Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է հիմա Սոլժենիցին կարդում»

Ապրիլ 27,1999 00:00
Andrey Brejnev

Այս կարծիքին է Լեոնիդ Բրեժնեւի թոռը՝ Անդրեյ Բրեժնեւը, որը Համառուսաստանյան կոմունիստական շարժման առաջնորդն է։

Զյուգանովի եւ նրա կուսակցության մասին պրն Բրեժնեւն ակնհայտ տհաճությամբ է խոսում։ Նույն տոնով հիշատակում է նաեւ բոլոր այն այլախոհներին, որոնք իր պապի իշխանության օրո՛ք հենց հաջողությունների հասան։ Այն ժամանակ նրանցով գոնե ՊԱԿ-ը, իսկ ՊԱԿ-ի շնորհիվ էլ՝ հասարակությունը, հետաքրքրվում էր։ «Հիմա ովքե՞ր են հետաքրքրվում Սոլժենիցինի գործերով։ Ո՞վ է Սոլժենիցին կարդում։ Անձամբ ես տասը էջից ավել չկարողացա կարդալ նրա «Գուլագը»։ Արտասահմանից եկավ, առանձնատունը տվեցին, թե՝ աշխատիր, ինչ ուզում ես արա, միայն քաղաքականության մեջ մի՛ մտիր»։ Նույնը Բրեժնեւն ասաց, թե՛ Ռոյ Մեդվեդեւի, թե՛ Նովոդվորսկայայի մասին։

Իսկ պապին թոռը՝ որպես ուրախ-զվարթ մարդ է հիշում, որը անգիր գիտեր Եսենինին եւ առիթի դեպքում չէր զլանում ասմունքել։ Բրեժնեւի խոսքի արատը, որը պատերազմում վիրավորվելու հետեւանք էր, ոչ մի կերպ հնարավոր չեղավ վերացնել։ «Եվ իզուր են դրա վրա ծիծաղում»։

Անդրեյ Բրեժնեւին Հայաստան էր հրավիրել «Արմենիա Լիմիթըդ» ընկերության նախագահ Բաղդասարովը։ Պրն Բրեժնեւը՝ ի թիվս այլ գործերի, այցելել է Ծիծեռնակաբերդ։ Անդրեյ Բրեժնեւի ղեկավարած Համառուսաստանյան կոմունիստական շարժումը նպատակ ունի մասնակցելու Ռուսաստանի առաջիկա ընտրություններին՝ համագործակցելով բոլոր կոմունիստական կազմակերպությունների հետ՝ բացի Զյուգանովի կուսակցությունից։

Քրդերի առաջնորդ Օջալանի ձերբակալման մասին Բրեժնեւը հետաքրքիր մեկնաբանություն տվեց։ Նախ հիշեցրեց, որ ժամանակին տարբեր պիտակներ փակցվեցին նաեւ Նելսոն Մանդելայի եւ Յասեր Արաֆաթի վրա, որոնց, ի դեպ, իր պապն էր պաշտպանում։ «Այսօր մեկը Նոբելյան մրցանակի դափնեկիր է, մյուսն էլ՝ հայտնի քաղաքական գործիչ»։

«Առավոտի» այն հարցին, թե Հայաստանում Բրեժնեւի գլխավորած շարժումը համակիրներ ունի՞, պրն Բրեժնեւը չժխտեց, որ հնարավոր է՝ հայ կոմունիստներն աջակցեն իրենց։ Բայց դե հայ կոմունիստներն ընկերներ՝ Բադալյանի եւ Զյուգանովի «գլխից չեն թռչի», ուստի, դժվար թե պրն Բրեժնեւի այս լավատեսությունը հիմնավոր է։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930