Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբաններին ուզում են սրի տակով անցկացնել

Դեկտեմբեր 05,1998 00:00
pastaban

Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի եւ նախագահության հայտարարությունը

Ժողովրդական իրավական պետության ստեղծման եւ մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարեւոր գրավականը պետական մարմինների միջամտությունից անկախ փաստաբանության ստեղծումն է։ Փաստաբանը հաճախ պաշտպանում է քաղաքացու շահերը՝ ընդդեմ պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց թույլ տված չարաշահումների եւ ապօրինությունների։

Ամբողջատիրության ժամանակաշրջանում փաստաբանը զուրկ էր պատճաշ լիազորություններից եւ, փաստորեն, ի վիճակի չէր պաշտպանելու քաղաքացիների օրինական շահերը պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններից եւ չարաշահումներից։

Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունվեց փաստաբանության մասին օրենքը, որը կարող է իրավական հիմք ծառայել փաստաբանի կողմից իրավապաշտպանի իր առաքելությունն իրականացնելու համար։

Սակայն իշխանությունները նպատակ ունեն հիմնովին ձախողել ժողովրդավարական իրավական պետությանը համարժեք փաստաբանության ինստիտուտի ձեւավորումը՝ փաստաբաններին կախվածության մեջ դնելով պետական մարմիններից եւ դրանով իսկ փաստաբաններին զրկելով քաղաքացիների եւ իրավաբանական անձանց օրինական շահերը պատշաճ ձեւով պաշտպանելու հնարավորությունից։ Փաստաբանության պետականացման նման դրսեւորման վառ օրինակ է հանդիսանում փաստաբանության մասին օրենքում ՀՀ կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունը, որի ընդունման դեպքում երկու երրորդով պետական մարմինների ներկայացուցիչներից եւ պաշտոնատար անձանցից կազմված հանձնաժողովը պետք է կանխորոշի հանրապետության փաստաբանների անհատական կազմը, այսինքն՝ փաստաբանության ինստիտուտը Հայաստանում պետականացվում է մինչեւ այդ ինստիտուտի ծնունդը եւ կազմավորվելը։

Հայաստանի փաստաբանների կոլեգիան եւ նախագահությունն իր հնարավորության սահմաններում հիմնավոր առաջարկներով բազմիցս դիմել է ՀՀ Արդարադատության նախարարությանը եւ ՀՀ Ազգային ժողովին, ինչպես նաեւ հանրապետության նախագահին՝ կանխելու համար փաստաբանության պետականացումը, նպատակ ունենալով հանրապետությունում ստեղծել պետական մարմիններից եւ պաշտոնատար անձանցից անկախ եւ քաղաքացիների շահերի պաշտպանությանը ունակ փաստաբանություն։Սակայն մեր առաջարկները չեն ընդունվել եւ իրական վտանգ է ստեղծվել փաստաբանության պետականացման համար։

Հայաստանի փաստաբանների կոլեգիան եւ նախագահությունն իր վճռական բողոքն է հայտնում ընդդեմ փաստաբանության պետականացման եւ գտնում է, որ փաստաբանների գիտելիքների ստուգումը եւ դրանց որակավորումը, ինչպես նաեւ փաստաբանական գործունեության համար արտոնագրեր տալը պետք է իրականացնեն իրենք՝ փաստաբանները, իրենց կոլեգիայի եւ նախագահության միջոցով, որոնք փաստաբանների ստեղծվելիք միության օրինական իրավանախորդն են։ Մեր արդարացի պահանջը չհարգելու դեպքում Հայաստանի փաստաբանները կհրաժարվեն փաստաբանության պետականացման գործընթացին մասնակցելուց եւ անվավեր կճանաչեն իր կազմի երկու երրորդով պաշտոնատար անձանցից բաղկացած պետական հանձնաժողովի տված արտոնագրերը։ Մենք պաշտոնապես հրաժարվում ենք այդ հանձնաժողովում մեզ տրված երեք տեղերից։ Քանզի նման կազմով հանձնաժողովի ստեղծումը հակասում է մարդու իրավունքների եւ փաստաբանության վերաբերյալ բոլոր միջազգային համաձայնագրերի պահանջներին։

Սույն հայտարարությամբ մենք կրկին դիմում ենք հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ Ազգային ժողովին՝ ժողովրդավարական իրավական պետությանը համարժեք եւ քաղաքացիների օրինական շահերի պաշտպանության համար ընդունակ փաստաբանություն կազմավորելու համար։ Սույն հայտարարությունն ընդունվել է փաստաբանների կոլեգիայի նախագահության ընդլայնված նիստում՝ 1998 թ. դեկտեմբերի 4-ին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031