Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱԶՆԻՎ ԿԱՇԽԱՏԵ՞Ն

Հուլիս 24,1999 00:00
yndunelutyun

Չնայած բուհերի ընդունելության քննությունների այս տարվա կազմակերպիչներն այնքան էլ չեն սիրում նախորդ տարվա հետ համեմատությունները, սակայն ոչ հօգուտ իրենց արձանագրած այս մի անարդարության մասին չենք կարող չգրել։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի պետությունը հրաժարվել է հանձնաժողովներին սնունդով ապահովելու կրթասեր առաքելությունից։ Հիմա այդ խնդիրն իրենք՝ հանձնաժողովների անդամները պիտի լուծեն, չնայած ոմանք, ասենք՝ ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ալբերտ Կիրակոսյանն այնքան էլ դժգոհ չէր սույն իրողությունից։ Ու հիմնավորումն էլ շատ հետաքրքիր էր. «Որ պատմում են, թե անցյալ տարի ոնց են կերակրել, ուրախ ենք, որ այս տարի չեն կերակրում»։ Իսկ ընդհանուր առմամբ այս տարի պետբյուջեից քննությունների կազմակերպման նպատակով միայն 10 մլն դրամ է հատկացվել, նախորդ տարվա 30 մլն-ի փոխարեն եւ որոշ նախագահներ մտավախություն ունեին, որ նույնիսկ աշխատավարձ չեն ստանա իրենց չարքաշ աշխատանքի համար։ Ու հետո էլ ուզում են, որ հանձնաժողովները ազնիվ աշխատեն։

Երեկ «Առավոտն» իր դիտորդական առաքելությունն անցկացրեց մայր բուհում անցկացվող աշխարհագրություն եւ ֆիզիկա առարկաների քննություններին հետեւելով։

Առաջինն անցյալ տարի հայտնի էր խիստ ցածր միավորների եւ անբավարարների մեծ թվով։ Այն հիմնավորող արդարացումները՝ երեխաների պատրաստվածության ցածր մակարդակ, հարցարանների ծանրաբեռնվածություն, հարցատոմսերի բարդ կառուցվածք եւ այլն, այս տարի այնքան էլ արդիական չեն։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Խոյեցյանի պարզաբանմամբ, այս տարի իրենց դիմորդները շատ ավելի նախապատրաստված են, քան նախորդ տարի, երբ շատ էին պարզապես բախտները փորձող դիմորդները։ Հիշեցնենք, որ անցյալ տարի անբավարար ստացած 240 դիմորդներից 150-ը քննություններից հետո մաքուր քննական տետրեր էին վերադարձրել։ Ի դեպ, այս տարի աշխարհագրություն հանձնողների թիվը բավականին նվազել է (անցյալ տարի հայտ էր ներկայացրել 1070-ը, այս տարի 609-ը)։ Պարոն Խոյեցյանի բացատրությամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ այս տարի քննության հայտ են ներկայացրել միայն պատրաստված դիմորդները։ Բացի այդ, գնալով կրճատվում է այն մասնագիտությունների թիվը, որոնց ընդունելության քննությունն աշխարհագրությունն է։ Այս տարի չորս մասնագիտություն, մեկը՝ ժողտնտեսության ինստիտուտից, երեքը՝ գյուղակադեմիայից, կրճատվել է։ Իսկ որոշ բուհեր արդեն այսօր մեծ մտավախություն ունեն, որ աշխարհագրություն ընդունելության քննությամբ մասնագիտությունների գծով թափուր տեղեր կունենան։ Նույնիսկ ավանդաբար մրցութային ժողտնտեսության ինստիտուտի այդ բաժիններում կարող է գրեթե մրցույթ չլինել։ Այնպես որ, արդեն միտում կա քիչ ավելի բարի լինել աշխատանքները գնահատելիս։ (Ֆիզիկայի հանձնաժողովի նախագահն էլ էր հավատացնում, որ նման միտում իրենց մոտ եւս առկա է)։

Իսկ գնահատման արդյունքներով, անցած երկու օրվա տվյալներով, 121 դիմորդից անբավարար է ստացել միայն 9-ը։ 20 միավոր դեռ չկար, ամենաբարձրը մեկ 18 միավորն էր եւ մեծ թիվ էին կազմում միջին գնահատականները։ Իսկ գանգատարկվել էր 9 աշխատանք, եւ միայն մեկի գնահատականն է փոխվել, այն էլ՝ իջեցվել մեկ միավորով։ Պարոն Խոյեցյանը նաեւ հավաստիացրեց, որ այս տարի զգալի փոփոխություններ են եղել հարցաշարում եւ հարցատոմսերում։ Հարցաշարը զգալիորեն բեռնաթափվել է, իսկ հարցատոմսերի կառուցվածքը բարեփոխվել է հօգուտ դիմորդի։ Նաեւ սրանով են պայմանավորված քննությունների համեմատաբար գոհացուցիչ արդյունքները։ Բացի այդ, անցյալ տարի հարցաշարը միայն ապրիլին դիմորդին հասավ, իսկ այս տարի արդեն հոկտեմբեր ամսից այն պատրաստ էր։

Ֆիզիկայի քննությանը մասնակցությունս մի հետաքրքիր իրողություն բացահայտեց. պարզվում է, որ որպես ծածկագիր փոքրիկ (ծավալով) գրքույկներ են բերում քննասենյակ, որոնք ամփոփում են առարկայի ողջ ծրագիրը։ Ինչ-որ մեկը շատ հաջող բիզնեսի ձեւ է գտել։ Ինչպես տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Ալբերտ Կիրակոսյանը, նախորդ օրերին երկու նման դեպք են «բռնացրել», ընդ որում՝ մեկին դուրս են հանել քննասենյակից, մյուսին՝ ոչ, քանի որ վերջինս չէր հասցրել արտագրել։ Մնացյալ տեղեկությունները շաբլոն էին, ոչ մի նոր բան չասվեց։ Երեխաների պատրաստվածության աստիճանը «շատ բարձր» որակվեց։ Պարոն Կիրակոսյանի խոստովանությամբ՝ «ստուգողների գործը շատ է դժվարացել», քանի որ հարցարանները վաղուց պատրաստ էին եւ երեխաները հասցրել են շատ լավ պատրաստվել։ Չորս օրվա արդյունքներով անբավարար ստացածների թիվը կազմում է 18-19%, 16-15% են կազմում բարձր միավորները։ Բողոքարկումներ եւ վերագնահատումներ (6 աշխատանք, բոլորն էլ 1-2 միավորով բարձրացվել են) նույնպես եղել են եւ նույնիսկ ֆիզիկոսների մոտ միավորները սխալ հաշվելու դեպք է արձանագրվել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031