Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ Է, ԻՍԿ ՈՄԱՆՑ ՄՈՏ՝ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՃԳՆԱԺԱՄ»

Հունվար 12,2000 00:00
Vladimir Nazaryan

Հանրապետությունում գերիշխող դարձած անընդհատ ճգնաժամային իրադրությունն այսպես որակավորեց իրավագետ Վլադիմիր Նազարյանը։

Ինչպես միշտ պրն Նազարյանը ինքնատիպ եւ հետաքրքրական է իր գնահատականներում։ Հոկտեմբերի 27-ի գործով իրականացվող նախաքննության եւ երկրի ներքաղաքական իրավիճակի շուրջ մեր զրույցում պրն Նազարյանը չդավաճանեց ինքն իրեն։ Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո տեղի ունեցած մեր առաջին զրույցում պրն Նազարյանը այն տեսակետն էր արտահայտել, թե սպանությունների ընդհանուր պատվիրատուն կոռումպացված պաշտոնյաներն էին։

Բավականին ժամանակ է անցել, եւ պրն Նազարյանն այս հարցի վերաբերյալ իր տեսակետը չի փոխել. «Այո, ընդհանուր պատվիրատուն կոռումպացված չինովնիկներն էին, որովհետեւ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը դուրս էին եկել նրանց վրա։ Եթե նույնիսկ արտաքին ուժերի միջամտություն կա, ապա դա կատարվել է տեղական ռեզիդենտների հրահանգով, հնարավոր է՝ համընկել են շահերը, բայց անողները ներսից են»։

«Հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը նորմալ եւ օբյեկտի՞վ է աշխատում» հարցին պրն Նազարյանը պատասխանեց. «Դա կանխավարկած է, պետք է ընդունես, որ օբյեկտիվ է, ես իրավունք չունեմ ասել, թե վերապահում կա։ Իրավունք չունենք առանց հիմք ունենալու ցեխ շպրտել։ Չի կարելի իրարանցում ստեղծել քննության շուրջը։ Ես անկեղծությամբ եմ ասում, Գագիկի տեղը լինեի, կտանեի կդնեի հանրապետության նախագահի դեմը (պրն Նազարյանը նկատի ունի հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունը- Մ. Ե.), կասեի՝ բարեւ ձեզ, ես գնացի։ Բայց նա այդ ընտանիքի հետ է կապված (պրն Նազարյանը նկատի ունի, որ Վազգեն Սարգսյանի ընտանիքը, Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքը հարեւաններ են եղել- Մ. Ե.), ես գիտեմ նրա թասիբը, նա ուզում է գործը բացել, հիմա ի՞նչ եք ուզում այդ մարդուց։ Կարո՞ղ եք՝ օգնեք, չե՞ք կարող՝ մի վնասեք։ (…) Հիմա ինչ, Տիգրան Նաղդալյանը վերջին ճշմարտության նախահայրն է, հա՞։ Ի՞նչ է եղել, հորդ տարիքի մարդու տեղը աթոռ ես դնում եւ իբր թե աթոռի հետ ես խոսո՞ւմ, որ Ռոբերտ Քոչարյանը անցնի՞։ Ու Հայաստանում որեւէ մարդ հավատում է, որ Քոչարյանը ընտրվե՞լ է նախագահ։ Իրենց մոտ կուլտուրայի ճգնաժամ է, իսկ ընդհանրապես՝ հանրապետությունում անկեղծության ճգնաժամ է»։

Վլադիմիր Նազարյանը ընդունում է երկու սկզբունք, «որոնք քույր ու եղբայր են՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը եւ նախաքննության գաղտնիության սկզբունքը»։ Իսկ վերջինս՝ նախաքննության գաղտնիությունը, սպասարկում է ամբողջ քննությունը. «Ես էլ գլխավոր դատախազ եմ աշխատել, մենք միշտ ձգտել ենք չկալանավորել, որովհետեւ որ կալանավորում ես, դրանով տեղյակ ես պահում մյուսներին, որ սրան արդեն վերցրել են, կարող է ինքը բացվի։ Դուք երբեք չմտածեք, թե քննչական խումբը ձգտում է կալանավորել։ Ճիշտ հակառակը, քննչական խումբը չի ուզում կալանավորել, ամեն մի կալանավորում դժվարացնում է քննչական խմբի աշխատանքը։ Ուրեմն այնպիսի իրեղեն, փաստացի ապացույցներ պետք է լինեն, որոնց առկայության պայմաններում պարզապես անհնար է չկալանավորել»։

Վլադիմիր Նազարյանին «զարմանք է հարուցում այն աղմուկը, որ ծագել է գործի նախաքննության շուրջը»։ Շատերը միաձայն պնդում են. «Մի բան ասեք, գոնե մի քիչ դինջանանք»։ Մեր կարծիքով, այս աղմուկի պատճառն այն է, որ մարդիկ պարզապես չեն հավատում, թե նորմալ քննություն կկատարվի եւ գործը կբացահայտվի, քանի որ, ցավոք, որեւէ գործի բացահայտման նախադեպը չունենք. «Ես համաձայն եմ ձեզ հետ հարյուր տոկոսով, ես հասկանում եմ ժողովրդի անհամբերությունը, չհավատալը, բայց, բոլոր դեպքերում, այդ չհավատալով յոլա գնալը հարյուր անգամ ավելի ճիշտ է, քան թե խելագար լինեն քննողները եւ վերցնեն բացատրություն տան»։

Այնուհետեւ պրն Նազարյանը Ազգային հեռուստատեսությանը մի լավ նախշեց վերջին օրերի պահվածքի համար. «Ես ժողովրդին հասկանում եմ, բայց չեմ հասկանում Ազգային հեռուստատեսության ղեկավարությանը։ Ազգային հեռուստատեսությունը, լինելով պետական, հակապետական գործունեություն է ծավալել»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31