Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի դեռ «էս վիճակն» է, տիֆ շատ է լինելու

Մայիս 06,1999 00:00
Toto

Լոռու մարզի հակահամաճարակային կենտրոնի եւ «Հայջրմուղ» ՓԲԸ ղեկավարների հետ մամլո ասուլիսը Վանաձորում գրանցված որովայնային տիֆի կապակցությամբ էր։

Հակահամաճարակային կենտրոնի մասնագետները գտնում էին, որ հիվանդության ծագման պատճառ կարող է լինել ջուրը, չնայած միաժամանակ տեղեկացնում էին, որ ջրի անալիզները մաքուր են եղել, եւ որեւէ բացիլ չի հայտնաբերվել։ Սրա հետ մեկտեղ, սակայն, նշեցին, որ հիվանդության «գաղտնի» շրջանում, որը «կարող է լինել» 21 օր (այսինքն՝ այդքան օր դեպի հետ, ապրիլի 17-ից առաջ, երբ գրանցվել է առաջին դեպքը), իրենք ստուգումներ չեն կատարել։ Այս կապակցությամբ, սակայն, «Հայջրմուղի» Գուգարքի մասնաճյուղի տնօրենը նշեց, որ իրենց գրառումների մատյանում նշված է, որ անալիզները մաքուր են եղել եւ տվյալ ժամանակաշրջանում, ինչպես նաեւ ներկայումս ջրի որակը համապատասխանում է պահանջվող ստանդարտին։ Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, Գուգարքի ՓԲԸ-ի տնօրենը ժխտեց այն կարծիքը, թե «քլորատունը չի աշխատում», եւ պատրաստակամություն հայտնեց առաջիկայում լրագրողներին մեքենայով եւ «կամերաներով» տանել, ցույց տալ քլորատունը։

«Էս դեպքը Վանաձորում առաջինը չի, վերջինն էլ չի լինելու, քանի դեռ էս վիճակն է»,- նշեց հակահամաճարակային գլխավոր բժիշկը, իսկ «Հայջրմուղի» Գուգարքի մասնաճյուղի տնօրենը խնդրեց մանրամասնել, թե ի՞նչ է նշանակում «էս վիճակ»։ Այստեղ գլխավոր բժիշկը մեկ անգամ եւս կրկնեց այն, ինչ-որ դրանից առաջ հայտնեցին նաեւ ջրային տնտեսության ղեկավարները. ջրային ցանցը 30 տարվա մաշվածություն ունի, խողովակների նորոգման համար համապատասխան գումարներ չեն հատկացվում, եւ կոյուղու վթարներն անպակաս են, ինչը նույնպես կարող է պատճառ դառնալ տիֆի ծագման։

Քանի որ համաճարակային կենտրոնի՝ սննդի գծով բժիշկը դասախոսության ձեւով տեղեկացրեց, որ «որովայնային տիֆը աղիքային հիվանդություն է եւ տարածվում է բերանի, սննդի եւ վարակված ջրի միջոցով», փորձեցինք պարզել, թե ի՞նչ ճանապարհով է բացիլը ընկնում ջրի մեջ։ Այս հարցին պատասխանեց Գուգարք ՓԲԸ-ի տնօրենը՝ նշելով, որ բացի խողովակների անսարքության պատճառով կոյուղու վթարներից, մի պատճառ էլ կարող են դառնալ բնակիչները՝ ոչ մաքուր կենցաղի պատճառով (օրինակ՝ տանիքներին ճագար են պահում), իսկ կենդանիների աղբը նույնպես կարող է վթարի պատճառ դառնալ։

Փորձեցինք պարզել նաեւ, թե արդյո՞ք փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող բացիլի տարածման պայման լինել (օրինակ՝ մսամթերքը)։ Այս հարցին սննդի բժիշկը պատասխանեց, որ հնարավոր չէ, քանի որ միսը եռացվում է, իսկ ջրմուղի ղեկավարը հնարավոր էր համարում (Ինչքան ջրից հեռու՝ այնքան լավ։ – Գ. Հ.)։ Առիթից օգտվելով փորձեցինք պարզել, թե ի՞նչ է արվում առհասարակ հակահամաճարակային կենտրոնում՝ փողոցում վաճառվող մսամթերքի վաճառքն արգելելու ուղղությամբ։ Գլխավոր բժիշկը պնդում է, որ ամբողջ հանրապետությունում էլ «նույն վիճակն» է, եւ քանի որ նա կոնկրետ պատասխանից խուսափեց, այդ հարցին պատասխանելու իրավասությունն իր վրա վերցրեց սննդի բժիշկը։ Նա հայտնեց, որ փողոցում վաճառվող սննդամթերքի նկատմամբ իրենք վերահսկողություն սահմանելու իրավասություն չունեն, քանի որ դա ապօրինի վաճառք է եւ այն կանխելը օրինապահների գործն է։ Նա նաեւ նշեց, որ այդ առթիվ կա մարզպետի կողմից համապատասխան կարգադրություն, որը չի կիրառվում։ Միաժամանակ տեղեկացրեց, որ սննդամթերքի խանութների վաճառողներին իրենք պարբերաբար հետազոտության են ենթարկում եւ փաստաթուղթ պահանջում՝ վաճառվող մսամթերքի որակի վերաբերյալ, իսկ փողոցում ապօրինի վաճառքով զբաղվող մսավաճառներին կամ այլ սննդամթերքի առեւտրով զբաղվողներին նույնիսկ «սիրտ չեն անում մոտենալ», քանի որ նրանք իրենց «անպատվում» են։

Իսկ երբ սննդի բժիշկը նշեց, որ «հնարավոր» է, որ մարդը լինի «կլինիկորեն առողջ», բայց համարվի բացիլակիր, հանդիպման մասնակիցներն արդեն սկսեցին իրենք իրենց էլ կասկածել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Եթե ֆիլմի հերոս լինեինք, կասեինք՝ «Մամա՜ ջան, էս ո՞ւր ենք ընկել»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31