Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՏԱՏՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԾԱՎԱԼԵԼ

Հոկտեմբեր 27,1998 00:00
grant

«Մարդու իրավունքներ 96-98» հասարակական կազմակերպությունը դատական քաշքշուկներից հետո վերջապես գրանցվեց արդարադատության նախարարությունում։ Կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանի գնահատմամբ՝ արդարադատության նախարարությունը գրանցման հարցերին «ջոկովի» է մոտենում, առաջնորդվում իր ցանկությամբ եւ ոչ թե՝ օրենքով։ Այս դեպքում անհասկանալի է ԱՆ նման «կոշտ» կեցվածքը հատկապես տեղական կազմակերպությունների նկատմամբ ու ոչ, ասենք, միջազգային հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնք իր աչքի առաջ գործում են առանց որեւէ տեղ գրանցվելու, այլ կարգավիճակով, որոշ առումներով՝ ՀՀ օրենքները ոտնահարելով։ Եթե սրան գումարենք նաեւ երկու «տեսակի» հասարակական կազմակերպությունների ձեւավորումը, նրանցից մի «տեսակի» արտոնյալ վիճակում հայտնվելու փաստը, ապա պարզ կդառնա, որ որոշ տեղական կազմակերպությունների հնարավորությունները որքան սահմանափակ են, սահմանափակվում են։

Սահմանափակմանը եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը մեծապես խանգարում է միջազգային կազմակերպությունների գրանտ-դրամաշնորհների բաշխման քաղաքականությունը, որի դեմ, ինչպես ասում են՝ խաղ չկա, իսկ թե ինչու խաղ չկա, տեսնենք, թե ինչ պատահեց հայ իրավապաշտպան կազմակերպության հետ, երբ որոշեց դիտարկման առարկա դարձնել դրանց հրապարակայնության հարցը։ «Կեբեդեն ու Լիդիկը գնացին, Լոռենսն ու Կատիցան մնացին» «Աչքալուսանքը» տվեց «Մարդու իրավունքներ 96-98» կազմակերպության նախագահ Ռ. Թորոսյանը, որը, սակայն, վերոնշյալ անձանց գործունեությունը համահունչ համարեց հայրենի իշխանության գործունեությանը։ – Ի՞նչը նկատի ունեք։

– Եթե կառավարությանը կամ մեր ցանկացած նախարարությանը գրություն ես ուղարկում, նամակ ես գրում, ապա նրանք քեզ չեն պատասխանում, ինչպես եւ չեն պատասխանում միջազգային կազմակերպությունները։ Այդ պատճառով է,- ասաց Ռ. Թորոսյանը,- որ Կեբեդեի գործունեությունը չի զիջում Նանագուլյանի գործունեությանը, Լիդիկինը՝ Օսկանյանինը, Լոռենսինը՝ Ավանեսյանինը, Կատիցայինը՝ Սանդոյանինը…

Նույն ոճն ունեն, ըստ նրա, «Էդ Սորոսի Էլիզաբեթն» ու ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Ֆաթիման… Իրականում, ի՞նչն է նման եզրահանգումների հիմք տվել պրն Թորոսյանին։ Վերջինս տեղեկացրեց, որ իրենք դիմել են միջազգային մի շարք կազմակերպությունների, խնդրելով տրամադրել իրենց կանոնադրությունները եւ նաեւ՝ 1995-98 թթ. ՀՀ հասարակական կազմակերպություններին տրամադրած գրանտ-դրամաշնորհների ցանկը։ Դիմել են Ամերիկայի հայկական համագումարին, Տասիսին, ՄԱԿ-ին, Ամերիկայի միջազգային գործակալությանը, Ամերիկայի տեղեկատվության գործակալությանը, Եվրասիային, «Սորոս» բաց հասարակության ինստիտուտի օգնության հիմնադրամին, Հասարակական կազմակերպությունների կենտրոնին… Եվ քանի որ Չեկալովիչը պատասխանել էր, թե իրենք չեն տալիս հասարակական կազմակերպությունների տվյալները, շարունակեց Ռ. Թորոսյանը, հետեւաբար, նույն խնդրով դիմել են ՄԱԿ-ի մարդասիրական վարչության գրասենյակին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամին, ՄԱԿ-ի երեխաների հիմնադրամին, Հասարակական ինֆորմացիայի հայաստանյան գրասենյակին եւ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարին։

Գրանտների գաղտնիությունը

Ռ. Թորոսյանը նշեց, որ իրենք «հայտնաբերեցին» ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն «ահավոր փնթի» վիճակում, քանի որ պարզվեց, որ նրանք աշխատում են «հնացած ցուցակներով»։ Շատ կազմակերպություններ փոխել են իրենց հասցեները, սակայն նրանք տեղյակ էլ չեն։ «Եղան գրասենյակներ, որոնք ընդհանրապես մեզ չպատասխանեցին՝ պատճառաբանելով, թե աշխատող չունեն»։ ՄԱԿ-ի փախստականների գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ընդհանրապես, պատասխանել է, թե գրանտների ցուցակ տրամադրել չեն կարող. գաղտնի է։ Ի դեպ, դա այն գրասենյակն է, որ ֆինանսավորել է Կարմիրշալյանի ՄԱԿ-ի իրավունքների կենտրոնին… USIS-ը՝ Ամերիկայի տեղեկատվական գործակալությունը գրել է նույնպես, որ պահանջածը confidential է։ Ռ. Թորոսյանը շարունակելով ներկայացնել իր ոդիսականը, տեղեկացրեց մեզ, որ ինքը հանդիպել է «Սորոսի Էլիզաբեթին» եւ տեսել նույն փնթի գործավարությունը։ Պարզվել է, որ Սորոսի Էլիզաբեթը նույնիսկ չի իմացել, թե որտեղ է գտնվում իրենց՝ 1995-98 թթ. գրանտների ցուցակը, որն, ի վերջո, «կիսատ-պռատ» տրամադրվել է «հայկական կողմին»։

«Եվրասիան» նույնպես իր կանոնադրությունը չի տրամադրել…

Հա, ի դեպ, «Սորոսի» ղեկավարը, չլինելով տեղացի, ասել է նաեւ, թե ինքը չգիտի էլ, կարո՞ղ է ցուցակների հետ ծանոթացնել, թե՝ ոչ։ Վերջապես, փնտրտուքների ժամանակ բացահայտվել է նաեւ, որ «Սորոսը» Հայաստանում գրանցված չէ որպես հասարակական կազմակերպություն, այլ որպես… դուստր ձեռնարկություն։ «Եվրասիան» էլ ո՛չ պայմանագիր ունի, ո՛չ էլ գրանցված է արդարադատության նախարարությունում։ Հավանաբար, դա իրենց կանոնադրությունները չտրամադրելու հիմնական պատճառներից մեկն է եղել։ Ավելի ցնցող է «Հասարակական կազմակերպությունների կենտրոնի» կարգավիճակի ճշտման հարցը. այն մի դեպքում՝ ներկայացվում է Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր, որից, ի դեպ, հրաժարվում է նույն այդ համագումարը, մի դեպքում ֆինանսավորվում է USID-ի կողմից, եւ, սակայն, «ինչպես կարող է այդ ծրագրին ՄԱԿ-ի գրասենյակը 20 հազար դոլար տալ…»։ Մինչդեռ, Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի համաձայն, միջազգային հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն արդարադատության նախարարությունում կամ էլ միջազգային պայմանագրեր կնքեն կառավարության հետ։

Յուրայինների երկակի խաղը

Ովքեր են յուրայինները. նրանք, ովքեր մշտապես գրանտ են ստանում։ Ովքեր են օտարները. նրանք, ովքեր ընդհանրապես գրանտ չեն ստանում։ Չկա դրամաշնորհների մասին օրենք եւ, սակայն, դա պատճառ չի կարող լինել նմանօրինակ դասակարգման համար։ Ամեն մի մրցույթ, որը հայտարարվում է, պետք է, բնականաբար, ունենա անցկացման կարգ։ Այդպես են կարծում «2-րդ սորտի» հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են հասկանալ, պայքարել իրենց մերժված ծրագրերի համար։ Կա մի պատասխան. «խորացված չի, չի համապատասխանում…»։ «Մարդու իրավունքներ 96- 98-ի» նման շատ կազմակերպություններ փորձում են լուծել այս գլուխկոտրուկը, փորձում են ծանոթանալ, ահա թե ինչու, նրանց կանոնադրությունների եւ ծրագրերի հետ։ Ավաղ։ Ռ. Թորոսյանը նշեց, օրինակ, Բանկերի ասոցիացիայի անունը, «որը տարբերվում է մյուս հասարակական կազմակերպություններից իր ֆինանսական ռեսուրսներով։ Վերցնենք ասոցիացիայի նախագահի եսիմ ինչ արժեքի մեքենան, սակայն այդ կազմակերպությանը գրանտ են տալիս…»։

Ի դեպ, զրուցակիցս խոստացավ գրանտ ստանալու հարցով «փորձի փոխանակման» հրավիրել Երեւանի մամուլի ակումբին (ԵՄԱ), որը «Եվրասիայից» ստացել է 25000, 24000, «Տասիսից»՝ 200 հազար եւ 128 հազար դոլար. «Փաստորեն ձեւավորվում են ընտրովի կազմակերպություններ, յուրայիններ, որոնք ատամներով պաշտպանում են իրենց ֆինանսավորող տերերին». հետեւությունը այսպիսին էր։ Որպես օրինակ բերվեց ԱՄՆ դեսպան Լիդիկի, դեսպանատան ցոգոլն ուտելու փորձ արած հայ երեխաների մասին հանրահայտ պատմությունը, երբ ԵՄԱ-ն քննարկումներից մեկի ժամանակ պաշտպանելով Լիդիկին, գտել էր, որ նա լավ է արել (ծեծի մասին է խոսքը) եւ որ «դրանց (երեխաներին) պետք էր նույնիսկ գնդակահարել»։ Ահա թե ինչու են գրանտներ ստացած կազմակերպությունները իշխանամետ եւ որովհետեւ գրանտներն անգամ կառավարական օղակներում են աշխատում։

Ի դեպ, կազմակերպությունը դիմել է «Տասիսին», որպեսզի նրանք ցույց տան ԵՄԱ-ի արդյունքները (կապված 1996 թ. նախագահական ընտրությունների հետ), սակայն պատճառաբանել են, թե իրենց մոտ չկան արդյունքները, այն դեպքում, երբ դրա համար 100 հազար դոլար է «դուրս գրվել»… Tsavog, meng cheng karogh… Այս հանճարեղ գյուտի հեղինակը Դավիթ Սարգսյանն է, որի անգլերեն տառերով հայերեն տեքստը ծիծաղելի լինելով հանդերձ սպանիչ ծաղր է մեր պետության հասցեին, մեր «Լեզվի մասին» օրենքի նկատմամբ։ Օրենքի վերոհիշյալ հոդվածը, թե՝ «պետական հսկողության ենթակա փաստաթղթերը պետք է միաժամանակ հայերեն լինեն», հայ ծառաների համար իրենց օտար տերերին հաճոյանալու այս հնարավորությո՞ւնն է տվել։ Ռ. Թորոսյանի «խայտառակություն» է գնահատականն այս դեպքում, հավատացեք, մեղմ է հնչում…

Ինչեւէ։ Նոյեմբերի 5-ին «Մարդու իրավունքներ 96-98-ը» իր կազմակերպության կոնֆերանսին խոստանում է ուրիշ շատ զավեշտալի փաստեր՝ «Ինչպես է կոփվում գրանտը Հայաստանում» թեմայի շրջանակներում։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031