Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷԻ, ՈՐ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ»

Հունվար 12,2000 00:00
Tigran Hakobyan

Թվում էր, տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանի ասուլիսը չպիտի այդքան բազմամարդ լիներ, եթե հաշվի առնենք, որ դրան բազմաթիվ հարցազրույցներ էին նախորդել եւ հրատապ շատ հարցեր արդեն իսկ պարզաբանվել էին։

«Ժուչոկները» լավ չեն աշխատում

Մինչդեռ դարձյալ հարց եղավ ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանի ձերբակալման հանգամանքների մասին։ Եվ եւս մեկ անգամ Տիգրան Հակոբյանը պատմեց, որ զինվորական դատախազն իրեն նախօրոք միայն Հարություն Հարությունյանի հետ զրուցելու մասին էր ասել. «Մեղադրանքներ եղան, որ ես գիտեի ձերբակալման մասին։ Թե ազգային սկաուտական շարժումն իր սեփական հետաքննությունն է կատարում կամ ավելի շատ տեղեկատվություն ունի՝ չգիտեմ, միգուցե իմ առանձնասենյակում «ժուչոկնե՞ր» են դրված։ Թող իրեղեն ապացույցներ ներկայացնեն՝ որտեղի՞ց գիտեն, որ ես նախօրոք գիտեի ձերբակալության մասին»։ Վստահեցնելով, թե ինքն այդ մասին չգիտեր՝ հակառակ դեպքում թույլ չէր տա, որ այդ գործողությունը վարչության շենքում անցկացվեր, Տիգրան Հակոբյանը նաեւ պատմեց, թե միջադեպից հետո վրդովվել է, բացատրություններ պահանջել զինդատախազից։

Կարեւոր հանգամանքը չէր վերանորոգվել

«Առավոտին» լուրեր էին հասել, թե ինչ որոշակի հիմք ունեին ՀԱՀ-ի եթերից հնչած սպառնալից ակնարկները հեռուստատեսության նախկին ղեկավարների ֆինանսատնտեսական խախտումների շուրջ բացահայտումների վերաբերյալ։ Հեռուստառադիոպետվարչությունը Տիգրան Հակոբյանի ղեկավարելու շրջանին է վերագրվում մի շարժական հեռուստակայան խիստ ցածր գնով վաճառելն ու երկու զուգարանների 25 հազար դոլար արժողությամբ վերանորոգումը։ Կտրուկ հերքելով, թե շարժական հեռուստակայան է վաճառվել, պրն Հակոբյանը հայտնեց, որ իր ժամանակ հեռուստատեսության տեխնիկական տնօրինությունը մի թղթակցական կետ է վաճառել՝ հանձնաժողովի միջոցով գնահատելուց հետո։ Զուգարաններ էլ չեն վերանորոգվել։ «Ցավոք,- ասաց Տիգրան Հակոբյանը։- Չնայած զուգարանների վերանորոգումը շատ կարեւոր հանգամանք եմ համարում պետական հիմնարկների համար»։ Իր դեմ «կոմպրոմատ» որոնողներին խորհուրդ տվեց ֆինանսական ստուգումներով չզբաղվել՝ անարդյունավետ է։ «Իմ մասին ամեն ինչ կարող են խոսել՝ դա նորմալ է։ Բացառում եմ այն ժամանակվա որեւէ ֆինանսական խախտում»։ Տիգրան Հակոբյանը վստահեցրեց, որ հակառակի մասին լուրերը իրազեկ մարմինների կողմից ժամանակին ստուգվելուց հետո շատ մարդիկ ստիպված են եղել իրենից ներողություն խնդրել։

Քարոզչական պատերազմի արահետներով

«Ես նույնիսկ այն հիստերիա կանվանեի,- Տիգրան Հակոբյանն այսպես որակեց ՀԱՀ-ի ծավալած քարոզարշավը։- Տրամաբանությունից դուրս է 27-ի դեպքերի հետաքննությամբ ձերբակալված մի հոգու շուրջ, որը նաեւ լրագրող չէ (հասարակական կարծիքի շատ հետաքրքիր մանիպուլյացիա եղավ) խոսել խոսքի ազատության սահմանափակման մասին»։

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետը երիտասարդ լրագրողներին քաղաքական խաղերի մեջ ներքաշելուն դեմ արտահայտվեց եւ որպես դրա առկա օրինակ մատնանշեց՝ «Ալինա Օրդյանը երիտասարդ լրագրող է եւ երբ որ մեր վարչությունը համեմատում է գեստապոյի եւ 37 թվականի շենքի հետ՝ չեմ կարծում, որ դա նրա օրիգինալ մտքերն են»։

Երեկ «Ա1+»-ի եթերում Տիգրան Նաղդալյանը հաստատեց, որ կիսում է այդ գնահատականները։ Նկատի առնելով պետական տարբեր լրատվամիջոցներ ղեկավարելու Տիգրան Հակոբյանի փորձառությունը՝ «Առավոտը» խնդրեց նրան գնահատել, թե արդյոք այս միակողմանի քարոզչությունը մի կենտրոնի՞ց չի ուղղորդվում։ «Ես համոզված եմ, որ մեկ կենտրոնից է։ Բայց այն ոչ պետական կառույց է»,- եւ հրաժարվեց որոշակիացնել։

Հեռացնել երկուսին էլ

«Իսկապես, Ազգային հեռուստատեսության հետ շատ դժվար է շփվել։ Եթե մենք անհամաձայնություն, մեր տեսակետներն ունենք՝ որեւէ իրավական հիմք չկա, որ թույլ կտա մեզ իրար հետ աշխատել,- խոստովանեց տեղեկատվության վարչության պետը։- Ես կարող եմ զանգահարել, խնդրել պրն Նաղդալյանին, որ ինձ մոտ գա։ Նա չի գալիս, չի բարեհաճում նույնիսկ պատճառները մատնանշել»։

«Առավոտը» փորձեց պարզել Տիգրան Հակոբյանի վերաբերմունքն այն հեռանկարի նկատմամբ, որ ուրվագծել էր ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը՝ միաժամանակ պաշտոնանկ անել ե՛ւ ՀԱՀ-ի տնօրենին, ե՛ւ տեղեկատվության ու գրահրատարակչության վարչության պետին. «Ես չգիտեմ՝ դա ե՞լք է, թե՞ չէ,- պատասխանեց պրն Հակոբյանը։- Եթե համապատասխան օրենսդրական կանոնակարգված դաշտ չլինի՝ նման հարաբերություններ նորից են կարող ծագել»։ Այնուամենայնիվ, հրաժարական տալու իր պատրաստակամությունը հայտնեց, եթե դա լիցքաթափի մթնոլորտը։

Կադրային անհնարին եւ հնարավոր փոփոխություններ

Տիգրան Հակոբյանը խոստովանեց. «Ես մեծ հաճույքով կփոխեի «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի խմբագրին, եթե իրավասու լինեի»։ Եվ պատճառաբանեց՝ թերթն անգրագետ ռուսերենով է լույս ընծայվում, ահռելի պարտքեր ունի, 60 % վերադարձ, ֆինանսապես սնանկ է. «Ոչ մի անգամ այդ վիճակում չի եղել։ Դա վատ կառավարման խնդիր է միայն»։

Խնդրեցին բացահայտել «Արմենպրեսի» հնարավոր տնօրենի անունը եւ Տիգրան Հակոբյանն այս պաշտոնի համար անհրաժեշտ չափանիշների շարքը (ոլորտին քաջատեղյակություն, մասնագետ, լավ կազմակերպիչ) ի վերջո այսպես ամփոփեց՝ «Ե՛վ սիրուն, ե՛ւ չբեր»։

Արձագանք էքսցեսներին

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետը մամուլին կշտամբեց, որ լռության մատնեցին Գագիկ Ծառուկյանի ծեծուջարդը «Հայկական ժամանակի» խմբագրությունում. «Գագիկ Ծառուկյանն այլ թերթեր ոտք չէր դնի, չէր համարձակվի։ Բայց քանի որ մենք ինքներս՝ լրագրողական ընտանիքը «բոմժի» կարգավիճակի մեջ ենք դրել «Հայկական ժամանակը»՝ (…) կարող են մտնել, ծեծել, ջարդել՝ արձագանքներ չեն լինի։ Դա միշտ բումերանգի պես վերադառնում է»։

Երբ «Առավոտն» էլ հետաքրքրվեց նախագահի աշխատակազմից միջնորդավորված եւ անուղղակի ճնշման հետեւանքով «Պրոմեթեւս» հեռուստաընկերության քաղաքական երկու հաղորդումների փակման մասին, Տիգրան Հակոբյանն ասաց, թե իրեն փոխանցել են Սեյրան Շահսուվարյանի բացատրությունները, որ ճնշում է գործադրվել. «Այո, դա կա։ Բայց չեմ կարծում, թե որեւէ մեկին այդ թեման հետաքրքրում է։ Չէ՞։ Թող փակեն, պրոբլեմ չկա»,- դարձյալ լրագրող-ընտանիքի անհետեւողականությունն ու անմիաբանությունը ակնարկեց պրն Հակոբյանը։

Հազիվ թե պատահականություն էր այն միջադեպը, որ տեղի ունեցավ այս ասուլիսից հետո։ Շատ մեղմ ասած, զարմանալի է լրագրողի աննախադեպ պահվածքը, որ տղայական բառապաշար է օգտագործում ասուլիսի ժամանակ եւ բռունցքներ թափահարում՝ իրեն դուր չեկած մեկնաբանությանն ի պատասխան։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31