Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺՄ-ից հեռացան վերջին դաշնակիցները

Մարտ 23,1999 00:00
Albert bagdasaryan

Դեռեւս 15 օր առաջ լուրեր տարածվեցին, որ ԱԺՄ համամասնական ցուցակի առաջին տասնյակում լինելու են «Ազգային առաջադիմություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բաղդասարյանը եւ «Ազգային պետության» ղեկավար Սամվել Շահինյանը։

Այս լուրը շատ քչերին զարմացրեց, քանի որ այս կուսակցությունները, ի տարբերություն շատերի, Վազգեն Մանուկյանի թեկնածությունը պաշտպանել էին ոչ միայն 1996, այլ նաեւ 1998-ի արտահերթ նախագահական ընտրություններում։ Սակայն այլ բան է նախագահական ընտրությունները եւ բոլորովին այլ՝ համամասնական ցուցակը, երբ յուրաքանչյուր կուսակցական կենաց եւ մահու պայքար է մղում ցուցակում մեկ տող ավելի բարձր լինելու համար։ Հասկանալի է, որ վերոնշյալ կուսակցական ղեկավարների հայտնվելը ԱԺՄ ցուցակում շատերին երկու տողով ավելի ներքեւ պետք է իջեցներ։

Մարտի 20-ին ԱԺՄ-ն հաստատեց իր համամասնական ցուցակը, որտեղ չկային ոչ Ալբերտ Բաղդասարյանի, ոչ էլ Սամվել Շահինյանի անունները։

Ալբերտ Բաղդասարյանը պարզաբանեց, որ ԱԺՄ-ի հետ դաշինք կազմելու եւ ընդհանուր համամասնական ցուցակով քվեարկելու մասին որեւէ խոսակցություն չի եղել։ «Ազգային առաջադիմությունը» սեփական համամասնական ցուցակ չի ունենալու, իսկ մեծամասնականով առաջադրվել-չառաջադրվելու հարցը գտնվում է հստակեցման փուլում։ Ի տարբերություն պարոն Բաղդասարյանի, Սամվել Շահինյանին ԱԺՄ-ից են առաջարկել միասնական դաշինք ստեղծել, սակայն պարոն Շահինյանը եւս, թերեւս, ունենալով նախորդ երկու ընտրություններում անհաջողությունների փորձը, որոշել է հանդես գալ առանձին ցուցակով։ «Ազգային պետություն» կուսակցության Պուշկինի փողոցի վրա գտնվող մարմարակերտ նախընտրական շտաբին կնախանձեր ցանկացած իշխանամետ կուսակցություն։ Սպիտակ եւ սեւ մարմարի գեղեցիկ համադրությամբ կատարված ներքին եւ արտաքին ձեւավորմամբ ստեղծված այդ տարածքը գրեթե դատարկ էր։

Սամվել Շահինյանն այնքան էլ տրամադրված չէր խոսակցության, քանի որ վերադառնում էր իր կուսակցության համամասնական ցուցակի երրորդ մահացածի՝ 1990-95 թթ. ԳԽ պատգամավոր Սերգեյ Մկրտումյանի հուղարկավորությունից։ Նախորդ մահացածներից առաջինը հայտնի հրապարակախոս Տիգրան Հայրապետյանն էր, որը, ըստ Սամվել Շահինյանի, ոչ միայն համամասնական ցուցակի անդամ էր, այլեւ լրատվական կենտրոնի ղեկավարը, իսկ Կարեն Մալխասյանն աշխատում էր կուսակցության ապարատում։ Նման լուրջ կորուստների պայմաններում միանգամայն հասկանալի է Սամվել Շահինյանի հոռետեսական վերաբերմունքը ընտրությունների նկատմամբ։ Ինչպես ամեն ընտրությունից առաջ, այս անգամ եւս կհրատարակվի կուսակցության օրգան «Շրջան» շաբաթաթերթը, հավանաբար՝ 5 համար։

ԱԺՄ-ն այլեւս չի դիտվում իբրեւ հաղթանակի հնարավոր կրող։ Այս ընտրություններում հաղթողները ՀԺԿ-ն եւ «Օրինաց երկիրն» են, սակայն նրանք էլ մերժում են կիսել հաղթանակի դափնիները։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031