Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՇԱՑԱԾ Է ԵՎ ՉԸՆԴՈՒՆՎԱԾ

Փետրվար 20,1999 00:00
Vardan Oskanyan

Երեկ, փետրվարի 19-ին, ԱԳ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում նախարար Վարդան Օսկանյանը ներկայացրեց Եգիպտոս եւ Պարսից ծոցի մի շարք երկրներ կատարած իր այցելության արդյունքները, Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ շարունակվող բանակցությունների ընթացքը եւ սեպտեմբերին Ղարաբաղի հարցով Հայաստանում կայանալիք համահայկական խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Պրն Օսկանյանը խիստ կարեւորեց մեր հարաբերությունների զարգացումը Եգիպտոսի հետ, որը ազդեցիկ է ոչ միայն արաբական, այլ նաեւ աֆրիկյան աշխարհում։ Այդ երկրի հետ հարաբերությունների կարեւորման եւս մեկ դրսեւորում է, որ Եգիպտոսում մեր ներկայացուցիչ դեսպան Նալբանդյանը Հայաստանը կներկայացնի Ֆրանսիայում, իսկ Եգիպտոսում դեսպան է նշանակվել ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասերյանը, որը մինչ այդ եւս զբաղվել է այդ տարածաշրջանով։ Հայաստանը մտադիր է մասնակցել մայիսին Կահիրեում բացվող առեւտրական ցուցահանդեսին։

Ծոցի երկրներից պրն Օսկանյանն այցելել է Կատար, Հորդանան, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Քուվեյթ։ Խիստ զմայլված է այս երկրների արագ զարգացմամբ։ Ըստ էության, նախարարը խոստովանեց, որ տնտեսական առումով մենք այդ երկրներին դժվար թե հետաքրքրենք։ Բայց այս երկրներին Հայաստանը հետաքրքրում է այնքանով, որքանով, որ կարող է խոչընդոտել ադրբեջանական նավթի արտահանման դանդաղեցմանը եւ կարող է աշխատել իբրեւ Թուրքիա-Իսրայել ալյանսի հակառակորդ։ Մեր պատվիրակությունը Հորդանանի մայրաքաղաք Աման է հասել Հուսեյն թագավորի հուղարկավորության վերջին պահին՝ ժամը 3-ին, իսկ Արաբական Էմիրություններում պաշտոնական ընդունելություն չի եղել՝ Հուսեյն թագավորի մահվան առիթով հայտարարված սգի պատճառով, եւ մեր պատվիրակությանը խորհուրդ են տվել այցելել մարտի առաջին տասնօրյակում, սակայն այդ ընթացքում էլ պրն Օսկանյանն է զբաղված։ Նման արդյունավետ աշխատանքի արդյունքում որոշվել է այս տարի Ծոցի երկրներից մեկի մայրաքաղաքում դեսպանատուն բացել, որը թերեւս կլինի Աբու Դաբին։ Դեսպանատունը մեր հենակետը կդառնա Պարսից Ծոցում։ Նման դեսպանատան բացումը կարեւորվում է նաեւ պրն Օսկանյանի՝ Հայաստանում գործազրկությունը Ծոցի երկրներ՝ մեր աշխատուժի արտահանմամբ լուծելու վճռականությամբ։

Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում վերջին նորությունը երկու օր առաջ Մոսկվայում կայացած ԵԱՀԿ եռանախագահների հանդիպումն է, որի արդյունքների մասին մեր նախարարն ընդամենը գիտե, որ փորձ է արվելու գտնել բոլորի համար ընդունելի բանակցությունների հիմք։ Վարդան Օսկանյանը ցանկալի է համարում, որ կրկնվեր նախորդ առաջարկությունը կամ շեղումները դուրս չգային արդեն ամրագրված սկզբունքների շրջանակներից։

Փետրվարի 16-ին տեղի է ունեցել Սփյուռք-Հայաստան համաժողովի կազմակերպող հանձնաժողովի երկրորդ հանդիպումը։ Առաջիկա մեկ-երկու ամիսներին եւս կշարունակվեն խորհրդատվությունները, սփյուռքյան եւ հայաստանյան բազմաբնույթ կազմակերպությունների հետ։ Պրն Օսկանյանը միանալով միջազգային հանրության դիրքորոշմանը՝ հույս հայտնեց, որ Աբդուլլահ Օջալանի դատավարությունը կլինի ազատ, արդար եւ թափանցիկ (ինչպես մեր ընտրությունները- Ա. Բ.), եւ որ այս դեպքը առիթ կտա ավելի լրջորեն մտածելու քրդական հարցի քաղաքակիրթ եւ խաղաղ լուծման տարբերակների մասին։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում դիմագրավել Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությանը, ասաց, թե Հայաստանը լուծել է իր անվտանգության խնդիրները՝ ռուսական բազաներ տեղաբաշխելով իր տարածքում, մասնակցելով ՆԱՏՕ-ի ծրագրերին։

Պրն Օսկանյանի խոսքից կարելի էր դատել, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական դաշինքի է գնացել, չունենալով անվտանգության կայուն երաշխիքներ, որը Ադրբեջանին առիթ է տալիս՝ մեզ ներկայացնել իբրեւ հակաարեւմտյան եւ հականատօյական երկիր։ Հայաստանը շարունակում է իր երթը դեպի Եվրախորհուրդ, որի գործընթացը շարունակվում է։ Մինչեւ վերջերս հենց Եվրախորհրդի գնահատականներով Հայաստանը լրացրել էր ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված նորմերը։ Բայց այս հարցում լուրջ խոչընդոտ է Ղարաբաղի հարցում առաջընթացի բացակայությունը։

Կարելի է կարծել, որ նույնատիպ խնդիրներ կային նաեւ Վրաստանի եւ Աբխազիայի հարաբերություններում։ Սակայն Եվրախորհուրդը մտավախություն ունի, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը դառնան միության անդամ, ապա նրանք այդ հարցը կարող են դարձնել Եվրախորհրդի քննության առարկա։ Իսկ առկա անհամաձայնությունը կարող էր դառնալ բախման առարկա։ Վրաստանի դեպքում, հարցն այլ է, քանի որ Աբխազիայի թիկունքում չկա ճանաչված պետություն։ Եվ քանի որ անդամակցության հարցը սառեցված է, Եվրախորհուրդը պայման է դնում՝ ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ «Բայց հիմնական խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում առաջընթացի բացակայությունն է»,- շեշտեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Կարելի է կարծել, որ եթե բանակցություններում առաջընթաց արձանագրվի, ապա ԱԺ ընտրություններում կարելի է կրկնել 1995 թ.։

«Գիտեք, որ այսօր հանրապետության ներքաղաքական իրավիճակը բավական շիկացած է, շատ հույս չի ներշնչում, որ նման իրավիճակում մենք իրոք կկարողանանք անել (ժողովրդավարական ընտրություններ- Ա. Բ.), ես ուղղակի ուզում եմ հույս հայտնել, մեր ընդհանուր շահերից ելնելով, նաեւ ապագայում ավելի արդյունավետ տարածաշրջանային արտաքին քաղաքականություն վարելու առումով, որ մենք կկարողանանք անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ եւ կկարողանանք ձեւավորել այնպիսի խորհրդարան, որը կկարողանա իր դրական ներդրումն ունենալ մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա»,- հավելեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որն առավել առարկայական է զգում մեր ներքին քաղաքական իրավիճակի բացասական ազդեցությունը արտաքին հարցեր լուծելիս։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728