Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ ՓՈՐՁԸ

Հոկտեմբեր 05,1999 00:00
usucich

Հոկտեմբերի առաջին կիրակին, հանրապետությունն ավանդաբար նշում էր Ուսուցչի օրը։ Գիտե՞ք, ինչպես է դա կատարվում. ծնողները «քցվում» են հինգ հարյուր-հազարական դրամ, իրենց զավակների սիրելի ուսուցիչների համար գնում են արժեքավոր նվերներ։ Որպեսզի նրանք՝ թանկագինները, իրենց աշխատանքից ստանան ոչ միայն բարոյական, այլեւ գոնե ինչ-որ նյութական բավարարվածություն։ Ամիսներով աշխատավարձ չստացող ուսուցիչները, բնականաբար, գոյություն են պահպանում նաեւ դպրոցական քննությունների եւ շրջանավարտների հաշվին։

Ահա եւ կառավարությունն էլ այս կերպ փորձում է քավել իր բյուջետային մեղքերն ուսուցիչների հանդեպ։ Ճիշտ է, նվերների չափով կառավարությունը ծնողներին չի հասնի, բայց ինչ-որ մեկին հանդիսավոր մթնոլորտում հանձնվում են պատվոգրեր եւ դրամական պարգեւներ։ Ոչ շատ մեծ, բայց շրջաններից իրենց պատվոգրերի հետեւից մայրաքաղաք եկածների ճանապարհածախսը դուրս կգա։ Դե, լուսավորության աշխատակիցների արհմիությունն էլ մի բան կշպրտի, գուցե ինչ-որ թաղապետ առատաձեռնություն ցուցաբերի եւ նշի «իրենց թաղի» ուսուցիչներին կամ տնօրեններին։ Ուսուցիչների միջեւ գործում է առողջ մրցակցություն։ Այն պատճառով, որ հետայսու արդեն պիտի ընտրվեն տարվա «Լավագույն ուսուցիչ» եւ «Լավագույն տնօրեն», որոնց, ըստ որոշ լուրերի, ինքը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանն է, խոստացել մեքենա նվիրել։

«Լավագույն» կոչումն ինքնին լավ է։ Բայց մեքենան ավելի լավ է։ Ունենալով նման հեռանկար, անկեղծորեն ասած, ուսուցիչները կդրսեւորեն սեւ երախտամոռություն, եթե չհամաձայնեն այսուհետ աշխատել անհատույց եւ հավետ չմոռանալ աշխատավարձի ուշացումների մասին։ Բոլորն, իհարկե, լավագույն չեն դառնա, բայց մասսայաբար կսկսեն ձգտել դրան։ Կառավարությունն էլ ուսուցիչների աշխատավարձերից խնայած գումարներով հնարավորություն կունենա գնել արդեն մի քանի մեքենա մի քանի լավագույն ուսուցիչների համար։ Կամ՝ լավագույն բժիշկների համար։ Մի խոսքով՝ բյուջետային լավագույն աշխատողների համար։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031