Լրահոս
Օրվա լրահոսը

Քրդերը սատարում են Աբդուլլաh Օջալանին

Նոյեմբեր 17,1998 00:00
ojalan

PKK-ի առաջնորդ Աբդուլլաh Օջալանի դիմանկարը հայտնվեց Հայաստանի փողոցներում։ Հայաստանի Հանրապետության՝ ազգությամբ քուրդ քաղաքացիները երեկ բողոքի ցույց կազմակերպեցին Հայաստանում, ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց՝ պահանջելով իտալական իշխանություններից քաղաքական ապաստան տրամադրել իրենց առաջնորդին։

Բացի այս պահանջից, ՄԱԿ-ին հանձնված փաստաթղթում պահանջվում է դատապարտել քուրդ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը եւ ապահովել քուրդ ժողովրդի մարդկային եւ ազգային տարրական իրավունքները։ Քրդական կազմակերպությունները եւ ցուցարարները հանրահավաք կազմակերպեցին նաեւ Մամուլի տան բակում՝ փորձելով իրենց պայքարի վրա սեւեռել հայկական լրատվամիջոցների ուշադրությունը։ Հանրահավաքին մասնակցում էին նաեւ 50 հացադուլավորներ, որոնց Միջազգային կարմիր խաչի ֆեդերացիան Հայկական կարմիր խաչի ընկերակցությունը հրաժարվել էին արձագանքել։ Պատճառը հավանաբար այն է, որ հացադուլը հերթափոխային է, այսօրվա հացվադուլավորը վաղը հանգստանում է եւ նրան փոխարինում է մեկ ուրիշը։

Օջալանի բանտարկությունը սպասվում էր վաղուց։ Թուրքական իշխանություններին ի վերջո հաջողվեց հասնել Սիրիայի կողմից Օջալանի արտաքսմանը։ Օջալանը ստիպված էր հեռանալ Ռուսաստան, որտեղ դիմեց Պետդումային՝ քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով։ Չնայած Պետդուման որոշում ընդունեց Ապոյին ապաստան տրամադրելու մասին, սակայն երկրի արտաքին քաղաքականություն որոշողները՝ նախագահը եւ վարչապետը, պարտադրեցին նրան թողնելու Ռուսաստանի Դաշնությունը։ Երեւի Իտալիա մեկնելուց առաջ Օջալանը նկատի է ունեցել ձերբակալման հեռանկարը։

Մամուլի տան մոտ հավաքված ցուցարարներից մեկը բղավեց՝ «Ռուսաստանը դավաճանեց մեզ եւ Ապոյին հանձնեց իտալական իշխանություններին»։ Այս հայտարարությունը լայն արձագանք գտավ ցուցարարների եւ կազմակերպիչների շրջանում։

Քուրդ մտավորականության միությունում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրին, որ Իտալիայի արտաքին գործերի, ինչպես նաեւ Ինֆորմացիայի նախարարությունները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որոնց, օրակարգում Օջալանին թուրքական իշխանություններին հանձնելու խնդիր չկա։ Ըստ իտալական օրենքների, քաղաքական ապաստանի խնդիրը պետք է լուծվի տասօրյա ժամկետում։ Իտալական իշխանություններին զգաստացնող ցույցեր են տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի քրդաշատ մյուս երկրներում։ Քրդերի հոծ զանգվածներ մեկնում են Իտալիա, որի իշխանությունները ժամանակավորապես արգելել են քրդերի մուտքը երկիր։

Քրդերի պայքարը նրանց առաջնորդի ձերբակալմամբ կամ նույնիսկ ոչնչացմամբ հնարավոր չէ վերացնել։ «Եթե Օջալանը չազատվի, 40 միլիոնանոց քուրդ ժողովուրդը Օջալան է»,- ասաց Հայաստանում ՔԱԱՃ-ի ներկայացուցիչ Սաբրի Ջանը։ Վերջին մի քանի օրերի իրադարձությունները ցույց են տալիս, ոչ Օջալանի ձերբակալությունը քրդական ազգային ինքնագիտակցության եւ միասնության նոր վերելք առաջացրեց։ Եթե նախկինում Հայաստանում քրդական համայնքի ղեկավարները չէին պաշտոնականացնում իրենց կապը ՔԲԿ-ի հետ, ապա երեկվա մամուլի ասուլիսում նրանք արտահայտվում էին այսպես. «…մեր PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը…»։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30