Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈ՞ՒՆ

Դեկտեմբեր 03,1998 00:00
Aram Gharibyan

Երեկ չորեքշաբթի էր։ Բայց ոչ այն չորեքշաբթիներից, երբ ազգիս ընտրյալները տալիս են հարցեր (երբեմն՝ հռետորական) ազգիս արհեստավարժներին եւ ստանում պատասխաններ (հիմնականում՝ հռետորական)։

Անցյալ չորեքշաբթի պատգամավորի հռետորական հարցին՝ պե՞տք է Հայաստանին գիտություն, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը վստահ պատասխանեց. «Գիտություն պետք է, իհարկե, միանշանակ»։ Նաեւ հավաստիացրեց, որ «գիտության զարգացման անընդհատության» սկզբունքն ընկած է կառավարության ծրագրերի հիմքում։ Սակայն պատգամավորի մտահոգությունը հենց գիտության ֆինանսավորման ընդհատության հետեւանք էր, իսկ առանց կայուն (չենք ասում՝ լիարժեք) ֆինանսավորման գիտության զարգացման անընդհատությունը ինչպե՞ս պիտի ապահովվի։ Սակայն ա՛յս հանելուկի պատասխանը գտնելու ցանկությամբ չէր «Առավոտը» որոշել այս չորեքշաբթի էլ ինքը ստանձնել հարցեր տալու «պատգամավորական առաքելությունը» եւ արժանանալ նախարարների ավանդական շնորհակալությանը, թե «այո՛, խնդիր կա, շնորհակալություն հիշեցման համար…»։

Երեկ որոշել էինք գտնել պարոն Սանդոյանի առաջադրած մեկ այլ հանելուկի պատասխանը. այդ ինչպե՞ս է հայտարարում, որ «նախորդ տարիների համեմատ մենք անհամեմատ ավելի բարվոք վիճակում ենք գտնվում բոլոր ոլորտների ֆինանսավորման առումով, մասնավորապես՝ գիտության», երբ վերջին տարիներին թե՛ գիտության ֆինանսավորման, թե՛ գիտնականների ու մանկավարժների աշխատավարձերի վճարման նման ձգձգումներ, որոնք որոշ շրջաններում սպառնում էին նույնիսկ գործադուլի պատճառ դառնալ, մեր հիշողությունը չի արձանագրել։ Եվ չնայած հարցն այս ուղղեցինք ոչ անձամբ հանելուկի հեղինակին, այլ նրա տեղակալ, հանրապետության գլխավոր գանձապետ Արամ Ղարիբյանին, սակայն, ի տարբերություն պատգամավորների այդ առավելության, մենք էլ մեր առավելությունն ունեինք։ Ամենակարեւորը՝ հարցերի քանակն ու ժամանակը սահմանափակված չէր րոպեներով, այլ պարոն Ղարիբյանի համբերատարության (այն կարելի է գերազանց գնահատել) եւ լրագրողիս բավարարվածության (հարցերից) աստիճանով։ Ընդ որում, զրուցակցիս խնդրեցի հնարավորինս մատչելի եւ մանրամասն պատասխանել։ Իսկ հարցազրույցը սկսվեց անցյալ եւ այս տարվա ցուցանիշների համեմատությամբ։

– Այո, անցյալ տարիների համեմատ վիճակն այս տարի բարվոք է։ Կրթության բնագավառում 1997 թ. տարեկան պլանը մոտ 7,7 մլրդ դրամ էր, ֆինանսավորվել է 7,6 մլրդ։ 1997-ի իննամսյա պլանը 5,7 մլրդ է եղել եւ հենց այդքան էլ ֆինանսավորվել է։ 1998-ի իննամսյա պլանը 6,683 մլրդ է, ֆինանսավորվել է 6,674 մլրդ, դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 7,242 մլրդ։ Գիտության բնագավառում 1997-ի տարեկան պլանը 2 մլրդ է, ֆինանսավորվել է 1,8 մլրդ, իննամսյա պլանով՝ 1,268 մլրդ է եղել, տրվել է 1,103 մլրդ։ 1998 -ի տարեկանը 2,554 մլրդ է, իննամսվա համար ծրագրավորված է 1,298 մլրդ, տրվել է 1,242 մլրդ։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 1,573 մլրդ։

– Դուք ցուցանիշները համեմատեցիք իննամսյա կտրվածքով, իսկ ընթացիկ վճարումների առումով այս տարին ավելի ոչ «բարվոք» չէ՞ր։

– Տարին կարելի է բաժանել երկու մասի՝ մինչեւ օգոստոսի վերջ եւ դրանից հետո։ Մինչեւ օգոստոսի վերջ ֆինանսավորումը բնականոն, շատ կարճ ժամանակահատվածների ընթացքում իրականացվում էր։ Բայց ռուսական ճգնաժամը անուղղակի ազդեցություն ունեցավ մեր արժեթղթերի շուկայի վրա։ Որպեսզի ավելի պարզ լինի, ասեմ, որ 1998 թ. բյուջեում մենք ունենք 6,7 մլրդ դրամի արժեթղթերից ֆինանսավորում։

– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք վարչապետի եւ նախարարի այն հավաստիացումները, թե ռուսական ճգնաժամը Հայաստանի վրա ազդեցություն չունի…

– … Ուղղակի ազդեցություն չունի։

– Ուղղակի-անուղղակի, տարբերությունը ո՞րն է, եթե ազդեցություն, այնուամենայնիվ, կա։

– Անուղղակի ազդեցությունն այն է, որ նախ Հայաստանի վճարային հաշվեկշռի վրա ազդեց, այսինքն՝ այն տրանսֆերտները, որոնք փոխանցվում էին Ռուսաստանի մեր հայրենակիցների կողմից, բնականաբար, նվազեց։ Եվ երկրորդ՝ արժեթղթերի շուկայում ոչ ռեզիդենտների՝ այլ պետությունների մասնակցության վրա ազդեց։ Ռուսաստանի, հետո էլ Մոլդովայի ճգնաժամերի պատճառով նրանք սկսեցին ավելի կոնսերվատիվ վերաբերվել ԱՊՀ երկրներին։ Ուղղակի ազդեցություն, այսինքն՝ նման ճգնաժամ Հայաստանում չկա, բայց կան անուղղակի ազդեցություններ։ Արժեթղթերից նախատեսված այդ 6,7 մլրդ դրամի ֆինանսավորումից շատ ավելի քիչն է ստացվել։ Իհարկե, դրանից ելք կար, այսինքն՝ կարելի էր ընտրություն կատարել՝ շարունակել բարձր տոկոսներով արժեթղթեր վաճառել եւ կատարել այդ ծախսերը, ինչը կհանգեցներ նրան, որ վաղ թե ուշ կկանգնեինք նույն խնդրի առաջ, ինչ Ռուսաստանը։ Կամ գնալ որոշակի զոհողությունների, զսպողական քաղաքականության, ինչը կբերեր շատ ավելի հարթ, կայուն տնտեսական քաղաքականության։ Բնականաբար, ընտրեցինք երկրորդ տարբերակը։

– Այդպիսի դեպքերից ապահովագրվելու նպատակով, բյուջեում ինչ-որ գումարներ նախատեսված չե՞ն, որ գոնե բյուջետային աշխատողների աշխատավարձը ամիսներով չուշացվի։

– Դրա համար կա պաշտպանված ծախսերի հասկացություն, այսինքն՝ առաջնահերթ ծախսերը, որոնց մեջ մտնում է աշխատավարձը։ Բացի արժեթղթերից, նաեւ արտաքին ֆինանսավորումներ կան, որ Հայաստանը պետք է ստանար։ Համարյա ամբողջ տարվա ընթացքում բանակցություններ են վարվել եւ դեկտեմբերին ակնկալում ենք, որ կստանանք։ Դա հնարավորություն կտա մեր պարտքերը փակել։

– Վարկե՞րը նկատի ունեք։

– Այո, սովորաբար դեֆիցիտը ֆինանսավորվում է երկու աղբյուրների հաշվին՝ ներքին աղբյուրներ (Կենտրոնական բանկի վարկ, արժեթղթեր) եւ արտաքին վարկեր։ Գիտության թեմատիկ ֆինանսավորումը տրվում է մեկ հոդվածով։ Բյուջեի քաղաքականության առումով աշխատավարձերը շատ ավելի առաջնահերթ են՝ չթերագնահատելով թեմատիկ ֆինանսավորման կարեւորությունը։

– Այսինքն, այդ երեքամսյա չվճարումները միայն թեմատի՞կ ֆինանսավորմանն էին առնչվում։

– ԳԱԱ-ի զուտ ապարատային ծախսերը, որի մեջ մտնում են նաեւ աշխատավարձերը, վճարվում են՝ ինչպես մյուս աշխատավարձերը։ Այդ լարվածությունը որ կար, հետեւանք էր թեմատիկ ֆինանսավորման ուշացման։ (Այսինքն, աշխատավարձ չեն ստանում միայն թեմատիկ ֆինանսավորման ծրագրում ընդգրկվածները։ -Ն. Հ.)։ Աշխատավարձերը, անկախ որեւէ բանից, շատ ավելի քիչ ուշացումներով ֆինանսավորվում էին։

– Ակադեմիկոսներին տրվող պատվովճարնե՞րը որ հոդվածի մեջ են մտնում։

– Դա առանձին հոդվածով է եւ դրա ֆինանսավորումը պետք է որ լինի նորմալ։ Հնարավոր են 1-1,5 ամսվա ուշացումներ։

– Եթե հիմա ես փորձեմ ԳԱԱ-ից տեղեկանալ վերջինը ո՞ր ամսվա աշխատավարձն են ստացել, ի՞նչ պատասխան կստանամ։

– Դուք ամենայն հավանականությամբ կստանաք տարբեր պատասխաններ, քանի որ գումարը մաս-մաս է բաշխվում՝ 50-ական մլն-ով։ Առաջին 50 մլն ֆինանսավորման մեջ կընկնեն, ասենք, երկու ինստիտուտ, այդտեղից կասեն, որ մինչեւ հոկտեմբեր ստացել ենք, մնացածներն ավելի շուտվանից չեն ստացել։ Ցավոք, անհնար է ամբողջ գումարը միանգամից հատկացնել։

– Էդվարդ Սանդոյանն ասաց, որ մինչեւ նոյեմբերի վերջը ամբողջ գիտության, նաեւ կրթության բնագավառները կֆինանսավորեն։

– Կրթության ֆինանսավորումն իրականացվում է մի ամսի 15-ից մյուս ամսի 15-ը։ Նոյեմբերի 10-ի դրությամբ ֆինանսավորված էին հանրապետության բոլոր դպրոցները սեպտեմբերի 15- հոկտեմբերի 15-ի համար։ Հոկտեմբերի 15-նոյեմբերի 15-ի համար դեկտեմբերի առաջին կեսին կֆինանսավորենք, դեկտեմբերի երկրորդ կեսին նոյեմբերի 15- դեկտեմբերի 15-ը կֆինանսավորենք։ Առաջնայնությունը տրվում է աղետի գոտուն, հեռավոր մարզերին։

– Միայն աշխատավարձե՞րը նկատի ունեք։

– Առաջնությունը տալիս ենք աշխատավարձին, հետո կապ-էլեկտրաէներգիա-ջեռուցման, ապա՝ տնտեսական ծախսերին։ Դրանք առանձին-առանձին ենք վճարում, որպեսզի այնպես չլինի՝ մեկը բոլոր հոդվածներով ֆինանսավորվի, մյուսը՝ մեկն էլ չստանա։

– Նոր տարվա շեմին կարո՞ղ եք խոստանալ, որ բոլոր պարտքերը մինչեւ տարվա վերջ կփակեք։

– 10-14 օրվա ընթացքում կպարզվի դրամաշնորհների ստացման հարցերը։ Մոտեցումն այս է. մինչեւ դեկտեմբերի 20-ը ապահովել բոլոր պարտադիր ծախսերի, աշխատավարձերի վճարման կատարումը։ Դա, բնականաբար, գերծանր խնդիր է, բայց ես լավատես եմ։ Դեկտեմբերի վերջին տասնօրյակում հիմնականում կլինեն այլ ծախսատեսակներ, որտեղ մենք շատ ավելի ազատություն կունենանք։

Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031