Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉՈՒՆԵՄ»

Նոյեմբեր 26,1999 00:00
nairi hunanyan

Սա մեջբերում է Նաիրի Հունանյանի տեսագրված խոսքից։ Ազգային հեռուստատեսության չմոնտաժված տեսագրությունը եւ երեք տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում նկարահանած ժապավենը դիտելու պատեհությունն ունեցանք այդ ողբերգական իրադարձության մեկ ամիսը լրանալու նախօրեին միայն։

Նախ, շտկենք այն սխալը, որ կատարել էինք հոկտեմբերի 28-ին «Առավոտում» իրադարձությունների վերաբերյալ մեր ռեպորտաժում, նշելով, թե առաջինը դահլիճի դռնից ներս է խուժել «բաց գորշավուն երկար անձրեւանոցով Նաիրի Հունանյանը եւ ավտոմատի կրակահերթ ուղղել Վազգեն Սարգսյանի եւ առաջին շարքում նստածների վրա»։ Տեսագրությունը համոզեց, որ դա Կարեն Հունանյանն էր, որի հագին էր այդ անձրեւանոցը եւ նա նաեւ սեւ վերնաշապիկով եւ փողկապով էր։ Թյուրիմացության պատճառն այն էր, որ ես երկու օր առաջ՝ հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում Նաիրի Հունանյանին տեսել էի նույն այդ անձրեւանոցով եւ սեւ-կանաչ գծերով վերնաշապիկով, որ նրա հագին էր նաեւ հոկտեմբերի 27-ին։

Ի դեպ, վարկած կա, թե նրանք վաղօրոք են զենքերն ԱԺ-ում պահած եղել, որոնք ձեռք էին բերել շուրջ 4 ամիս առաջ։ ՀԱՀ-ը որպես «բացառիկ դաժան կադր» մոնտաժել էր այն պահը, երբ Կարեն Հունանյանն ավտոմատի խզակոթով 3 հարված է հասցնում արդեն անշնչացած Վազգեն Սարգսյանին եւ կռանում ու գետնից ինչ-որ բան վերցնում, գրպանն է դնում։ Ասում են, թե Վազգեն Սարգսյանի ձեռքից ժամացույցն էր հանել։ Գուցե եւ գրպանը դրածը պարկուճ էր, ինչպես գրել էր «Ազգի» մեր գործընկերուհին։ Սակայն նախ, քանի որ հեռվից է նկարված՝ պարզորոշ չի երեւում, թե հատկապես ինչ է վերցնում։

Եվ հետո, արդեն հաջորդ՝ 18.15-18.30-ին նկարված տեսաժապավենի մեջ երեւում են չհավաքված, գետնին թափված բազմաթիվ պարկուճները, եւ անգամ պահունակները (իրականում 300-ից քիչ ավելի պարկուճ էր հավաքվել հետո նիստերի դահլիճից)։ ՀԱՀ-ի տեսաժապավենում եւս մի մանրամասն կա, որի մասին չէր գրել ոչ ոք, քանզի այդ պահին լրագրողներին արդեն իսկ դահլիճից դուրս էին արել։ «Ում մոտ կա մոբիլ հեռախոս, ո՞վ ա սաղ,- լսվում է ահաբեկիչներից մեկի ձայնը եւ հետո,- Էդո, էս էլ քեզ մոբիլնի, Աշոտին զանգի՝ թող գա»։ Այս Աշոտն է ԱԺ նիստերի դահլիճ հրավիրվածներից առաջինը։

Սակայն եթե ՀԱՀ-ի մոնտաժված տեսաժապավենը ցուցադրվել է ամբողջ աշխարհում, ապա «02»-ի եւ Չարենցավանի հեռուստաընկերության օպերատորների եւ «Հայուհի» հեռուստածրագրի հեղինակ, ՀԺԿ անդամ լրագրող Ռուզան Խաչատրյանի տեսաժապավենն ավելի քիչ է հայտնի եւ միայն հատվածներ են ցուցադրվել։ Իսկ այս օպերատորները դեմ առ դեմ նկարահանել էին Արմենակ Արմենակյանի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի անշնչացած ու արնածոր մարմինները։ Ընդ որում, նրանց հետ ներս մտած բուժաշխատողը, երբ Նաիրի Հունանյանին ասում է. «Դիակների տեղափոխման համար բրիգադներ կան, կանչե՞նք», նա պատասխանում է. «Թողեք ժուռնալիստները նկարեն՝ նոր»։

Այս լրագրողներին դահլիճ էր ուղեկցել ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Արմեն Հակոբյանը։ 18.15-ից հետո նկարված այս կադրերում պատգամավորներն արդեն բավական հանդարտ են՝ նրանցից մի քանիսը խոսում են բջջային հեռախոսներով՝ ասենք, Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը)։

Սակայն տեսագրությունից մեջբերենք Ռուզան Խաչատրյանի եւ Նաիրի Հունանյանի երկխոսությունը, որը ողջ զրույցի ընթացքում ատրճանակը ձեռքից վայր չի դնում, իսկ նրա հետեւում ավտոմատը ձեռքին կանգնած է Կարեն Հունանյանը։

Ռ. Խ. Քանի որ ես հիմա վերջինն եմ այստեղից դուրս գալու առայժմ, ի՞նչ պայմաններով պատգամավորներին բաց կթողնես։

Ն. Հ. Ես պատգամավորներին բաց թողնելու խնդիր չունեմ։ Քոչարյան Ռոբերտը թող գա՝ նախագահը…

Ռ. Խ. Նա չի գա։ Իսկ եթե չգա՞…

Ն. Հ. Եթե չգա, մենք առանց իրա ստիպված պիտի լինենք որոշել այս ազգի ճակատագիրը։

Կ. Հ. Չգա՝ ես մեծ հաճույքով կգնամ նրա հետեւից։

Ռ. Խ. Մի պայմանը դա՞ է՝ Քոչարյանը գա…

Ն. Հ. Երկրորդ պայմանը. եթե Ռոբերտ Քոչարյանն էս պահին չի ուզում միասնաբար էս ազգի ճակատագիրը որոշենք, ուրեմն, հայ ժողովուրդը պիտի գնա ու Ռոբերտ Քոչարյանից պահանջի՝ ինքը ի՞նչ նախագահ ա մեզ համար, եթե ոչ մի հարցի չի խառնվում։

Ռ. Խ. Նաիրի, ինձ հասկացիր, ես այստեղից դուրս եմ գալիս, ձեր պայմանն ասեք։

Ն. Հ. Պայմա՞նը… Գալիս ա ստեղ, միասնաբար որոշում ենք։ Ոչ մեկ իրա անձին վտանգ չի սպառնում։ (Ցույց տալով պատգամավորներին- Ա. Ի.)։ Բոլորի հետ միասին որոշենք մեր երկրի ապագան։ Կամ թեկուզ թող Ալիկը գա սկզբից (այս ամբողջ ընթացքում նրանց մոտ կանգնած «Միասնություն» խմբակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը հեռախոսով փորձում է կապվել Ալեքսան Հարությունյանի հետ- Ա. Ի.

Օպերատորներից մեկը. Էդ միա՞կ պայմանն է։

Ն. Հ. Դա պայման չի՛։ Դա նորմալ տրամաբանական ելք ա էս պահին։ Լա՛վ, ես ուրիշ բան առաջարկեմ, եթե Ալիկը դանդաղում ա։ Պրն Բոշնաղյան, ամենաավագը Դուք եք, ճի՞շտ ա։ Խնդրում եմ, բարձրացեք տրիբունա, բարձրացեք Ձեր տեղը, սկսում ենք Ազգային ժողովը։

Պերճ Բոշնաղյանն իրոք բարձրանում է ամբիոն։ Այս պահից արդեն այդ երեք լրագրողներն էլ են հեռանում ԱԺ-ից։ Տեսագրության մեջ լսվում է Պերճ Բոշնաղյանի ձայնը. «Պետք է հիմա մտածենք մեր անելիքները, մեզանից ինչ է պահանջվում, ինչ պիտի անենք…»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930