Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ»՝ ԵՎՍ ՄԻ ԲԱՑԱՌԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 08,1999 00:00
qushkyan

Ասում են, որպեսզի հիվանդանոցում գտնես լավագույն վիրաբույժին, պետք չէ դիմել տեղեկատուների օգնությանը կամ հարցնել բժիշկներին։ Լավագույն ելքը՝ գտնում ես տվյալ հիվանդանոցում երկար տարիներ աշխատած որեւէ սանիտարի կամ տեխնիկական անձնակազմից որեւէ մեկին, եւ նա անսխալ կասի, թե որ վիրաբույժի «ձեռքն է թեթեւ»։

Հորս վիրահատության ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքի սանիտար Վարդգեսը գրեթե երկու ժամ վիրաբույժ Երվանդ Հարությունյանի գովքն էր անում։ Եվ թեպետ մենք վիրաբույժին չէինք ընտրել ըստ որեւէ մեկի ասածի, պարզվեց, որ բախտներս խիստ բերել է։ Միջազգային ստանդարտով 3-4 ժամ տեւողությամբ վիրահատությունն ավարտվեց 1 ժամ 45 րոպեում։ Նախօրոք մենք տեղյակ էինք, որ վիրահատությունը սովորականների թվին չի պատկանում, այլ ավելի շատ դասվում է այն բացառիկների շարքը, որի հաջող ավարտից հետո արտասահմանում վիրաբույժի նկարը հաջորդ օրը հայտնվում է բժշկական հանդեսների առաջին էջերին։

Երբ բացառիկ այս վիրահատության մասին հարցրեցի «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին, վերջինս պատասխանեց. «Ընդհանրապես մեր հիվանդանոցն այսօր լավագույններից է տարածաշրջանում։ Իհարկե, մենք կարողացանք վերջին 10-ամյակում արմատապես վերազինել մեր հիվանդանոցը, կազմակերպել առաջատար բժիշկների պրակտիկա արտասահմանում։ Բայց, միեւնույն է, մեր հիմնական հպարտությունը մեր բացառիկ տաղանդավոր մասնագետներն են։ Իսկ ինչ վերաբերում է Երվանդ Հարությունյանին, ապա նման մասնագետներով ոչ միայն մենք, այլեւ աշխարհի ցանկացած առաջատար կլինիկա կարող էր հպարտանալ»։

Ընդհանրապես ուռոլոգիայում կա տեսակետ, որ տղամարդկանց մահացության պատճառների մեջ առաջին տեղը գրավում է շագանակագեղձի չարորակ ուռուցքը։ Երբեմն թոքերի, ստամոքսի եւ այլ օրգանների քաղցկեղը, պարզվում է, ընդամենը շագանակաձեւ գեղձի ուռուցքի մետաստազ է։

Վիրահատությունը, որը օրերս հաջողությամբ ավարտեց Երվանդ Հարությունյանը, (ասիստենտներ՝ Հարություն Զուռնաչյան, Համլետ Դվոյան) բժշկական լեզվով կոչվում է ռադիկալ պրոստատ-էքտոմիա, այսինքն՝ շագանակագեղձի արմատական հեռացում։ Այս վիրահատությունը թվով չորրորդն էր եւ բոլորն էլ կատարել է բ. գ. թ. միզաբանության կլինիկայի գիտագործնական ղեկավար Երվանդ Հարությունյանը։

Ամերիկայի առաջատար կլինիկաների հրապարակած տվյալներով, տարեկան արվում է մոտ 700 ռադիկալ պրոստատ-էքտոմիա եւ, ցավոք, այս վիրահատությունը նոր-նոր է սկսում կիրառվել նախկին ԽՍՀՄ-ում։ Ոչ բժիշկ ընթերցողներին ավելի հասկանալի ասենք, որ եթե շագանակագեղձի չարորակ ուռուցքը հայտնաբերվում է նախնական փուլում եւ դեռեւս մետաստազներ չկան, այն հեռացվում է ամբողջությամբ եւ թվում է անհույս հիվանդը վերստին ձեռք է բերում լիարժեք ապրելու իրավունք ու հնարավորություն՝ առանց այլեւս մտածելու իր ունեցած հիվանդության մասին։ Ինքը՝ վիրաբույժը, իրավիճակը բացատրում է այսպես. «Ցավոք, հայերը չունեն պարբերաբար բժշկական ստուգումների դիմելու ավանդույթ։ Եվ շատ հաճախ մեզ դիմում են հիվանդներ, երբ նրանց հիվանդությունն արդեն անցել է նախնական փուլը։ Բուժումներ կան, սակայն դրանք, միեւնույն է, ընդամենը ժամանակավորապես երկարաձգում են մարդու կյանքը։ Նույնատիպ պրոբլեմի առաջ այսօր կանգնած է հորեղբայրս։ Ես նրան չեմ կարող վիրահատել, որովհետեւ ինքնին վիրահատությունը շատ վտանգավոր է, իսկ վիրաբույժը վախը սրտում չի կարող մտնել վիրահատարան։ Արդեն մեկ տարի է՝ նա Մոսկվայում փնտրում է վիրաբույժի, որը կստանձնի այս վիրահատությունը։ Ցավոք, դեռ չենք գտել։ Իսկ արտասահմանում այս վիրահատությունը շատ թանկարժեք է»։

Ո՞րն է վիրահատության պրոբլեմը։ Նախ՝ վիրահատության ժամանակ մեկ լիտր արյան կորուստը համարվում է նորմալ։ Արտասահմանում այս նպատակով օգտագործվում են հատուկ պոմպեր, որոնք կորսվող արյունն անմիջապես վերադարձնում են հիվանդի օրգանիզմ։ Հաջորդ մեծ պրոբլեմը կախված է վիրահատությունից հետո նորմալ միզապահության հետ (ԱՄՆ-ում այս նպատակով հատուկ պրոթեզներ են օգտագործվում)։ Սակայն հիմնական պրոբլեմն այն է, որ հիվանդները դիմում են պետք եղածից քիչ ուշ։ Այս դեպքում նրանց հիմնականում սպասվում է ամորձատում (որովհետեւ շագանակագեղձի ուռուցքը հորմոնալ կախյալ ուռուցք է), որից հետո բուժում՝ խիստ թանկարժեք արտասահմանյան դեղորայքով։

Ընդհանրապես մենք, ըստ երեւույթին, պետք եղածից շատ ենք վախենում բժիշկներից եւ նրանց դիմում ենք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Արդեն մի քանի շաբաթ ամեն օր շփվում եմ «Էրեբունի» կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքի հետ եւ ամեն օր համոզվում, որ վախենալու հարկ այդքան էլ չկա, եւ այստեղ ամեն հիվանդ կընդունվի հոգատարությամբ։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031