Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՇԱՎԱՆՔԸ ՔԱՆԴՎՈՒՄ Է

Հուլիս 14,1999 00:00
goshavanq

Երկրի թագավորը ճնշում ու հալածում է ժողովրդին։ Ժողովուրդը թագավորին չի սիրում, անիծում է եւ դժգոհում։ Միայն մի այրի կին, առավոտից-իրիկուն օրհնում է թագավորին եւ նրա գովքն է անում։

Այս բանը թագավորին շատ է զարմացնում։ Նա հրամայում է իր մոտ բերել կնոջը եւ հարցնում է, թե ինչո՞ւ է կինն իրեն օրհնում, երբ բոլորը դժգոհ են։ Կինը պատասխանում է. «Ես անիծում էի քո հորը, որովհետեւ նա դաժան էր եւ չար։ Նա մեռավ, փոխարենը դու թագավոր դարձար։ Դու ավելի դաժան ես ու ավելի չար։ Օրհնում եմ քեզ, որ երկար թագավորես, որովհետեւ քո որդին, եթե թագավոր դառնա, համոզված եմ, ավելի չար ու դաժան կլինի, քան դու»։ Մխիթար Գոշի ժամանակներից 800 տարուց ավելի է անցել, բայց թագավորների, նրանց չարության եւ այրի կնոջ մասին առակի խորհուրդը դեռ չի անցել եւ երկար ժամանակ չի անցնի։ Իսկ Գոշավանքը կամաց-կամաց քանդվում է, վերջին տասը տարում՝ ավելի արագ։ Գոշավանքի պատերից մեկին փակցված է մի ցուցանակ, որի վրա հայերեն եւ ռուսերեն տառերով գրված է. «Պահպանվում է պետության կողմից»։ Իրականում Գոշավանքը քանդվում է պետության կողմից։

Գոշավանքը 12-րդ դարի կառույց է, հոգեւոր-մշակութային կենտրոն։ Այսօր Գոշավանքի համալիրը ավերվում է այնպես, ինչպես ավերվում է Գոշավանք գյուղը։ Գոշավանքի եկեղեցին չգործող եկեղեցի է։ Բայց խնամքի եւ ուշադրության կարիք ունի։ Եկեղեցում 7 մարդ է աշխատում, որոնց աշխատավարձ է հարկավոր, ապրելու հնարավորություն։

Մարտի մեկից չգործող եկեղեցիների համար որոշում է կայացվել՝ մուտքը վճարովի դարձնել։ ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության որոշումը մեզ տրամադրեց եկեղեցու աշխատակցուհին, որը եւ ուղեկցողն է եւ տոմսավաճառը։ Որոշման մեջ նշվում է. «… Հաշվի առնելով, որ թանգարանների մուտքի տոմսերի սակագները սահմանվել են 95-ին եւ չեն համապատասխանում շուկայական հարաբերություններին»։

Մուտքի տոմսի նոր գները սահմանված են մինչեւ 16 տարեկան այցելուների համար՝ 100 դրամ, 16-ից բարձր՝ 250 դրամ, օտարերկրյա այցելուների համար՝ 1000 դրամ։ Էքսկուրսիաների անցկացման գներն են՝ մինչեւ 16 տարեկանների համար՝ 500 դրամ, 16-ից բարձր՝ 1000 դրամ, օտարերկրյա քաղաքացիների համար՝ 2500 դրամ։ Էքսկուրսիաների անցկացումը՝ հայերեն եւ ռուսերեն։

Երբ պետությունը օգնելու ցանկություն չունի, եկեղեցուն մնում է կամաց-կամաց քանդվել ու վերանալ։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031