Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 15,1999 00:00
shun

Մինչ մենք՝ «ՀՀ»-ից քշվածներս ցկյանս մեզնից «վարկաբեկված» նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանին եւ ԱԺ ինստիտուտին խոստացել էինք համալսարանի կարգավիճակ տալ, այն վերածվեց ծխական դպրոցի։

«Յոլագալմազները»

Նոր, ազգընտիր ԱԺ-ն իր գործունեությունը ծավալեց մի քիչ շփոթված, մի քիչ անհարմարավետ զգացողությամբ, այնուհանդերձ պարզ դարձավ, որ, ինչպես միշտ, «Առավոտը» չափազանցեցրել է փաստերը։ Անզեն աչքով իսկ պարզ երեւում էր, որ դահլիճում պպզած մարդ չկա. բոլորի վրա «սեֆ-սիֆտակ կաստում» էին դրել ու նստեցրել աթոռներին։ Այլ հարց է, որ կաստումավորված շատերին դեռ պետք է տառաճանաչ դարձնեն, սեղմելիք կոճակների տեղը սովորեցնեն, անընդհատ հիշեցնեն, որ պպզել չի կարելի։ Միով բանիվ՝ առաջնահերթ խնդիրը լուծված է, ճկվող, թեքվող անհրաժեշտ մասսան կա, մնում է հրահանգավորել, ընտելացնել խորհրդարանային կենցաղին, նիստ ու կացին։

«Անյոլագալմազները»

Այժմ ավելի լուրջ. արեւելյան իմաստնությունն ասում է, թե ժողովուրդները կյանքի կողմից մշտապես ստանում են նույն դասը, եթե այն հետեւողականորեն չեն սերտել։

Պարզից պարզ է, որ այս պառլամենտում, ինչպես եւ նախորդում՝ լղոզված վիճակ է։

Նախորդ մեկ տարին հայոց մեջ իսկական պառլամենտարիզմի ժամանակ էր եւ քաղաքակիրթ ու առողջ պայքար էր ընթանում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ՝ ի շնորհիվ այսօրվա «արմատական» դեմքերի, որոնք ոչ հաջող իշխանություն լինելով՝ փայլուն ընդդիմություն դարձան (իսկապես, անչափ ցավալի է, որ նրանց՝ Վահագն Խաչատրյանին, Դավիթ Շահնազարյանին, Կարապետ Ռուբինյանին այլեւս խորհրդարանում չենք տեսնելու)։

Ազգընտիր պառլամենտի աշխատանքային առաջին իսկ օրից պարզ դարձավ, որ, իսկապես, պատմության դասը կրկնվում է. դարձյալ ասպարեզում է մեծամասնությունը՝ իր ԱԺ նախագահով ու տեղակալներով։ «Ամենը-ամենը կան», միայն նորմալ ընդդիմություն չկա։

Կյանքը ցույց տվեց, որ այդպիսի վիճակներից ոչ մեկը չի շահում՝ ոչ ժողովուրդը, ոչ էլ իշխանությունները։

«Անյոլագալմազներ» այսօրվա խորհրդարանում որոնելն անիմաստ եւ վաղաժամկետ է. Դաշնակցությունը խոր շփոթվածության մեջ է։ Ինչպես նախորդ մեկուկես տարում, այնպես էլ այսօր, պառլամենտում չի կարողանում ճշտել իր վերջնական տեղը՝ իշխանություններին մո՞տ, թե՞ հեռու։ Արդեն իսկ երեւում է, որ պայմանավորվածություններ կան ու գուցե նրանց կմնան իրենց մեկ-երկու նախարարական պորտֆելները, ինչն էլ նրանց կրկին անորոշության ու լռության կմղի, մինչե՜ւ…

ԱԺՄ-ն մի կերպ «գցվեց» խորհրդարան, եւ առայժմ չի աղմկում Արշակ Սադոյանի խոսափողը։ Լեւոն Տեր-Պետրոսյանից «ծնված» եւ նրա քննադատության վրա ամրակայված այս կուսակցությունը վերջինիս գնալուց հետո չի կարողանում ճշգրտել իր անելիքները. «աջ է թեքվում»՝ նախագահի մոտ պաշտոն է ստանում, «ձախ է թեքվում»՝ պառլամենտում է աթոռներ ստանձնում։ «Անյոլագալմազ» դառնալու ժամանակ չունի. գնացքն էլ, թարսի պես, հեռանում է։

Բիրդան, օրերով ու ժամերով մեծացող «Օրինաց երկիրը» շոկի մեջ է ու դեռ չգիտի՝ «յոլագալմա՞զ» է, թե՞ «անյոլագալմազ»։

Նրա սրտով կլիներ, իհարկե, ընդդիմադիր լինելը, սակայն կուսակցության առանցք կազմող ոչ անհատական որակները եւ ոչ էլ կուսակցության թիկունքը թփթփացնողի ցանկություններն առկա իրավիճակին չեն ներդաշնակվում։ Տեսնե՛նք…

Էն ՀՀՇ-ն էլ ունի մի մինուճար պատգամավոր, էն էլ «հրեն հա՝ երկնքից կախված»։

Այս պայմաններում, ինչ խոսք, մեծ է լինելու պառլամենտից դուրս գտնվող իսկական պառլամենտարիզմի հայրերի դերը. իրենց կուտակած քաղաքական կապիտալի ճիշտ օգտագործման, խորհրդարանային վերը նշված ուժերի հետ խելացի համագործակցության դեպքում, այս վիճակում հնարավոր է բեկում մտցնել։ Իսկ ծխական քահանա՞ն Թերեւս այս խորհրդարանում ամենաանյոլագալմազը «Իրավունք եւ միաբանություն» դաշինքն է՝ իր «քահանայապետով»։ Էստեղ վիճակն, ինչ խոսք, ընդհանրապես միատարր չէ՝ էժան պոպուլիզմ, մաքուր ձեռքեր, ընդդիմադիր՝ նախորդ իշխանություններին, այս իշխանություններին էլ՝ չգիտես ինչ, «Իրավունք» ճշմարիտ խոսք ունեցող թերթ եւ… ի վերջո, ուժային նախարար։ «Վանոյամբ» ծնված քաղկոմական Գեղամյանի ներկայությունն այս դաշինքում դեռ հարց է՝ օգո՞ւտ, թե՞ վնաս է բերում այդ դաշինքի «իմիջին»։ Նրա ցուցադրած թատրոնը, այդուհանդերձ, հոգնեցնող է՝ մանավանդ Աստվածաշնչից խեղկատակ մեջբերումների առիթով եւ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՈՎ՝ առ «մեծարգո Կարեն Սերոբիչ»։

Մյուս կողմից, սրտաշարժ է Հրանտ Խաչատրյանի դերակատարությունը։ Խորհրդարանի աշխատանքային առաջին օրը նա «քաջ էր ու սիրուն Արտաշից առավել», բայց խորհրդարանի «ամրոցն էր առել» ուրիշի օգնությամբ։ Միով բանիվ՝ իր օրթոդոքս դիրքորոշմամբ, նա ոչ միայն լիարժեք չի ըմբռնում, որ ուժային կառույցն ուժային կառույց է՝ ով էլ այն ղեկավարի, եւ առայժմ չի տիրապետում խորհրդարանական լեզվամտածողությանը՝ իր համար չփաստելով, որ ամեն հավաքականություն (հոտ) ունի իր օրենքները՝ այլ է լեզվամտածողությունը դրսում, այլ՝ պառլամենտում… Ինչեւէ, այնուհանդերձ, երբ Հրանտ Խաչատրյանը մեկ անգամ էլ կփորձի իր ձեռքերը լվալ ու ձերբազատվել ե՛ւ ուժային հովանավորությունից, ե՛ւ առյուծի սիրտ կերած քաջազուն Արտաշեսից, գուցե խորհրդարանում մենք ունենանք իրական ընդդիմության սաղմեր մեր կրողներին, իսկ առայժմ մեր նորընտիր պառլամենտում՝

Լալու կամ խնդալու պատճա՞ռ…

Կա՜ր. կա՛ր։ Մեզ՝ «ՀՀ-ից քշվածներիս» համար կար. Խոսրով Հարությունյանը չկար. նրա տեղում առոք-փառոք բազմել էր «մեծարգո Կարեն Սերոբիչը»։ Ի դեպ, նա խոստացել էր, որ մեր հաջորդ հարցազրույցը կլինի ծովեզրին. տեսնես դեռ էդ կարծիքի՞ն է… Հա՛, մի լավ բան էլ կար. Սերոբիչն ասաց, որ ապարատի աշխատողներին ազատելու է գործից։ Ո՜ւխ։ Մանավանդ էն, որ ձայնագրիչս խփեց պատին ու ջարդեց, ինձ թողեց անձայնագրիչ, անաշխատանք։

Աշխատակազմի ղեկավա՛ր…

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930