Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՂԵԳՆԱՁՈՐԻՑ ԵՐԵՎԱՆ 120 ԿՄ Է

Փետրվար 02,1999 00:00
vayoc dzor

Անցած շաբաթ Հայաստանի ձեռներեցների միության նախաձեռնությամբ Եղեգնաձորում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի փոքր եւ միջին ձեռնարկությունների տնօրենների հանդիպում։ Ձեռներեցների միության նախագահ Հերմինե Նաղդալյանի մտահղացումն էր՝ քննարկել մարզում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման խնդիրները, փորձել համատեղ ուժերով ելքեր գտնել ստեղծված դժվարին վիճակից։

Հանդիպմանը, ձեռներեցների միության երեք փոխնախագահներից բացի, մասնակցում էին նաեւ Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության փոքր եւ միջին բիզնեսի աջակցության վարչության պետ Գեւորգ Մինասյանը, հարկային վարչության հարկման մեխանիզմների կատարելագործման վարչության պետ Արմեն Թամազյանը։

Հերմինե Նաղդալյանը խոսելով փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ առկա վերաբերմունքի մասին՝ հայտարարեց, թե պետությունը եւ փոքր բիզնեսը գտնվում են փոխադարձ չեզոքության պայմաններում. պետությունը չի նկատում փոքր բիզնեսին, իսկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները՝ պետության գոյությունը։ Եթե ԱՊՀ եւ այլ երկրներում փոքր բիզնեսով զբաղվում է առանձին գերատեսչություն, ապա Հայաստանում փորձում են վերացնել Առեւտրի եւ արդյունաբերության նախարարության համակարգում գործող փոքր եւ միջին բիզնեսի աջակցության վարչությունը։ Խոսելով փոքր եւ միջին բիզնեսի առաջ ծառացած հարկային քաղաքականության դժվարությունների մասին տիկին Նաղդալյանը ասաց, որ իրենց մեծ հույս է ներշնչում հարկային տեսչության նոր պետ Սմբատ Այվազյանի նշանակումը։

«Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ պետական պաշտոնյա է նշանակվել ոչ թե ֆունկցիոներ, այլ արտադրության մարդ, որը գիտի արտադրողի խնդիրներն ու դժվարությունները»,- ասաց տիկին Նաղդալյանը։ Որպես ամփոփում ԱԺ պատգամավորն ասաց, որ պետությունը պետք է փոխի իր վերաբերմունքը հասարակության այս «ոսկե ֆոնդի» նկատմամբ, որովհետեւ գործարար մարդիկ են կազմում քաղաքացիական հասարակության հիմքը։ Այնուհետեւ հետաքրքիր քննարկում սկսվեց մարզում տնտեսական գործունեություն ծավալելուն խոչընդոտող խնդիրների շուրջ։

Ըստ մարզի գործարարների, ամենահիմնական դժվարությունը շրջանառու միջոցների եւ վարկային ռեսուրսների պակասն է։ Հանրապետությունում գործող բանկերը, նույնիսկ ամենախոշորները, իրենց վարկեր են տրամադրում միայն Երեւանում գտնվող անշարժ գույքի գրավադրման պայմաններում։ Իսկ բնակարաններ Երեւանի Մյասնիկյան եւ Սպանդարյան շրջաններում իրենք չունեն։ Կամ մի՞թե հնարավոր է բնակարանի գրավադրմամբ ստացած մի քանի հազար դոլարով արդյունաբերություն աշխատացնել։ Մարզում գործում են մի քանի արտասահմանյան վարկատու կազմակերպություններ, սակայն նրանց ֆինանսական հնարավորությունները եւս շատ մեծ չեն։ Դահլիճում չգտնվեց մեկը, որը նման ֆինանսական օժանդակություն էր ստացել։ Ընդհակառակը, ձեռնարկությունները, վարվող հարկային քաղաքականության պատճառով խրված են չվճարումների եւ դրանք բազմիցս գերազանցող տույժերի ճահճուտի մեջ։ «Ռումինիայի հանքափորներին 200 մետր էր մնացել մինչեւ Բուդապեշտ։ Այստեղից մինչեւ Երեւան 120 կմ է»,- իր դժգոհությունը հայտնեց Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի տնօրենը։

Վայոց ձորի գործարարներին հետաքրքրում էր, թե ձեռներեցների միությունը ինչով կարող է օգնել իրենց, Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանությանը։ Ի պատասխան Հերմինե Նաղդալյանն ասաց, որ իրենց միությունը զբաղվում է օրինաստեղծ գործունեությամբ, միության ջանքերով բարեփոխվել եւ փոքր բիզնեսի զարգացման շահերին են համապատասխանեցվել ԱԺ-ի կողմից ընդունված բազմաթիվ տնտեսական բնույթի օրենքներ։ Եղեգնաձորյան հանդիպմանը մասնակցում էին փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակից Վանիկ Խուդավերդյանը, գործարարներ Ռաֆիկ Գրիգորյանը, Դավիթ Գալստյանը, Հայկ Իսախանյանը եւ այլոք:

ԱԺ-ի մեկ այլ անդամ, Վայոց ձորի մարզպետ Պանդուխտ Մանուկյանը, չմասնակցեց այս հանդիպմանը։ Պրն Մանուկյանը երեւանյան պանդխտությունից վերադարձավ ճիշտ հանդիպման ավարտից հետո։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728