Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ»

Հունիս 25,1999 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ «ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱ» Ռուսաստանի երեկվա քաղաքական առօրյան ավելի քան սովորական էր։ Սովորական էր Ելցին-Ստեպաշին հերթական հանդիպումը, որտեղ Ելցինը նշելով, որ իրենք հանուն Հարավսլավիայի արեցին «ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ», հայտարարեց, որ այսօր կարեւորագույն խնդիրը Հարավսլավիայի վերականգնումն է եւ դրան Ռուսաստանը պետք է ամեն կերպ աջակցի։ Մի քիչ հարցական մնաց, թե Հարավսլավիային աջակցելուց հետո ո՞վ է աջակցելու Ռուսաստանի վերականգնմանը, բայց դե դա արդեն, ըստ երեւույթին, Ելցինի պրոբլեմը չի լինի։ Ստեպաշինը խիստ բարյացակամություն ցուցաբերեց խորհրդարանի նկատմամբ, շնորհակալություն հայտնելով Դումային Համաշխարհային բանկի պահանջած բոլոր օրինանախագծերը նախորդ օրը հաստատելու համար։ Ի դեպ, նույն Դուման, երեկ, երբ խոսքը վերաբերեց ալկոհոլ արտադրելու սարքավորումների հսկողությանն ու դրանք նոր հարկով «զարդարելուն», իրեն պահեց արդեն սովորականի պես, բանը գրեթե հասցնելով ծեծկռտուքի։ Վարչապետ Ստեպաշինը մի նորություն եւս հայտնեց՝ այսօր կառավարության արտագնա նիստը պետք է տեղի ունենա Դաղստանում։ Ելցինի կողմից խիստ հավանության արժանացած այս գաղափարը նա հիմնավորեց այսպես. «Դե, դուք գիտեք, թե ինչ բարդ իրավիճակ է Հյուսիսային Կովկասում»։ Նախագահ Ելցինը երեկ մի շատ կարեւոր հանդիպում եւս ունեցավ։ Նա հյուրընկալում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին։ Վերջինս երկու շաբաթ առաջ Սանկտ Պետերբուրգում մասնակցելով համառուսական տնտեսական ֆորումին, այդպես էլ «ոտքը կախ գցեց» Ռուսաստանում։ Որոշ դիտորդներ պնդում են, որ հարավսլավական պատմություններից հետո Անանը այլեւս չի վստահում Քլինթոնին եւ Օլբրայթին եւ սկսել է ընկերություն անել միայն ռուսների հետ, որովհետեւ եթե նրանք իրենց երկրի շահը չզոհեին հանուն ՄԱԿ-ի, վերջինս ընդհանրապես կդադարեր գոյություն ունենալ։ Այս առումով Ելցինը շուտով ընկեր Բիլից ավելի կսկսի սիրել ընկեր Քոֆիին։ Արդեն չի բացառվում, որ Ելցինը սեւամորթ ընկերոջը ընկերաբար սեղանի շուրջ Քոֆո անվանի։ Փորձագետների մյուս խումբը համամիտ չէ Անանի Ռուսաստանում երկարաժամկետ գտնվելու վերոնշյալ փաստարկների հետ եւ պնդում է, որ վերջինս վերադարձի տոմսը կորցրել է եւ այժմ մինչեւ ողջ Ռուսաստանը ոտքի տակ չտա, նյույորքյան շտաբ-բնակարան չի վերադառնա։ Մեր հաշվարկները ցույց տվեցին, որ այդ դեպքում, եթե հաշվի առնենք վերջին երկու շաբաթվա ընթացքում նրա տեղափոխվելու արագությունը, Քոֆի Անանը Վլադիվոստոկում կլինի եկող տարվա մարտի 18-ի լույս 19-ի գիշերը։ Սակայն երեկվա բոլոր իրադարձությունները խամրում են Ստեպաշինի կառավարության նիստում արած հայտարարության տպավորության ներքո։ Ստեպաշինը պարզապես հայտարարեց, որ կառավարությունը չպետք է հեռու մնա խորհրդարանական ընտրություններից, եւ Պետդուման պետք է իր՝ կառավարական պատգամավորներն ունենա։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ գրեթե նմանատիպ որոշում ընդունեց (ոչ բարձրաձայն) ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը, որի արդյունքում ստեղծվեց եւ այժմ գրեթե գոյություն չունի «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը։ Թե ինչպես է Ռուսաստանի կառավարությունն առաջիկայում մասնակցելու Պետդումայի ընտրություններին, դեռ հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ, թե ով կղեկավարի ռուսական «արժանապատիվ ապագան»։ Համենայնդեպս, լավատեղյակ աղբյուրներից ճշտեցինք, որ Լյուդմիլա Հարությունյանն առայժմ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմում չի ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը։ Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել