5 քմ-ից ավելի տարածք ունեցող առեւտրականները։ Ստացվում է, որ տուժում է հայ ժողովուրդը, ի դեմս կրպակների, խանութների, վարսավիրանոցների, բենզալցման կայանների եւ այլնի տերերի։ Այդ ժողովրդի համար օրենքը լավը չէ։ Պետության տեսակետից, սակայն, շատ էլ լավն է, քանի որ հնարավորություն է ստեղծում լցնել պետական գանձարանը։ Եվ հակառակը՝ ներմուծող մարդատար ավտոմեքենաների համար ակցիզային հարկի իջեցումը, որն առաջարկվում է խորհրդարանին, բյուջեին 1,2 մլրդ դրամ վնաս կհասցնի։ Պետության համար դա վատ է, իսկ ժողովրդի համար՝ լավ։ Նույնը կարելի է ասել շահութահարկի եւ եկամտահարկի օրենքների փոփոխությունների մասին։

Հետեւաբար, այն, ինչ լավ է ժողովրդի համար՝ վատ է պետության տեսակետից։ Եվ հակառակը. երբ լցվում է պետական գանձարանը, ժողովուրդը դրանից կարծես տուժում է։ Այդ տրամաբանությանը հետեւելու դեպքում կարելի է լավության կարգով ժողովրդին ընդհանրապես ազատել որեւէ հարկ վճարելուց։ Այդժամ պետությանն այնքան վատ կլինի, որ այն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալուց։ Եվ, հետեւաբար, հնարավորություն չի ունենալու շարունակել ազատական բարեփոխումները, որոնց արդյունքում ժողովրդի կյանքը, բնականաբար, վատանում է, բայց հեռանկարում պետք է, որ լավանա։ Մնում է միայն ապրել մինչեւ այդ պահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031