Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ

Օգոստոս 07,1998 00:00
spanutyun

Երեկ ժամը 17-ն անց 20-ին մոտ «Առավոտ» զանգահարած մի կին հուզված ձայնով տեղեկացրեց՝ սպանվել է հանրապետության գլխավոր դատախազը, եւ կախեց լսափողը։

Մոտ 20-25 րոպե չէր պատասխանում դատախազության հասարակության հետ կապերի պատասխանատուի հեռախոսը։ Նախօրոք տեղյակ էինք, որ Գ. Ամբարյանն արձակուրդում է։ Ի վերջո, հեռախոսը վերցնող աշխատակիցը կտրուկ հերքեց լուրը եւ նույնպես կախեց լսափողը։ Ժամը 18-ից «Առավոտի» թղթակիցն արդեն փորձում էր տեղում ճշտել մանրամասները։ Նախ. Հանրապետության հրապարակի կողմից տրանսպորտի եւ քաղաքացիների մուտքն արգելված էր։ Բայց մուտքն ազատ էր Շահումյան հրապարակի կողմից։ Դատախազության շենք ելումուտ էին անում միայն ոստիկանության բարձրաստիճան սպաներ։ Նրանք բոլորը միաբերան հրաժարվում էին որեւէ կերպ մեկնաբանել կատարվածը։

Ժամը 18-ն անց 30-ի սահմաններում շենքից դուրս եկավ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարի առաջին տեղակալ Հ. Հարությունյանը։ Նա եւս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։ Ժամը 19-ն անց 30-ի սահմաններում ՀՀ դատախազության շենքի հետեւում գտնվող բակի դարպասներից դուրս եկան շտապօգնության երկու մեքենաներ։ Այն, որ դատախազություն ժամանել էին ոչ թե բժշկական օգնության հատուկ վերակենդանացման մեքենաներ, նշանակում էր, որ շտապօգնության ծառայություն եւս նախօրոք տեղեկացված էր, որ կանչը վերաբերում էր արդեն կատարված սպանության, ոչ թե վիրավորներին բուժօգնություն ցույց տալուն։ Պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրներն արդեն նշում էին, որ դատախազի աշխատասենյակում սպանված են ՀՀ գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանը եւ դատախազության քրեական-դատական բաժնի դատախազ Արամ Կարապետյանը։

Տարածված նախնական կարծիքի համաձայն՝ վերջինս սպանել էր դատախազին եւ ինքնասպանություն գործել։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ Արամ Կարապետյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի է անցել դատախազության համակարգում։ Եղել է Բաղրամյանի, Արաբկիրի շրջանի դատախազ, հանրապետության տրանսպորտի դատախազ։ Նախկին գլխավոր դատախազի օրոք ձեւավորված Արդարադատության խորհուրդը ժամանակին նրան չի հաստատել մասնագիտական պիտանելիության ցուցակում, եւ Կարապետյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։

Արամ Կարապետյանի մասին մենք պարզեցինք նաեւ հետեւյալը. գործընկերների կարծիքով կարգապահ եւ գրագետ մասնագետ էր։ Բոլորն էլ դժվարությամբ էին ընկալում կատարվածը։ Շենքի դիմաց տարեց մի քաղաքացի, որ լուրը լսել էր հեռուստատեսությամբ, «Առավոտի» եւ «Նոյյան տապանի» թղթակիցներին փորձում էր համոզել, որ ինքը Կարապետյանի ծնողների մտերիմն է, որ Կարապետյանն իր մեծացրած երեխան է, եւ որ Արայիկը (մտերիմները նրան այդպես էին անվանում) նման բան չէր կարող անել։

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ տրանսպորտի դատախազ աշխատելու շրջանում Արամ Կարապետյանը Ջրվեժի ամառանոցային տարածքում մեծ հողակտոր էր գնել եւ եռահարկ շքեղ ամառանոց կառուցել։ Նրա գնած հողատարածքում տեղակայված էր Գառնիի ենթաշրջանի բարձրավոլտ էլեկտրասյունը։ Այս տարի գարնանը Կարապետյանը մի քանի ժամով անջատել էր ողջ ենթաշրջանի էլեկտրական հոսանքն ու սյունը տեղափոխել իր հողամասից։ Հնարավոր է, ի դեպ, որ այս եւ այլ մեղադրանք- փաստեր մտցվեն շրջանառություն։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31