Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Փետրվար 20,1999 00:00

Առաջին համաշխարհային պատերազմի պաշտոնապես հայտարարված պատճառներից մեկը Սերբիա պետության իքնիշխանության պաշտպանության փորձն էր, երբ սերբերը մերժեցին (պատերազմի նախօրյակին, իհարկե, ընդունեցին) ավստրո-հունգարական քննչական խմբի մասնակցությունը արքայազն Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետաքննությանը: Մենք՝ հայերս, իբրեւ ավանդաբար խաղաղասեր ժողովուրդ, ինքներս ենք օտարներին հրավիրում ազգային անվտանգության հետ առնչվող հետաքննություններին մասնակցելու…

ՏՂԵՔԻ սպանությունների շարքը խախտում է հանրապետության ներքաղաքական հովվերգությունը: Մեղադրյալներ ու մեղավորներ կարելի է ներկայացնել որքան ուզում ես, բայց գործընթացի զարգացումը կասեցնելը հնարավոր չի դիտվում: Ու թեեւ Սերժ Սարգսյանը փորձված քաղաքական գործիչ է եւ հրաշալի հասկանում է, որ համազգային ողբերգությունը կանխելու համար Հայաստանի Հանրապետությանը լիբերալ-դեմոկրատական իշխանություն է պետք, սակայն հեղաշրջման ռուբիկոնն արդեն անցյալ է, իսկ այժմ անխուսափելի հատուցման պահն է:

Հրաշալի միտք է, դիմել Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում ներքին հետախուզական աշխատանքներ կատարելու համար: Ո՛չ, պարոնայք երդվյալ ատենակալներ, միտումնավոր ոչինչ չկա, պարզապես, ցայտնոտային իրավիճակում հայտնված Ազգային անվտանգության եւ Ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը ընդամենը դիմել է «երրորդ երկրներին», Հայաստանի Հանրապետության Ներքին զորքերի հրամանատարի սպանության հետաքննությանը աջակցելու խնդրանքով: Թեեւ տրամաբանական է, որ կամա թե ակամա, հետաքննության հետաքրքրությունը շարժելու է սպանությունների ողջ շարքը, ներառյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության փոխնախարար՝ Խորխոռունու սպանությունը, իսկ դա արդեն կողմնակի աչքի ներթափանցումն է պատերազմական վիճակում գտնվող երկրի ռազմական գաղտնիքների էջերը:

ԱԱ եւ ՆԳ նախարարը կարող էր, իհարկե, նկատի ունենալ միայն տեխնիկական աջակցությունը, քանզի մենք «քարե դարում ենք», այդ ոլորտում: Բայց դա, ըստ էության, ոչինչ չի փոխում, քանզի «ժամանակակից տեխնիկան» եւս սպասարկվելու է երրորդ կողմի մասնագետների կողմից: Ես, անշուշտ, չեմ հավատում, որ սույն հետաքննությանը մասնակցելու հրավիրված մասնագետներն են լինելու մեր դժբախտությունների պատճառը, բայց այ, լայն հասարակայնությունը կարող է այլ կերպ մոտենալ հարցին…

Ռազմաճակատներում առաջին իսկ անհաջողության դեպքում ԱԱ եւ ՆԳ նախարարին կմեղադրեն պետական դավաճանության մեջ, քանզի «կպարզվի», որ «երրորդ երկրները» հետաքննությանը ցուցաբերած աջակցության ընթացքում ինչ-ինչ ձեւերով հնարավորություն են ստացել ծանոթանալ ազգային անվտանգության հետ առնչվող փաստաթղթերի եւ մասնավորապես հայ-ադրբեջանական դիմակայության գոտու ռազմական պլանների հետ եւ այլն: Մեղավորներ են պետք լինելու եւ արյան առատությունից ցնորված զանգվածները պատասխան են պահանջելու, թե ինչպե՞ս եղավ, որ պատերազմի առաջին փուլում ադրբեջանցիներն այդպես արագ հաջողության հասան: Եվ Ձե՛ր «տարբերակն» է, որ առավելագույնս ճշմարտանման է թվալու, պարոն նախարար: Հիշո՞ւմ եք, Իոսիֆ Վիսարիոնովիչը, նույն հարցի պատասխանը զանգվածներին մատուցելու համար, գնդակահարեց արեւմտյան զինօկրուգների ողջ գեներալիտետը: Ասածս այն է, որ Հայաստանում լիբերալները գալո՛ւ են իշխանության: Խնդիրը միայն ձեւն է՝ պատերազմում պարտության փուլո՞վ, թե՞ առանց դրա, տնտեսական աղետո՞վ, թե՞ առանց դրա, Ձե՛ր կյանքի գնո՞վ, թե՞ առանց դրա:

Չարաչար սխալվում են նրանք, ովքեր ՏՂԵՔԻ սպանությունը կապում են ԱԱ եւ ՆԳ նախարարի կամ վարչակարգի քաղաքական հաշվեհարդարների տենդի հետ: Ընդհակառակը, ես համոզված եմ, որ պարոն նախարարն անում է առավելագույնը հանցագործությունների բացահայտման համար եւ հնարավոր է, որ առաջիկայում կրակողներից մեկն ու մեկին գտնեն: Բայց սպանությունների բուն ՊԱՏՎԵՐԸ դուրս է հայկական իրականությունից, այն աշխարհաքաղաքական հիմք ունի եւ միայն ու միայն քաղաքական հանգուցալուծում է պահանջում: Որքան էլ որ հրեշավոր հնչի, այնուամենայնիվ, «նրանք» գթում են մեզ եւ «աշխատում» են ոչ թե քանակի, այլ որակի վրա, որովհետեւ իրականում չեն ուզում զրկել Հայաստանը հրամանատարական կադրերից եւ ընդհանրապես մարդկանցից, որոնք դեռ ընդունակ են կազմակերպել եւ գրոհի տանել, իշխանությունների բուռն գործունեության արդյունքում, բարոյալքված այս զանգվածը: «Նրանց» պետք է հավասարակշռությունից հանել ՏՂԵՔԻՆ եւ դա արդեն հաջողվում է: Իսկ եթե անհրաժեշտ քաղաքական որոշումն ուշանա, ապա սպանությունները կշարունակվեն:

Հավատացեք, պարոն նախարար, որ չարժեր դիմել Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին, որովհետեւ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի աշխատակիցները, բնականաբար, չեն բացահայտելու Կենտրոնական հետախուզական վարչության ցանցը՝ մեր սիրուն աչքերի համար: Եվ կամ ռուս քննիչները չեն բացահայտելու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր հետախուզական վարչության գործակալներին: Ավելին, վախենամ, որ «նրանց» եզրակացությունների համաձայն «բացահայտվի» դավադրություն ընդդեմ հայոց բանակի հրամանատարական կազմի, հենց ԱԱ եւ ՆԳ նախարարության կառույցում:

Ժողովուրդն արդեն խոսում է, որ ՏՂԵՔԻՆ սպանում են, որպեսզի նրանց փոխարեն «ղարաբաղցի» բերեն: Դրանով իսկ, մինչ երկիրս վհուկաորսով է տառապում «նախկինների» նկատմամբ, «նրանք» անհրաժեշտ հասարակական կարծիք են ստեղծում «ներկաների» վերաբերյալ: Ամենակարեւորն այն է, որ ԱԱ եւ ՆԳ նախարարության «դավադրության» տարբերակն առավել քան աշխատող է, քանզի, եթե այդ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները 100 հազար ամերիկյան դոլարի համար կարող էին պատանդ վերցնել իրանահայ գործարար, դաշնակցական (քաղաքական դաշնակից կուսակցության նվիրյալ) Վարուժան Անդրեասյանին, ապա ի՞նչն է նրանց խանգարում ավել կամ պակաս վարձատրության համար սպանել ՏՂԵՔԻՆ: Համակարգը լուրջ ճեղքվածք է տվել եւ այժմ այն անդունդի վերածելը դժվար չի լինելու…

Մենք բազմիցս նախազգուշացրել ենք, որ Հայաստանում, հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, իրադարձությունների զարգացումը առավելագույնս ներդաշնակում է միջինասիական կամ տաջիկական ռազմա-քաղաքական վեկտորի տատանումների հետ: Ուշադրություն դարձրեք, որ այնտեղ զարգացումները չափազանց ինտենսիվ են: Պայթյունները Տաշքենդում Ֆերգանայի հովտի հրկիզման նախերգանքն են: Հազիվ թե մեզ բավականաչափ երկար ժամանակ է հատկացված իրերի տրամաբանությունը չհասկանալու կամ չհասկացող ձեւանալու համար:

Ընտրության իրավունքը սուրբ է: Բայց վարչակարգի եւ ԱԱ ու ՆԳ նախարարի անձնական ընտրության հնարավորությունը սահմանափակված է լիբերալների հետ բնականոն երկխոսություն սկսելու, իշխանության վերաբաժանումը հնարավորին չափ օրինական ճանապարհով տանելու, երկիրը ավելորդ ցնցումներից հետ պահելու ազգանվեր աշխատանքով: Հակառակը արյունն է, հորդ արյունը՝ անմիտ, անիմաստ, անհեթեթ:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Հ. Գ. Սա առավելագույնն է, որ կարող է անել պարզ քաղաքագետը, նրանց համար, ով արդեն զոհվել է եւ ով դեռ պետք է զոհվի: Ես ներողություն եմ խնդրում ԱՄՆ եւ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչություններից, հատկապես իրենց երկրների հատուկ ծառայությունների անունները շոշափելու համար, քանզի քաջ գիտակցում եմ, որ իմ հայրենակիցներին «խելքի բերելու» առաքելությունը, նույն հաջողությամբ, կարող էին ստանձնել նաեւ այլ երկրների հատուկ ծառայությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728