Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵ՛Ր, ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փետրվար 17,1999 00:00
pastaban

Փետրվարի 12-ին տեղի էր ունեցել փաստաբանների որակավորման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որտեղ որոշվեց, թե ի՞նչ կարգով են անցկացվելու փաստաբանների քննությունները. որտե՞ղ, ե՞րբ։ Նիստի աշխատանքներին մասնակցել է նաեւ արդարադատության նախարարը։

Մենք դիմեցինք ՀՀ փաստաբանների կոլեգիայի նախագահության նախագահ Միշա Փիլիպոսյանին։ Զրուցակիցս ասաց, որ այս քննություններն ինչ-որ ձեւով պետք է տարբերվեն դատավորների թեստային քննություններից, դարձյալ համակարգիչների միջոցով։

Մ. Փիլիպոսյանը տեղեկացրեց նաեւ, որ քննությունները համապատասխան կարգով հանձնած փաստաբանները կստանան վկայականներ, որոնք հետագայում հիմք կդառնան փաստաբանական ընկերություններին անդամագրվելուն։ Մոտ օրերս կձեւավորվի փաստաբանների նոր միությունը, որը իրավահաջորդը կլինի նախորդ միության։ Հրավիրվելու է փաստաբանական գործունեության ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից, որին նույնպես իրավունք ունեն մասնակցելու վկայական ստացած անձինք։

«Իմ կարծիքով,- ասաց Մ. Փիլիպոսյանը,- նորաստեղծ միությունները պետք է լինեն մասնագիտացած՝ իրավունքի առանձին ճյուղերի գծով։ Նրանք պետք է գործեն օրենքի շրջանակներում, ունենան իրենց կանոնադրությունը»։

Ի դեպ, հետաքրքիր է նաեւ արտոնագրերի հետ կապված հարցը։

Արտոնագրեր տալու համար ստեղծվում է ՀՀ առաջին փաստաբանների միությունը, որի դռներն էլ բաց կլինեն վկայական ունեցողների համար։ «Հինգ օրվա ընթացքում նրանք կստանան արտոնագրեր՝ անժամկետ»։ Փաստորեն, հավակնորդի վկայականները երեքամսյա ժամկետ ունեն եւ այդ ընթացքում փաստաբանները պետք է դիմեն արտոնագրի համար։ Նրանք, ընդսմին, կարող են այս միության անդամ դառնալ, հետագայում, երբ ձեւավորվեն փաստաբանական միություններ, կարող են դուրս գալ՝ անդամագրվելով նրանց։

Մեր այն հարցին, թե քննությունները արդար եւ թափանցիկ կանցնե՞ն, զրուցակիցս պատասխանեց. «Ես բացառում եմ, թե քննություններին կեղծիքներ կլինեն»։

Արդարադատության նախարարությունը պակասեցրեց իր ներկայացուցիչների թիվը

Քննությունները կանցկացվեն փետրվարի 27-ին, իսկ «դիմորդների» դիմումները կընդունվեն մինչեւ փետրվարի 22-ը, ժամը 18-ը, փաստաբանների կոլեգիայում։

Իմ հարցադրմանն էլ, թե ժամանակին դուք դեմ էիք փաստաբանների քննություններին, այսօր կո՞ղմ եք, պրն Փիլիպոսյանն ասաց. «Մենք երբեք քննություններին դեմ չենք եղել։ Մեր հայտարարության մեջ նշել էինք, որ այն պետք է անցկացվի փաստաբանների կողմից կազմված որակավորման հանձնաժողովի միջոցով։ Ընդհանուր կարծիքն այն էր, որ պետք է խնդիրների ձեւով կազմակերպվի, ինչին հասանք, եւ առաջընթաց էր նաեւ այն, որ Արդարադատության նախարարությունը պակասեցրեց իր ներկայացուցիչների թվաքանակը»։

Հանձնաժողովի կազմը

Այս անգամ ներկայացնում ենք նաեւ հանձնաժողովի կազմը (ի դեպ, դատավորներինն էլ ժամանակին ներկայացվեց, սակայն քննությունների օրը հանձնաժողովը քվորում չապահովեց -խմբ.). Միշա Փիլիպոսյան, Վանյա Սուքիասյան, Տիգրան Ջանոյան, դատավորներից՝ Գագիկ Սարգսյան, Ելիզավետա Դանիելյան, Նոյեմ Հովսեփյան, Արդարադատության նախարարության կադրերի վարչության պետ Անուշ Պետրոսյան։ Չլուծված հարց է մնացել այս պահին քննության անցկացման վայրը, հայոց լեզվին չտիրապետողների համար ռուսերենից թարգմանելու հարցը։

ԱՐԹՈՒՐ ԼԱՎՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728