Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ ԽԱՂ Է ՄՈԳՈՆՎՈՒՄ

Հուլիս 27,1999 00:00
hosanq

Կամ՝ սեւ տրճեի ու ՄԱՀ-ի արանքում

Հանրապետության բնակչության որոշակի մասը, եթե չասենք՝ բացարձակ մեծամասնությունը, ցնցված է Միջազգային արժութային հիմնադրամի (ՄԱՀ)՝ մեր հանդեպ վերջին պահանջից. ֆինանսական աջակցության դիմաց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

Ինչու է այս մասին հաղորդում տպագրվում այն պահին, երբ ընդամենը օրեր առաջ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովը, ի լուր այդ նույն բնակչության, հայտարարեց, որ նվազեցվելու է գիշերային որոշակի ժամերին օգտագործվող էլեկտրաէներգիայի կվտ/ժամի արժեքը։ Նման մոտեցումը հարվածի տակ է դնում հիմնավորապես սասանված հանձնաժողովի հեղինակությունը։ Նման դեպքում քաղաքական երանգ փնտրողները նշում են, թե կատարվողը ընդամենը քաղաքական խաղեր են։

Մեր խնդիրն այլ է. սիրողականից փոքր-ինչ այլ մակարդակով հանրությանը ներկայացնել մեր էլեկտրաէներգետիկ թվաբանությունը, կողմնորոշվելու եւ պահանջատեր մնալու առումով։ Կոնկրետ։ Հանրապետությունում վերջին տարիներին արտադրվում է 6 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա, որի մոտ կեսը՝ ջերմակայաններում, 30 տոկոսը՝ ԱԷԿ-ում եւ 20 տոկոսը՝ հիդրոկայաններում։ ՀԷԿ-երում ծախսվում է մոտ 1 մլրդ խմ գազ՝ 60 մլն դոլար արժեքով։ ԱԷԿ-ում կվտ/ժ-ի ՋԷԿ-երի համեմատ ցածր ինքնարժեքը եւ արտադրածավալը նկատի ունենալու արդյունքում միջուկային վառելիքի արժեքը չպետք է գերազանցի 30 մլն դոլարը։ Ավելացնենք. համակարգի 20 հազար անձնակազմին միջին ամսական 100 դոլար աշխատավարձ սահմանելու դեպքում ստացվում է 25 մլն դոլարի տարեկան աշխատավարձ։ Հիմնական այս ծախսերի վրա համակարգի պահպանման ինչ այլ ծախսեր էլ հաշվարկենք, արդյունքում 150 մլն դոլարի ծախսային մաս չի ստացվում։ Իսկ 6 մլրդ կվտ/ժ-ն 25 դրամ ինքնարժեքով կազմում է 300 մլն դոլար։

Ընթերցողին հայտնեմ, որ բերված թվերը պաշտոնական եւ մասամբ միայն ժուռնալիստական ուսումնասիրության արդյունք են։ Առավել ճշգրիտ վիճակագրությունից օգտվելու հնարավորություն համակարգում չի ստեղծվում։ Արդյունքում ստացվեց, որ էներգահամակարգը 1999-ին կաշխատի 150 մլն դոլար շահույթով, որը մեր երկրի բյուջեի ոչ ավել, ոչ պակաս 50 տոկոսն է։ Հարցնենք տնտեսավարող այրերին, մերոնց ու դրսիններին. Միջազգային արժութային հիմնադրամի երկրներից որեւէ մեկում կա՞ այնպիսի արդյունք, երբ երկրի բյուջեն անգամ 10 տոկոսով է կազմավորվում էլարտադրանք սպառողներից ստացվող գերշահույթից։ Չկա։ Դեռ ավելին. անհիմն չեն այն լուրերը, որ մեզանում չհաշվարկված մեծ քանակով գերէժան էլեկտրաէներգիա է արտադրվում Սեւանի ու Որոտանի հիդրոհամալիրներում։ ՄԱՀ-ը իրոք տեսնում է Սեւանի մահը, սակայն գերադասելով՝ ինչքան օգնության կարոտ, այնքան լավ գործելաոճը, շահագրգռվածության նմանակեղծումի աշխատաոճն է գերադասում։

Համակարգի այն պաշտոնյաները, ովքեր սակագնային հարցերը որոշողներն են, հարյուրավոր դոլարների վաստակի պայմաններում չեն տեսնում իրավիճակի վտանգավորությունը։ «Մեր միջից դուրս եկած, մեզնից ծնված պաշտոնյա ընկերներն այս ե՞րբ, ինչո՞ւ մեզնից այսքան հեռացան։ Մե՞նք ենք մեղավոր, թե՞ իրենք»,- մեկ տասնամյակ առաջ հարցնում էր հրապարակախոսը։ Շարքային էլեկտրիկը արդեն ճանաչվում է որպես հանցագործ մեկը, իր հետ այդ որակումը տարածելով սպառողների մի ստվար մասի վրա։ Հարեւանը խորթանում է հարեւանից, նրան վերագրելով իր հաշվիչի լրացուցիչ կվտ/ժ-երը եւ հարցը ծնվում է ինքնաբերաբար՝ ի՞նչ երկիր է սա։

Երբ մեկին սա են ասում, վիրավորվում է։ Հիմա մեր դրախտ երկիրն է սա անվանվում։ Եվ ընդամենն այն պատճառով, որ իշխանության վերին մասում հայտնված մի քանի այրերը չգիտեն ինչ ու ինչպես անեն։ Այդ ինչպես է ԱՄՆ-ի ներկա նախագահին հաջողվել իր իշխանության 7 տարիների ընթացքում 15 միլիոն աշխատատեղեր ստեղծել։ Եթե հարցը նրա պրեզիդենտ անվանման մեջ է, եկեք ազգովին խնդրենք լեզվի պետական կոմիտեին մեր պետության ղեկավարի կոչման հարցում վերականգնել պրեզիդենտ անվանումը։ Բայց եկեք նկատենք, որ ԱՄՆ-ում… վարչապետ չկա։ Հակառակի պես երկրորդ գերհզոր Մեծ Բրիտանիայում էլ նախագահ չկա, փոխարենը վարչապետն է տերը։ Հիշատակված երկրներում անցնող հերթական իշխանությունը միայն հարգանքի է արժանանում, մենք մեզ ստիպում ենք գոնե առաջին նախագահի մասին բացասական ոչինչ չասել։ Եղած-չեղած էլ մի 2,5 մլն մարդ ենք մնացել։

Իր մի այլ ստեղծագործության մեջ հայ հրապարակախոս-գրողը մեր հող-երկիրը որակում է որպես սեւ տրճե։ «Սա բազմակողմանիորեն ու հանգամանալի մի լա՛վ պիտի մշակվեր։ Աշխարհն էլ առա՜տ, ընտրության հնարավորությունը՝ մեծ, ո՞վ գլուխ կդներ էդ սեւ տրճեի հետ։ Զարմանալի պինդ ու համբերատար տղամարդկանց ցեղ էր պետք, որ սեփական ճակատագրի հետ քյալլա տալով էդ սեւ տրճեից բազմաբեղուն ծննդկան շիներ եւ, որ իրենց նման պինդ ու հաստատուն սերունդների տային աշխարհին. մենք՝ մենք ենք, խոսեք, տեսնենք՝ դո՞ւք ովքեր եք»։

«Ինչ ուզում եք ասեք, ամենասարսափելի, նվաստացուցիչ պայմաններում անգամ կարելի է մարդ մնալ»։

Ձեր խոսքերն են, վարչապետ, սեւ տրճեից դեպի ՄԱՀ տանող ճանապարհին։

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031