Լրահոս
Օրվա լրահոսը

O՜, TEMPORA, O՜, MORES

Նոյեմբեր 25,1999 00:00
Davit Zadoyan

«Զադոյան, տեմպը չթուլացնես հանկարծ»

Արամ Սարգսյանին վարչապետ նշանակելուց կարճ ժամանակ անց կառավարական օղակներից սկսեցին լուրեր տարածվել, թե որ նախարարների աթոռներն են «խախուտ»։ Ընդ որում, պնդում էին, թե դիվանագիտական եւ այլ աշխատանքի ուղարկելու միջոցով այդ պաշտոնափոխությունների վերաբերյալ մտադրություններ ուներ դեռ Վազգեն Սարգսյանը։ Եվ այս լուրերն անգամ մամուլ էին հասնում։

Ինչպե՞ս է այդ լուրերին վերաբերվում էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը, որի անունը հնարավոր պաշտոնանկությունների շարքում միշտ փոխանցվել է մամուլին։ Բնականաբար, նա հերքեց, թե այդպիսի մտադրություն կար. «Առաջին իսկ օրվանից վարչապետի հետ պայմանավորվել էինք։ Նա ինձ ասել էր. «Կպի, նույն տեմպով աշխատի, տեմպը չթուլացնես հանկարծ»։ Եվ ես նույն տեմպով աշխատել եմ։ Ո՞ւմ է ձեռնտու այսպիսի բաներ տարածելը՝ չգիտեմ»։ Սակայն նրա վերաբերյալ ներիշխանական շրջանակներում պտտվող ասեկոսեներն այսքանով չեն սահմանափակվում։ Խոսվում է այն մասին, թե Դավիթ Զադոյանին, այսպես ասած, պահում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քանի որ նրանք որսորդության ընկերներ են։ «Այո, նրա հետ որսորդության գնացել եմ»,- հաստատեց պրն Զադոյանը։ Իսկ մեր այն հարցին ի պատասխան, թե ինչպիսի՞ որսորդներ են ինքը եւ Ռոբերտ Քոչարյանը, ասաց. «Օրվա հաջողությամբ է պայմանավորված»։ Դավիթ Զադոյանը սակայն առավել կարեւոր եւ էական մի խոստովանություն արեց. «Եթե առաջ կար Վազգեն Սարգսյան, որին ես ամբողջությամբ վստահում եւ համոզված էի, որ նա պետական գործիչ է. նրա ասածները վերլուծության չէի ենթարկում եւ իրականացնում էի, ապա այժմ ես այդպիսի գործիչ չգիտեմ, որին անվերապահորեն վստահեմ, իր ասածները չվերլուծեմ եւ ինձ համար չորոշեմ՝ արդյոք սա պետությանն օգո՞ւտ է, թե՞ վնաս։ Այս առումով, իհարկե, շատ հարցեր կան, որոնց քննարկման ժամանակ ես ասում եմ, որ այս պահին սա չի կարելի, ինձ թվում է, թե այսպես պիտի արվի եւ այլն։ Երեւի այս ամենից ելնելով՝ մարդիկ այսպես են մեկնաբանել»։ Առավել որոշակիացրինք, թե ուրեմն ներկա վարչապետին այդպիսի գործիչ չի՞ համարում, որի ասածներն առանց վերլուծության եւ քննարկումների պիտի կատարվեն։ «Նա դեռ պետք է դառնա այդպիսին, իհարկե»,- ասաց պրն Զադոյանը։

Հուսով ենք, որ այս կարծիքը նրա հնարավոր պաշտոնանկության մասին լուրերի մի նոր ալիքի պատճառ չի դառնա։ Չէ որ, ի վերջո, վարչապետի մասին այդ տեսակետն այժմ հատուկենտ մարդիկ կվիճարկեն։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930