Լրահոս
Օրվա լրահոսը

Կասյա Աբգարյան. «Ես այստեղ չեմ մեծացել, դրա համար էլ միայն խորհրդական եմ»

Օգոստոս 26,1998 00:00
Kasya Abgaryan

Կասյա Աբգարյանը ծնվել ու մեծացել է Լիբանանում։ Կալիֆոռնիայի համալսարանում ուսումնասիրել է քաղաքագիտություն, ստացել նաեւ իրավաբանական կրթություն։ 1992-94 թթ. Ամերիկայի հայկական համագումարի երեւանյան գրասենյակի տնօրենն է եղել, նույնպիսի գրասենյակ է հիմնել Կալիֆոռնիայում։ Վաշինգթոնում Հայաստանի դեսպանին մասնավոր օգնական է եղել, աշխատել է «Դեմոկրատներ, 2000» գրասենյակում, որը զբաղվում է դեմոկրատ կոնգրեսականների նախընտրական արշավով։

Գրասենյակի ղեկավարն ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորն էր, եւ եթե Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք կրկին չվերադառնար Հայաստան՝ աշխատելով որպես վարչապետի օգնական, ապա կմասնակցեր Ալ Գորի նախագահական ընտրարշավին։ Ամուսինը՝ Թիմ Ջեմալն, ազգությամբ հայ է։ 11 ամսական երեխա ունեն եւ մտադիր են երկար մնալ Հայաստանում. «Քանի որ մեծ հույսեր ենք կապոււմ ներկայիս նախագահի եւ Հայաստանում ունեցած նրա նշանակության հետ»։

– Ճի՞շտ է, որ դուք մեծ համակրանք եք ունեցել նաեւ դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը։

– Որպես նախագահ՝ անպայման։ Նա մեր երկրի առաջին նախագահն էր, պատմական դեմք։ Բացարձակապես անձնական հարաբերություն չենք ունեցել։ Որպես նախագահ, որպես անձնավորություն լիովին հարգում եմ նրան։ Բայց կարծում եմ, որ տարիների ընթացքում նրա քաղաքականությունը չգնաց այն ուղղությամբ, որը պետք էր Հայաստանին։ Չեմ կարող քննադատել, ամեն վարչակազմ իր ուղղությունն ունի… Նախկին ու ներկայիս այդ ուղղությունները շատ տարբեր են, ինչպես եւ տարբեր անձնավորություններ են պրն Տեր-Պետրոսյանն ու պրն Քոչարյանը։

Կասյա Աբգարյանի ներկայիս պարտականությունն, իր ձեւակերպմամբ, նախագահի տեսակետը ժողովրդին հասցնելն է, նրա եւ ժողովրդի միջեւ կապ հաստատելը. իսկ որո՞նք են միջոցները.

– Դրսում դրանք անծայրածիր են։ Այստեղ՝ ինստիտուտը նոր է ստեղծվում… Անշուշտ, թերթի խմբագիրների հետ շատ մոտ աշխատանք է պետք։

– Դա չի՞ նշանակում, որ թերթերի խմբագիրներին ուղղված հրահանգներ, ճնշում է լինելու նախագահի աշխատակազմի կողմից։

– Բացարձակ։ Մամուլն այսօր ազատ է, եւ որպեսզի լավ աշխատի, տեղեկատվություն է պետք տրամադրել ու շատ արագ։ Ո՛չ մի թելադրանք, դա մեր եւ նախագահի սկզբունքներին դեմ է։ Տեղեկատվության բաց դռների քաղաքականություն ենք վարում, սա չի նշանակում, որ մեր տված տեղեկատվությունը պարտադիր մեր ուզածի նման պիտի դուրս գա։

– Ասում եք՝ շատ արագ։ Ինչո՞ւ ոչ մի տեղեկություն չեղավ, թե նախագահը Ֆրանսիայի հարավում ինչ հանդիպումներ է ունենում՝ հայտարարվել էր, չէ՞, որ արձակուրդը զուգահեռելու է աշխատանքի հետ։

– Շատ շուտով, վաղվանից սկսելու ենք այդպիսի լուսաբանումները, անգամ՝ ապագայում սպասվող այցերի մասին։ Բրիֆինգները կհաճախակիացնենք…

– Իսկ նախագահի մամուլի ծառայության դերն այդ դեպքում ո՞րն է։ Դուք նաեւ ստորագրում եք՝ նախագահի մամուլի ծառայություն։ Ունե՞ք այդ իրավունքը։ Նկատի ոււնեմ վերջերս «Առավոտում» հրապարակված հերքումը։

– Ես չեմ ստորագրում այդպես։ Ծառայությունը գոյություն ունի, միասին ենք աշխատում, մի խումբ ենք. ես ավելի շատ՝ խորհուրդների ճանապարհներով, իրենք՝ ամենօրյա իրենց աշխատանքով։ «Առավոտի» հետ կապվածը… քանի որ տեղեկատվության գծով խորհրդական եմ, հերքումը վերջապես իմ միջոցով է գնացել։ Ի դեպ, բացի լրատվամիջոցների հետ աշխատելուց, Կասյա Աբգարյանը ծրագրել է սովորական քաղաքացիների հետ շփման ուղիներ գտնել. «Որ նրանք իմանան՝ իրենց հուզող հարցերը լուծելու համար տեղ կա, միջոց կա, եւ դա չի նշանակում, որ պիտի գան նախագահի շենքի առջեւ հացադուլ անեն, էս անեն, էն անեն…»։

– Բայց նամակների բաժին գոյություն ունի։

– Այո, բայց պետք է այդ նամակների վերահսկողական ձեւ գտնել։

– Ի՞նչ դեր եք ունեցել Ռոբերտ Քոչարյանի ընտրարշավում։ Ճի՞շտ է, որ բասկետբոլի խաղով հանրությանը ներկայանալու խորհուրդը ձերն էր։

– Պրն Քոչարյանն այնպիսի անձնավորություն է, որ ոչինչ չի անի, եթե կողքից իրեն թելադրում կամ ասում են։

– Էլ ինչի՞ համար են խորհրդականները։

– Խորհրդականները տարբեր մտքեր, դատողություններ են առաջարկում, մի մարդը չի կարող ամեն հարցի կատարելապես տիրապետել։ Բասկետբոլի պարագայում ոչ մի դեր չեմ ունեցել, նա միշտ մարզիկ է եղել, պարզապես ուզում էինք, որ ժողովուրդն իմանա, որ պրն նախագահը (կամ՝ վարչապետը) տարբեր դիմագծեր ունի, որոնցից մեկը՝ մարզիկինն է։

– Նախագահը բավական ակտիվ է լրագրողների հետ հանդիպումներում։ Դա նույնպես Ձեր խորհուրդների շնորհի՞վ է։

– Որեւէ բան իմ խորհուրդների շնորհիվ չի կարող լինել։ Նախագահը հասկանում է ազատ մամուլի աշխատանքի, մոտ հարաբերությունների կարեւորությունը…

– Ինչի, կարեւորությունը Ղարաբաղում չէ՞ր հասկանում։

– Կարծեմ, Ղարաբաղում մի քիչ տարբեր է ժողովրդի հասկացողությունը, մտածելակերպը։ Չէի ասի՝ բարձր կամ ցածր։ Երեւանի ու այլ վայրերի միջեւ էլ այս տարբերությունը կա։ Հետո՝ Ղարաբաղում ընդամենը 100-150 հազար բնակչություն կա, այնտեղ Քոչարյանը լիդեր էր…

– Թագավո՞ր։

– Չէ, լիդեր, փոքր ժողովրդի նախագահ, որի գործունեությունն ակնհայտ է, եւ բացատրությունների կարիք չկա։ Մինչդեռ այստեղ նա 6 մլն սփյուռքահայերի եւ 3 մլն հայաստանցիների նախագահն է, անմիջական մեկնաբանությունների, լուսաբանումների կարիքը կա։

– Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի բնակչության մտածելակերպի մասին. Դուք՝ ծնունդով լիբանանցի, կրթությամբ եւ քաղաքացիությամբ՝ ամերիկացի, ծանո՞թ եք հայաստանցիների մտածելակերպին։ Ընտրությունների ժամանակ հակասություններ չէ՞ին լինում։ Օրինակ՝ ես գիտեմ, որ լրատվամիջոցներով պրն Քոչարյանի լողազգեստով հայտնությունն ավելի շատ բացասական արձագանք ունեցավ։

– Որոշ հարցեր տեխնիկական են, որտեղ էլ լինի, եթե միջոցներ կան, դրանք աշխատում են։ Հայաստանի պարագայում, անկասկած, 100 տոկոսով չեմ պատկերացնում՝ չնայած երկար տարիներ այստեղ ապրել եմ, եւ սա իմ հայրենիքն է, բայց ես այստեղ չեմ մեծացել, դրա համար էլ միայն խորհրդական եմ։ Լողազգեստի մասին… Ինձ համար էլ է դա անընդունելի, ես դեր չեմ ունեցել։

– Բարձր ճաշակի տե՞ր մարդ է Ռոբերտ Քոչարյանը, դուք շփվել եք նաեւ արեւմտյան քաղաքական գործիչների հետ։

– Շատ բարձր ճաշակի։ Ոչ ոք բան չի կարող ասել։

– Նաեւ նախագահի տիկնո՞ջ իմիջով եք զբաղվում։

– Շատ քիչ։

– Նկատեցի, որ աշխատակազմի անվտանգության ծառայության պետի հետ ինչ-որ չափսեր վերցնելու մասին էիք խոսում։ Նաեւ՝ աշխատակազմի՞ հագուկապով եք զբաղվում։

– Չէ, ամեն կատարելիք այցի հետ է կապված։ Մասնավոր ընթրիք է հրավիրելու Քըրք Քըրքորյանը, «Սեւ փողկապ» ընդունելություն է նախատեսված…

– Բայց ինչո՞ւ եք Դուք անձամբ վերցնում չափսերը։

– Ոչ թե սանտիմետրով, այլ ամերիկյան միավորներով (մատնաչափ) պիտի վերցվեն չափսերը…

– Բայց դերձակի հմտություն էլ է պետք չափսը վերցնելիս։

– Մայրս 30 տարի հագուստի ոճաբան է եղել, այն էլ՝ Ֆրանսիայում։

Ինչ վերաբերում է Հայաստանի լրատվամիջոցներին, ըստ Կասյա Աբգարյանի, «հետաքրքիր էվոլյուցիա են ապրել», բայց պատասխանատվության հարցը մնում է. «Հովանավորների առջեւ ոչ միշտ, բայց երբեմն պատասխանատվություն դրսեւորում են, բայց ժողովրդի առջեւ՝ բացարձակապես։ Ուժեղացել է դեղին մամուլը, գուցե ֆինանսատնտեսական պատճառներով։ Ժողովուրդը մամուլի վրա ազդելու միջոցներ չունի, խմբագիրները, լրագրողներն իրենք, պիտի զգան այդ պատասխանատվությունը, երբ ապատեղեկատվության հարց կա»…

Ի դեպ, վերջերս «Լուրեր» հեռուստածրագիրը հաղորդեց, որ հարցախույզ է անցկացվել (այդպես էլ չկարողացա ճշտել հետազոտողներին), որի արդյունքներն այսպիսին են. հարցվածների 37 տոկոսը դժգոհ է նախագահի քաղաքականությունից, 34-ը՝ գոհ։ Նման արդյունքների համար պատասխանատվությունը (եթե իրական թվեր են), կարծում եմ, ոչ նախագահի իմիջմեյքեր խորհրդականինն է, ոչ էլ, առավել եւս՝ անպատասխանատու մամուլինը։

ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ «Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31