Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերային հանրահավաք

Մայիս 25,1999 00:00
spandaryan

Ստվերային հանրահավաք Սուրեն Սպանդարյանի արձանը բավականին բարձրահասակ է։ Արձանի ստվերն էլ՝ երկար ու բարակ։ Երբեմնի արդյունաբերական, երբեմնի Լենինյան շրջանի նախկին բանվոր դասակարգն արձանի ստվերի երկայնքով զգաստ կանգնած սպասում էր կոմկուսի առաջնորդների խոսքին։

Շոգ էր… Հրապարակի ջրավազաններում տղերքը լողանում էին, տարեցներն էլ նախանձով էին նայում, ախր շոգ էր։ Առողջապահության նախարարությունը միայն ամռան վերջին կհասցնի զգուշացնել, որ այս տիպի ջրավազաններում լողանալը խիստ վտանգավոր է մեր առողջության համար։

Հանրահավաքը չի սկսվում. «Հիմա մերոնք կգան ու կսկսենք»։ Չեն գալիս։ Արեւածաղիկ վաճառողներն էլ անհանգիստ են՝ «Սեւացանք էս արեւի տակ»։ Կարծես թե առանց հանրահավաքի օր ու արեւ չունեն։ Ընկեր Սպանդարյանի ստվերում կանգնածներն ավելի թարմ եւ հանգիստ են, արեւի տակ կանգնածները՝ թառամած ու դյուրագրգիռ։ Հրապարակի կենտրոնում, Սպանդարյանի աչքի առաջ ծիրանագույն տառերով գրված է «Միասնություն», նույն գույնի դրոշներով էլ զարդարված է հրապարակը։ Մի տեսակ կոմունիստական գույն չէ։

Քիչ-քիչ հրապարակը կարմրին է տալիս, մի ակտիվ ընկեր հրահանգում է. «Տղերք ջան, լոզունգները բացեք-կանգնեք, դրոշներն էլ ցրեք մարդկանց մեջ, թող փողփողան»։ Ու փողփողում են դրոշները, բացվում են լոզունգները։ Ամենաերկարը չորս մետրանոց մի կարմիր պաստառ է, որի վրա գրված է. «Գահավիժումը դեպի անդունդ շարունակվում է»։ Հանրահավաքը դեռ չի սկսվում։ Շոգ է։ Մարդիկ մինի-միտինգներ են կազմակերպել, տեղ-տեղ խոսում են։ «Էս 21 կուսակցություններից 20-ը նույն բանն են ուզում, միայն կոմունիստների ուզածն է ուրիշ»։ Շոգ է։ Հոգնել են, ու չեն ուզում իմանալ՝ կոմունիստների ուզածն ինչ է։ Ժողովուրդը գիտեր, բայց հիշողությունը կորցրե՞լ է։ Շոգ է։ Առաջին ելույթ ունեցողը հավաքված հոծ բազմությանը համառորեն չէր ուզում ժողովուրդ կոչել։ Ժողովուրդ բառը նրա բերանից չէր ուզում դուրս գալ, քանի որ տեղից վեր կացողը ժողովուրդ էր ասում։ Կնոջ քիմքին առավել հարազատ էր սիրելի բախտակիցը։ Իսկ «սիրելի բախտակցին» հոգեհարազատ էր «սոված ժողովուրդը»։

Կինն անշուշտ ինչ-որ մեկի կինն էր, նրա տունուտեղն, անշուշտ, մաքուր ու կոկիկ էր։ Իր ասելով դեռ կոմունիստներից մնացած հագուստն էր հագնում, կոմունիստների ժամանակվա կահույքն էր վայելում։ Շոգ էր։ Ու ժողովուրդը չէր կարողանում ժամանակի ետպտույտի գլխապտույտին դիմանալ։ Նյարդերը չէին դիմանում՝ նոր բան ասա։ Նոր բան ասող չկա ոչ այստեղ, ոչ այնտեղ։ Շոգ է։ Մի արեւմտահայ տատիկ նման պարագայում կասեր. «Ամեն մեկը իր Կարապետը կուլա»։ Ամեն մեկն իր հոգսին է, իր 5 տոկոսի ետեւից, իր պատգամավորական աթոռի, իր կուսակցության վարկանիշի, իր, իր։ Ինչո՞ւ ենք այսքան իր-ա-պաշտ։ Շոգ է։ Կոմկուսը հերթական հանրահավաքն է անում։ Փոքրիկ տղաները պաստառներն են ձգում, դրոշների ձողերին են հենված։ Նրանք ելույթներից ոչինչ չեն հասկանում։ Շոգ է։

Մայիսյան արեւի սպանիչ ջերմության ներքո կուսակցություններից մեկն իր գովքն էր անում։ Ժողովրդին ետ էին մղում դեպի հզոր հայրենիք, օրինաց երկիր, արժանապատիվ ապագա (կարդալ առանց չակերտների)։ Ժողովուրդը հոգնել է. «Եթե կոմունիստները 30 տոկոս ձայն հավաքեն, ուրեմն լավ կապրեք, ժողովուրդ»։ Ժողովուրդը տոկոսներից հոգնել է։ Շոգ է։ Ժողովուրդը կուսակցություններից հոգնել է։

«Վեր կաց, երեխուն վերցրու, գնանք տուն»,- հրահանգեց մի մարդ իր կնոջը։ Երեխան արեւից հոգնել էր, բառերը նրան ոչինչ չէին ասում։ Երեխան կուշտ չէր։ Շոգ է։ «Միասնության» ծիրանագույնի եւ կոմունիստների կարմիրի կողքին կապույտը չհայտնվեց։ Եռագույնը ո՞ւր է։ Շոգ է։ Վեր կաց տուն գնա, եթե տոկոսի տակ չես եւ տունդ դեռ քոնն է։ Շոգ է։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31