Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԿՆԱԾՈՒ, ՈՐ ՉԻ ՈՒԶԵԼ ՊԱՐՏՎԵԼ

Մայիս 15,1999 00:00
Melqumyan

Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան Գրիգոր Մելքումյանի մասին, որը պատգամավորության թեկնածու էր առաջադրվել թիվ 58 ընտրատարածքում։ Մի տեղեկատվությամբ հաղորդվում էր, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձնապես խնդրել էր նրան հանել թեկնածությունը նույն տարածքում քվեարկվելիք կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի համար, իսկ մեկ այլ հրապարակմամբ էլ տեղեկացվում էր, թե ի թիվս այլոց, Գրիգոր Մելքումյանը նույնպես՝ թեկնածությունը հանել է ՆԳ եւ ԱԱ նախարարության ազդեցությամբ, իսկ այդ ազդեցությունը, չի բացառվում, որ դրսեւորված լինի ընտրակաշառքի տեսքով։

Այս հարցադրմամբ էլ սկսեցինք զրույցը Գրիգոր Մելքումյանի հետ։ Մինչեւ նրա պատասխանները ներկայացնելը, նախեւառաջ ասենք, թե ում հետ գործ ունենք։ Լինելով խորհրդարանական լրագրող, բազմիցս եմ ականատես եղել, թե ինչպես է Գրիգոր Մելքումյանը որոշել, թե «Երկրապահ» պատգամավորական խմբի որ անդամը երբ պետք է ելույթ ունենա, եւ ինչ պետք է ասի իր խոսքում։ Եղել են նաեւ նախարարներին խորհրդատվություններ ներկայացնելու դեպքեր, ինչի համար մամուլը նրան նաեւ «ստվերային վարչապետ» է անվանել։ Ըստ էության, գուցեեւ մի փոքր չափազանցնում եմ, սակայն «Երկրապահ» պատգամավորական խմբում, որտեղ իբրեւ գլխավոր մասնագետ է աշխատում Գրիգոր Մելքումյանը, նա գորշ կարդինալի դերակատարություն էր իրականացնում։

Հիմա տեսնենք, թե ինչ բացատրություն ունի նա՝ իրեն տրված հարցերի վերաբերյալ։ «Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում։ Ես, մինչեւ վճիռ ընդունելս, երբ դիմեցի մարզային ընտրական հանձնաժողովին, որպեսզի մեծամասնական ընտրակարգով իմ թեկնածությունը չգրանցի, շատ լավ ուսումնասիրեցի ընտրատարածքը, իմ եւ մրցակիցներիս հնարավորությունները, արձանագրեցի այն դժվարությունները, որ պետք է ծառանային, եւ քանի որ այնքան էլ հաճելի բան չէ պարտվելը, որոշեցի դուրս գալ ընտրարշավից։ Այդ հաղորդումները մամուլում, պարզապես անհեթեթություն են»։

– Իսկ ինչո՞ւ էիք նման դժվար ընտրատարածք ընտրում, թե՞ այն ձեզ առաջարկվել է։

– Ընտրատարածքն, իրոք, ինձ առաջարկվել է։ Առաջարկությամբ հանդես են եկել «Հանրապետական» կուսակցության եւ Երկրապահ կամավորականների միության մարզային կառույցները։ Ես, ինչպես հայտնի է, «Հանրապետական» կուսակցության անդամ եմ։ Հենց սկզբից հասկանալի էր, որ դա դժվար ընտրատարածք է, սակայն, միաժամանակ՝ հետաքրքիր (այն ընդգրկում է Առինջ գյուղը, երկու փողոց Աբովյանից, Բալահովիտը, Պտղնին, Բյուրեղավանը, Արզնին, Նոր Հաճնը)։ Ընտրատարածքը հիշեցնում էր պետության փոքրիկ մոդել. այնտեղ կան ե՛ւ արդյունաբերական ձեռնարկություններ, ե՛ւ գյուղական տնտեսություններ, ե՛ւ ինֆրաստրուկտուրաներ։ Բնակչությունը կրում է նույն սոցիալական, տնտեսական դժվարությունները, որոնք կան ամբողջ հանրապետությունում։ Մշակելով եւ ընտրատարածքում կիրառելով մի մոդել, որն այնուհետեւ կարելի էր գործադրելով շտկել վիճակն ամբողջ հանրապետությունում։

Այնուհետեւ Գրիգոր Մելքումյանը անդրադարձավ մեր այն հարցադրմանը, թե ինչու այդքան էական դերակատարություն ունենալով «Երկրապահ» պատգամավորական խմբում, ինքը, այդուհանդերձ, «Միասնություն» դաշինքի ցուցակում ընդամենը 106-րդն է։

– Իրոք, խմբում ես որոշակի դեր ունեի։ Այն, ի դեմս ինձ, ուներ ընդամենը մեկ մասնագետ եւ 80 պատգամավոր։ Դրանք տարբեր բնավորության, պետության զարգացման տարբեր մոդելների կողմնակից, իսկ անցյալում՝ տարբեր քաղաքական ուժեր ներկայացրած մարդիկ են։ Իրոք, պատասխանատու աշխատանք էր մեկ տարուց ավելի նրանց միջավայրում գործունեություն ծավալելը։ Ներգրավելով գիտնականների եւ մասնագետների, «Երկրապահ» պատգամավորական խմբում մշակվեցին մի շարք օրինագծեր եւ նախագծեր, որոնց մի մասը մտավ փոքր օրակարգ, մի մասը անցավ առաջին եւ երկրորդ ընթերցում։ Այժմ ձեռքի տակ կա շուրջ 20 նախագիծ, որոնք նպատակաուղղված են պետության կայուն զարգացմանը։ Պատգամավորական խումբն այդ գործը իրականացնելու պարտավորություն ստանձնեց՝ արձանագրելով, որ ինչպես նախորդ խորհրդարանը, այնպես էլ այս մեկը ձեռնամուխ չի եղել մի շատ կարեւոր գործի՝ անհրաժեշտ օրենսդրական համակարգի ստեղծմանը։ 1992 թվականից լինելով ՄԱԿ-ի անդամ, ինտեգրվելով բազմաթիվ միջազգային կառույցներում, մի շարք կոնվենցիաներով եւ պայմանագրերով պարտականություններ ստանձնելով հանդերձ, չենք ստեղծել պետության բնականոն եւ կայուն զարգացումն ապահովող օրենսդրական դաշտ։ Նախեւառաջ պետք է մտածել տնտեսական անվտանգության դոկտրինի մասին, որը ոչ թե մեկ փաստաթուղթ է, այլ տասնյակ օրենքներ։ Դրանց միջոցով հնարավոր կլինի ապահովել երկրի տնտեսական առաջընթացը։ Հարկային, մաքսային, սակագնային քաղաքականությունը կդրվի ռազմավարական հիմքերի վրա, եւ ոլորտները կապված չեն լինի բյուջեի հրատապ կատարման խնդրին։ Այդպիսով ապահովագրված կլինենք նաեւ ներքին եւ արտաքին տնտեսական անսպասելի դրսեւորումներից։

Նոր-նոր միայն ԱԳՆ-ում սկսել են մշակել արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Չկա նաեւ պետական կառավարման դոկտրին։ Կա կառավարություն, բայց չկա օրենք կառավարման մասին։ Կա պետական պաշտոնյաների համակարգ, բայց չկա պետական ծառայողի մասին օրենք, չկա օրենք նաեւ արհմիությունների մասին։ Սա պետական կառավարման տեսություն չէ սոսկ, այլ՝ պետությունների զարգացման փորձի հաշվառում։ Այս ամբողջ օրենսդրական դաշտը պետք է ձեւավորվի, որպեսզի յուրաքանչյուր ոք Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում իրեն պաշտպանված զգա։

Բայց չեմ կարող չնշել, որ անկախություն ստանալուց ի վեր ծայր է առել պաշտպանության դոկտրինի մշակումը։ Այս ամբողջ օրենսդրական համակարգը պետք է հասցնել տրամաբանական ավարտի, ինչը հնարավորություն կտա ձեւավորել ազգային պետական դոկտրին, եւ դրանից հետո միայն կմնա աշխատանքի կազմակերպումը, կարգապահության ապահովումը եւ ստեղծագործական մոտեցումների հնարավորություն ստեղծելը։

-Բայց դուք չպատասխանեցիք հարցին, թե ինչու ժամանակին աշխատած լինելով Վազգեն Սարգսյանի հետ, եւ այդպիսի ծրագրեր ունենալով հանդերձ, ընդամենը 106-րդն եք «Միասնության» ցուցակում։

– Այստեղ ինձ մեկուսացնելու որեւէ ցանկություն չկա։ Եթե ես առաջադրված չլինեի մեծամասնական կարգով, գուցե թե ավելի անցողիկ տեղում լինեի «Միասնության» ցուցակում։ Հիմա էլ դեռեւս ամփոփելու շատ բան կա պատգամավորական խմբի շրջանակներում, որը պետք է փոխանցել «Միասնության» դաշինքի խորհրդարանական խմբակցությանը։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31